Անտեսանելի վերակառուցում

Անտեսանելի վերակառուցում
Սանահինի վանական համալիրը զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից է: Հարյուրավոր օտարերկրացիներ են գալիս այստեղ. հավանում եւ ափսոսանք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված այս բացառիկ կառույցի օր օրի վատթարացող վիճակի համար:



 



 



Սանահինի խնդրով մտահոգ քաղաքացիներից եւ ուսանողներից ձեւավորվել է «Փրկենք Սանահինը կործանումից» քաղաքացիական նախաձեռնող խումբ, որի շրջանակներում փորձելու են որեւէ կերպ աջակցել Սանահինի վերականգնման աշխատանքներին: «Ամեն օր եկեղեցում նոր թափված քար կտեսնենք, փառք աստծո՝ դժբախտ պատահարներ տեղի չեն ունեցել: Եթե այսպես շարունակվեց, այս հուշարձանն արդեն ոչ թե մասնակի, այլ ամբողջովին վերակառուցման կարիք կունենա»,-ասաց նախաձեռնության կազմակերպիչներից ԵՊՀ ռեկտորի օգնական, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Մելքոնյանը: Նա մտահոգված է, որ չնայած եկեղեցին վերակառուցելու նպատակով մշակույթի նախարարությունը ծախսել է 18 միլիոն դրամ, սակայն հուշարձանի վրա աճող ծառերն այդպես էլ մնացել են, իսկ տարածքն անբարեկարգ վիճակում է: Եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց մենք կկորցնենք այդ հրաշալի վանական համալիրը: «Պետք է իրականացնենք կոնկրետ քայլեր ու մեր ներդրումն ունենանք հուշարձանի վերականգնման աշխատանքներին»: Մելքոնյանը տեղեկացրեց նաեւ, որ նախաձեռնող խումբը որոշել է ստեղծել Սանահինի վերականգնմանն աջակցող հիմնադրամ, որի միջոցով անմիջական ներդրում կունենան վանական համալիրի վերանորոգման հարցում: «Մեծ թվով գործարարներ, ինչու չէ՝ նաեւ հասարակ քաղաքացիներ որոշակի գումար կարող են ներդնել այս հուշարձանի փրկման համար»: Սանահինի խնդրի վերաբերյալ մենք հարցում էինք ուղարկել մշակույթի նախարարություն՝ փորձելով պարզել, թե մինչ օրս ինչ ծրագրեր են իրականացրել եկեղեցին բարեկարգելու համար:



 



Ի պատասխան մեր հարցմանը, մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Սանահին վանական համալիրի վերոնշյալ հուշարձանների վերականգնման-ամրակայման աշխատանքները մեկնարկել են 2012թ. երրորդ եռամսյակում: Հայաստանի Հանրապետության կառավարության 01.03.2012թ. N 244-Ն որոշմամբ` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով, «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի հետ 2012թ. հունիսի 25-ին կնքվել է 17 միլիոն 223 հազար 100 դրամ արժողությամբ պայմանագիր: Արդյունքում մասնակի վերականգնվել է համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցին (10-րդ դ.), հեռացվել  է պատերի բուսածածկը, քանդմամբ-վերաշարմամբ կամ նոր քարով փոխարինմամբ ամրակայվել եւ վերականգնվել են պատերի եւ ծածկասալերի առանձին հատվածներ: Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար, ներառյալ տեխնիկական եւ հեղինակային հսկողությունները, ՀՀ 2012թ. պետական բյուջեով հատկացվել է 18 միլիոն դրամ: Համալիրի վերականգնման նպատակով ՀՀ 2013թ. պետական բյուջեով հատկացվել է 22 մլն 500 հազար դրամ, որը նախատեսվում է ծախսել Սբ. Աստվածածին եկեղեցու (10-րդ դ.) նախագավթի եւ Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման եւ ամրակայման աշխատանքների իրականացման համար: Սանահին վանական համալիրի վերականգնման-ամրակայման ծրագիրը շարունակական է եւ ընդգրկված է նաեւ 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում:



 



Աննա  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ