Բաց նամակ ամերիկյան դեսպանին

Բաց նամակ ամերիկյան դեսպանին
Հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկը, որը ֆինանսավորվում է արեւմտյան կենտրոններից եւ բացահայտ հակառուսական հիստերիա է տարածում Հայաստանում՝ մեր երկրում ագրեսիվորեն արեւմտյան «արժեքներ» սերմանելով, այսօր հրճվանքի մեջ է ընկել:



 



Բանն այն է, որ այդ ԶԼՄ-ի վաշինգտոնյան շեֆերից մեկը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը, կրկին անցել է դիվանագիտական էթիկայի, դեսպանական լիազորությունների սահմանները եւ հերթական անգամ մատ է թափ տվել Հայաստանի կառավարության վրա:



 



Մեջբերենք հրճվանքից մի հատված.



 



«Հայաստանում «Դիջիթեք բիզնես ֆորումի» բացմանը, որը Հայաստանում իրականացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, մասնակցել եւ բավական հետաքրքրական հայտարարություն է արել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հեֆերնն իր ուրախությունն է հայտնել ՏՏ ոլորտի ֆորումի կապակցությամբ՝ ասելով, որ արդեն երրորդ տարին մշտապես ուրախությամբ է մասնակցում «Դիջիթեք բիզնես ֆորումին»: Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ դեր ունի Հայաստանում ոլորտի զարգացման գործում, քանի որ ամերիկյան ընկերությունները ակտիվ աշխատում են հայ գործընկերների հետ: Միեւնույն ժամանակ, դեսպան Հեֆերնը բավական հետաքրքրական հայտարարություն է արել ոլորտի հանդեպ կառավարության քաղաքականության մասին:



 



«Ուզում ենք, որ ՏՏ ոլորտում կառավարությունը հեռու մնա, ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների հետ, եւ կառավարությունը չհայտնվի մեր ճանապարհին»,- ըստ news.am-ի հայտարարել է Ջոն Հեֆերնը «Դիջիթեք բիզնես ֆորումի» բացմանը:



 



Ըստ ամենայնի, ԱՄՆ դեսպանը հույսը կտրել է Հայաստանի իշխանությունից, որ այդ իշխանությունը կարող է որեւէ լավ բան անել Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: Եվ հիմա ընդամենն ակնկալվում է, որ իշխանությունը գոնե չխանգարի»:



 



Այնուհետ պարբերականը վերլուծում է դեսպանի միտքը. «Հետեւաբար, ՏՏ ոլորտում դեսպանի համար տրամաբանորեն ցանկալի է, որ իշխանությունը չմիջամտի: Դա արդեն իսկ զգալիորեն բավարար է զարգացման կայուն ընթացքը պահպանելու համար:



 



Ըստ ամենայնի, ԱՄՆ դեսպանն ակնարկում է, որ եթե կառավարությունն անի իրենից հասանելիքն ու չմիջամտի, ապա մնացածը կանի ինքը: Բանն այն է, որ նա վերջին շրջանում բավական ակտիվորեն ձեռնամուխ է Հայաստան նոր ներդրումներ ներգրավելու գործին: Ընդ որում, խոսքը նաեւ նոր որակի ներդրումների մասին է, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ միջավայր ստեղծել Հայաստանի հիմնական հարստության՝ մարդկային մտավոր պոտենցիալի դրսեւորման համար»:



 



Այստեղ ուղղակի զարմացնում է այն, թե ինչու են Հայաստանում ուրախանում, որ ամերիկյան դեսպանը «մնացածը կանի ինքը»:



 



Մենք ունենք ընդամենը մեկ հարց (թեեւ հարցերը բազմաթիվ են).



 



Հարգելի դեսպան Հեֆերն,



 



Իսկ չե՞ք կարծում, թե որքան հեռու մնաք մեր ներքին հարցերից, այդքան լավ կլինի Հայաստանի համար: Չե՞ք կարծում, որ Ձեր երկիրը մահ ու ավերածություն է տարածում աշխարհով մեկ` Լիբիայում,  Իրաքում, Սիրիայում: Չե՞ք կարծում, որ մենք իրավունք ունենք ուղղակի չցանկանալ, որ մեր երկիրը Դուք դարձնեք լիբիական, իրաքյան, աֆղանական, ղրղզական դեմոկրատիաների տիպի մի բան:



 



Լրատվամիջոցներին խնդրում ենք տպագրել մեր նամակը:



 



ՀՀ մի խումբ քաղաքացիներ