Գործազրկություն

Գործազրկություն
Ամենաչարչրկված եւ ամենաարծարծված թեմաներից մեկը, որի գերկարեւորությունից ելնելով, ավելորդ չի լինի եւս մեկ անգամ անդրադառնալ դրան: Գործազրկության թեմային`  լինելով հույժ կարեւոր թեմաներից մեկը, այնքան շատ է անդրադարձ կատարվել, որ իշխանությունների ակաջները` մի տեսակ կարծես ընտելացել են դրան եւ այն դարձել է երկրորդական պլանի թեմա, որին փաստացի այսպիսի մոտեցում է ցույց տրվում. «իհարկե, դա շատ կարեւոր հարց է, բայց դե…»:



 



Այնպես որ, պետք է շարունակաբար` առանց դոզան թուլացնելու, Հայաստանի իշխանությունների ականջներին մշտապես շշնջալ դրա գերկարեւորության, այդ հարցում պետության պարտավորության մասին եւ ցուցաբերել մշտական վերահսկողություն` այդ հարցի լուծման ընթացքի վերաբերյալ: Կարծում եմ, Հայաստան երկրում այսօրվա տիրող իրավիճակի հիմնական պատճառներից մեկն էլ հենց գործազրկությունն է: Գաղտնիք չէ, որ ամեն երկիր ուժեղ է իր ժողովրդով, իսկ ժողովուրդն ուժեղ է, երբ կարողանում է իր աշխատանքով ստեղծել առատ բարիքներ, որը մեծ լիցք է հաղորդում երկրի ամեն բնակչին եւ հավաքական առումով` երկրին: Իսկ, թե մարդու համար ինչ է աշխատանքը եւ ինչ է նշանակում աշխատանք կորցնելը, հասկանալի է բոլոր-բոլորին:



 



Վայ սեփականաշնորհումից հետո, պետության կողմից օբյեկտների սեփականատերերին որեւէ պահանջ չներկայացվեց այն մասին, որ դրանք պետք է գործեն որպես աշխատանքի եւ բարիքների արտադրության աղբյուրներ, այլ ոչ թե դրանց տարածքները պետք է ծառայեն` լոկ որպես հացաբուլկեղենի եւ քաղցրավենիքի թխման արտադրամասեր: Խորհրդային պլանային համակարգի փլուզումից հետո, սեփականաշնորհման (բացառությամբ Բելոռուսի հանրապետության) համարյա նույն մոդելի կիռառումից հետո, ոչ միայն Հայաստանում, այլեւ նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում շատ ցավոտ ու առաջնային խնդիր դարձավ գործազրկության հարցը: Վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւս նպաստեց գործազրկության աճին` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այսպիսի կրիտիկական իրավիճակում, իշխանությունները փոխանակ` մշտապես իրենց ուշադրության կենտրոնում պահեն գործազրկության հարցը եւ ուղիներ փնտրեն այն աստիճանաբար մեղմելու համար, ընդհակառակը` պետության, երկրի եւ ժողովրդի համար այսքան հույժ կարեւոր հարցը համարյա թողել են բախտի քմահաճույքին:



 



Անվիճելի է, որ ժողովուրդը շատ մեծ ոգեւորությամբ ու համբերությամբ կզինվի, եթե աշխատանքի ընդունվելու համար հստակ համակարգ ներդրվի եւ գործի: Իհարկե, ինչպես ամենուրեք, այստեղ եւս չի կարելի իդեալական արդյունքներ ակնկալել,  սակայն բացառությունները եւս պետք է ենթարկվեն որոշակի տրամաբանության, այլ խոսքով` տեղավորվեն որոշակի սահմանների մեջ: Պետք է ամեն ինչ արվի, որ առաջին հերթին աշխատանքի տեղավորվեն պարկեշտ, խելացի, պրոֆեսիոնալ մարդիկ եւ վերեւներից` այդպիսի հարցերում արվող  միջնորդություններն էլ` քանակային առումով պետք է աստիճանաբար նվազեն: Եթե այս գերկարեւոր հարցում հստակ համակարգ չներդրվի (կներեք օգտագործվող բառիս համար, սակայն քաղծառայության համակարգն ընդամենը երազախաբային համակարգ է) եւ եթե համապատասխան պաշտոնյաների կողմից այդ հարցերին հստակ ուշադրություն չդարձվի, ապա մարդկանց մի որոշակի զանգված էլ երկիրը լքելու է հենց այդ պատճառով: Բնավ չցանկանալով նվաստացնել ուրիշ ազգերին, չենք կարող նաեւ չշեշտել, որ հայի համար արժանապատվությունը շատ բարձր կատեգորիա է եւ բնական է, որ աշխատատեղերի բաշխման ժամանակ մասնագետ, խելացի, պարկեշտ մարդիկ` սովորաբար իրենց ավելի համեստ են պահում եւ չեն փորձում ամեն գնով` «նպատակն արդարացնում է միջոցները»սկզբունքով տիրանալ թափուր աշխատատեղերին:



 



Նույնիսկ մասնավոր սեկտորում, որտեղ  սեփականատերն ինքն է որոշում կադրային հարցերը, շատ հաճախ` հիմնականում գործում է կադրերի ընտրության պետականին նմանվող  մոդել, այն է` նրանք հիմնականում աշխատանքի են ընդունում ոչ թե սկզբունքային, խելացի, պրոֆեսիոնալ աշխատողների, այլ հեշտ կառավարվող, ոչ շատ գրագետ մարդկանց, ովքեր հետագայում հեշտորեն կենթարկվեն իրենց: Կույրին անգամ տեսանելի է, որ մեր երկրի երկու սֆերաներում էլ` պետական եւ մասնավոր, ղեկավարներին եւ սեփականատերերին առաջին հերթին ձեռնտու են իրենց կուրորեն ենթարկվող եւ նվիրված մարդիկ: Եթե սրան էլ ավելացնենք, որ աշխատունակ բնակչության քանակի համեմատությամբ` աշխատատեղերի թիվն էապես փոքր է, ապա պարզից էլ պարզ է դառնում, որ ոչ բոլոր նորմալ, սկզբունքային, պարկեշտ, պրոֆեսիոնալ մարդիկ աշխատանքի շանս կունենան, որի պատճառով նրանց շատ հաճախ մի ճանապարհ է մնում. աշխատանք որոնել երկրից դուրս: Եվ եթե գործազրկությանն էլ ավելացնենք երկրում տիրող  բացահայտ անարդարությունները, վաղվա օրվա եւ ընդհանրապես հեռանակարի նկատմամբ հավատի բացակայությունը, որը մարդկանց` իրենց հողին կապող վերջին հույսն է, ապա պարզ է դառնում, թե ինչքան երերուն է դառնում մարդկանց` չարտագաղթելու եւ աշխատանք գտնելու հույսով երկրում մնալու հավանականությունը:



 



Այսքանից հետո, մարդ արարածի համար`  հատկապես անաշխատանք վիճակում շատ դժվար է կառչել ու պաշտպանել իր հողը, իր երկիրը: Եթե մարդկանց մոտ արդեն հույսն ու լավատեսությունն են մեռնում, այդ դեպքում նա ի±նչ ոգու ուժով պետք է իրեն կապի երկրին եւ հույսով սպասի լավ օրերի: Իսկ, որ արտագաղթի համար ամենապարարտ հողըª հենց գործազրկությունն է, որեւէ մեկի համար վիճարկման ենթակա չէ:



 



Այժմ փորձենք բարձրաձայնել` այս վիճակից դուրս գալու ելքերից մի քանիսի մասին.



 



ա/. Պետության համար գերակա շահ ճանաչել պետական եւ մասնավոր ոլորտներում աշխատատեղերի ավելացման հարցը;



 



բ/. Գործազրկության աճը` որպես «ազգային անվտանգությանն  սպառնացող թիվ 1 վտանգ» պետական հայեցակարգի մշակում եւ ներդնում;



 



գ/. Գործազրկության նվազեցմանը նպաստող հստակ համակարգի ներդնում;



ե/. Մարդկանց բարոյա-հոգեբնական վիճակի փոփոխության, ապագայի նկատմամբ հավատի վերականգնման ուղղությամբ հիմնավոր հայեցակարգերի ներդնում;



 



զ/. Պետության կողմից էական աջակցություն փոքր ու միջին բիզնեսին` աշխատատեղերի ընդլայնման քաղաքականության իրականացման ուղղությամբ;



է/. Պետության կողմից` համապատասխան օրենսդրական փաթեթների կատարելագործում` հիմնականում փոքր ու միջին արտադրությունների ներդրման եւ զարգացման համար:



 



Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ