Քոչարյանի «խորհրդավոր» այցը Արցախ

Քոչարյանի «խորհրդավոր» այցը Արցախ
Օրերս մամուլում տեղեկատվություն հրապարկվեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արցախ եւ հանդիպումներ ունեցել Արցախի ղեկավարության հետ: Այս տեղեկությունն «Արմինֆոյի» հետ զրույցում հաստատել էր Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ հայտարարելով, որ դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ Քոչարյանը պարբերաբար այցելում է Արցախ: Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակից փորձեցինք ճշտել, թե Քոչարյանն ում հետ է հանդիպել, ինչ հարցեր են քննարկվել, եւ, ընդհանրապես, ինչ բնույթ է կրել նրա այցը, քանի որ Վիկտոր Սողոմոնյանը մեր զանգերին չէր պատասխանում: Դավիթ Բաբայանն ասաց, որ իրենք ոչ մի նման այցից տեղյակ չեն: Դուք տեղյա՞կ չեք, թե նա ում հետ է հանդիպել՝ հետաքրքրվեցինք մենք: «Ես նման հանդիպումից տեղյակ չեմ: Մենք, համենայնդեպս, այդպիսի տեղեկություն չունենք: Եթե նման այց լիներ, մենք անպայման կտեղեկացնեինք, հաղորդագրություն կտարածեինք»,-ասաց Դավիթ Բաբայանը: