Բացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը

Բացվեց ԴիջիԹեք բիզնես ֆորումը
Երևանում բացվել է «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը:

Կառավարության անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգայանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ՝ բավականին լուրջ առաջընթաց էր, երբ մենք Սիլիկոնյան հովտում բացեցինք ՀՀ ներկայացուցչությունը: Սիլիկոնյան հովտում արդեն գործում է կազմակերպված հայկական ՏՏ միություն, որն իր մեջ այսօր ներառում է 100-ից ավելի կազմակերպությունների, որոնք ցանկանում են համագործակցություն հաստատել Հայաստանի հետ: Մենք պարտավոր ենք օգտագործել այդ խողովակը, որպեսզի նոր թափ հաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը մեր երկրում»:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ «էլեկտրոնային կառավարություն» համալիր ծրագիրը, որն իրականացվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում Համաշխարհային բանկի հետ, լուրջ խթան է հանդիսանում այս ոլորտի զարգացման համար: Այնուհետև վարչապետը հիշատակել է մի քանի ծրագրեր, որոնք մեր քաղաքացիներին տվել են դրական, տեսանելի և շոշափելի արդյունքներ:



Մասնավորապես, Տիգրան Սարգսյանն առանձնացրել է ձեռնարկությունների պետական ռեգիստրում և կադաստրի համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրումը:

Կառավարության ղեկավարի տեղեկացմամբ՝ երրորդ ուղղությունը, որտեղ սկսվել է լայնածավալ ՏՏ-ի կիրառում՝ հարկային և մաքսային բնագավառն է, ինչը մի կողմից կրճատելով հարկ վճարողների շփումը այս ոլորտի աշխատողների հետ՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից՝ այդ համակարգը դարձնում թափանցիկ և վերահսկելի:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակն արդեն ներմուծվել է Հայաստան: Բարձր արտադրողականության, բազմաֆունկցիոնալ շուրջ 7500 ՀԴՄ-ներ, որոնք ունեն հսկողական բարձր հնարավորություններ, թույլ են տալիս ոչ միայն իրականացնել հաշվառում, ստանալ հաշվետվություններ, այլև քարտային վճարումներ, հուլիսի 1-ից առաջին հերթին կտրամադրվեն խոշոր բիզնեսին:

Միաժամանակ, սկսած 2014 թվականի հունվարի մեկից 60 հազար փոքր և միջին ձեռնարկություններ ևս հնարավորություն կունենան օգտվել այդ ՀԴՄ-ներից, ինչն էապես կբարելավի վարչարարությունը հարկային և մաքսային ոլորտում:

«Աշխատանքների հաջորդ ուղղությունը մեր շփումներն են մասնավոր հատվածի հետ: Կարևոր է, որ մենք մշտապես ձեզնից ստանանք ազդակներ, թե ՀՀ-ում ինչ հանգամանքներ կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և կառավարությունն ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր լինի ու ՏՏ ոլորտը թափով զարգանա: Այդ տեսակետից, մենք նաև մեծ հույսեր ենք կապում այս բիզնես ֆորումի հետ ու մեծ ուշադրությամբ հետևում բոլոր քննարկումներին ու առաջարկություններին: Ցանկանում եմ հավաստիացնել, որ ՏՏ ոլորտը կառավարության առաջնահերթություններից մեկն է: Սա հաջողված պատմություն է մեր պետական ծրագրերի իրականացման բնագավառում, քանի որ ակնառու են արդյունքները: Մենք պարտավոր ենք այս ձեռքբերումների հիման վրա երաշխավորել ու ապահովել ավելի բարձր աճի տեմպեր, քանի որ ՏՏ-ի սերտաճումը բոլոր բնագավառների հետ մեզ դարձնելու է ավելի մրցունակ պետություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հիշեցրել է, որ նախորդ տարի ինքը վարչապետ Սարգսյանի հետ ԱՄՆ-ում մասնակցել է ԱրմԹեք համաժողովին և նշել, որ այդ համաժողովը ամերիկյան և հայկական ընկերությունների սերտ համագործակցության լավ օրինակ է: «ԱՄՆ-ի ընկերությունները Հայաստանում բավականին ակտիվ են: Շատ կարևոր է, որպեսզի ՏՏ ընկերությունները և տնտեսության մյուս ճյուղերը փոխկապակցվեն: ՏՏ ոլորտը լավ աշխատանք է կատարում և նրա արտադրության 40 տոկոսն իրացվում է երկրի ներսում, ինչը լավ ցուցանիշ է նաև էլեկտրոնային կառավարման առումով»,- ասել է Ջոն Հեֆերնը:

ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցում են 62 կազմակերպություններ, որոնցից 43-ը տեղական, 19-ը՝ արտասահմանյան՝ ամերիկյան, ռուսական, սինգապուրյան, վրացական, իտալական, ուկրաինական և այլն: