Քաղաքական խորամանկություն

Քաղաքական խորամանկություն
Ազգային ժողովում աշխատող լրագրողներին արդեն գրեթե չի զարմացնում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «հայտնությունը» մարդամեջ։ Ավելի հաճախ, երբ այդ մարդը «քսվում» է լրագրողներին, նրանից հարցազրույց վերցնելու փորձեր են արվում, ինչն ինքը մերժում է։ Սակայն յուրաքանչյուր քառօրյայի բոլոր օրերին նա անպայման մոտենում է լրագրողներին, ողջունում, «հալ ու հարաքյաթ» հարցնելով՝ մտնում նիստերի դահլիճ։



Ինձ թույլ տամ վերլուծել Ալեքսանյանի այս վարքը, քանի որ ինքն ամենաքիչը կապ ունի իր «հայտնությունների» հետ։ Ազգային ժողովում այսօր արդեն լրագրողներին մատչելի են դարձել նաեւ Ալեքսան Պետրոսյանը եւ Առաքել Մովսիսյանը։ Որոշ դիմադրությամբ՝ կես բառից մինչեւ մեկ բառ խոսում են նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը։ Առայժմ դիմադրում են միայն Նահապետ Գեւորգյանը, որը դեռեւս տեսախցիկը «տելեվիզըրից» չի տարբերում, եւ հանրապետության ամենահեղինակավոր աներձագը՝ Ռոբերտ Սարգսյանը, որը նույնիսկ նիստերի դահլիճում հրապարակային կես բառ չի ասել։ Եվ ուրեմն, ի՞նչ հաշիվ են Սամվել Ալեքսանյանի քառօրյա «հայտնությունները»։ Ըստ իս, իշխանությունն Ազգային ժողովում իր ամենամերժելի կերպարներին լրագրողների համար ձանձրալի դարձնելու օպերացիա է մշակել։ Եվ այդ օպերացիայի իրականացումն սկսել են դեռեւս 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի սկզբից։ Այսինքն, 2-րդ նստաշրջանում Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի «ծնոտը պոկելու» խայտառակ մղումից հետո։ Այնպես չէ, որ Մհեր Սեդրակյանն անմատչելիներից էր, սակայն քմահաճ էր հարցազրույցներ տալիս։ Հիմա նա նույնպես այդ օպերացիայի մի մասն է։ Եվ պետք է ասել, մարդը պատվով է կատարում իր գործը։

Ի դեպ, հիմա Սամվել Ալեքսանյանը, Մանվել Գրիգորյանը կամ Մհեր Սեդրակյանն ավելի մատչելի են Ազգային ժողովում աշխատող լրագրողներին, քան ԲՀԿ-ական պատգամավորները։ Դիցուք, Վահե Հովհաննիսյանը ոչնչով չի զիջում Տարոն Մարգարյանի աներձագին։ Իսկ ահա Գագիկ Ծառուկյանը մատչելիություն է խաղում միայն քառօրյաների առաջին օրը, այն էլ պատգամավոր-թիկնապահների խրոխտ հսկողության տակ, որոնք գիտեն, թե երբ կանգնեցնել առաջնորդին։ Այսինքն, ԲՀԿ-ն իր օպերացիան չունի լրագրողների համար ձանձրալի դառնալու, այսինքն, լրագրողներին զզվացնելու։ Այստեղից ենթադրվում է, որ ԲՀԿ-ն այսօր իր տակ ավելի շատ «կեղտեր» ունի, քան նույնիսկ Սամվել Ալեքսանյանը։ Պարտադիր չէ, որ այդ «կեղտերի» տակ քրեական ինչ-որ բան հասկացվի, դրանք կարող են լինել զուտ քաղաքական։

Քաղաքական խորամանկությունն այն է, որ ՀՀԿ-ի քրեական կերպարներն իրենց վրա են վերցնում ներքաղաքական կյանքի կազմակերպումը լրատվամիջոցների համար, մեկնաբանում են ՀՀԿ-ական այս կամ այն քրեական գործչի արարքները, դիցուք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի, իսկ իրենք այդ ընթացքում ոչնչացնում են երկիրը զուտ քաղաքական գործողություններով։ Հետո, երբ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը հետ կքաշվեն, երկիրը ոչնչացնելու բոլոր գործողություններն արդեն ավարտված կլինեն։ Հասկանո՞ւմ եք, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն այսօր ավելի քիչ բան ունի ասելու «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու դրդապատճառների մասին, քան Սամվել Ալեքսանյանն իր կնոջ մասին։ Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի կարող ասել, թե ինչը նկատի ուներ տարվա սկզբին, երբ ասում էր, որ «հուլիսի 1-ից շոշափելիորեն կբարձրանան նվազագույն աշխատավարձերը»։ Չի կարող ասել եւ վերջ։ Երկրում չկա մի քաղաքական գործիչ, որ կանգնի եւ հստակ ասի՝ այո, ուզում ենք մտնել Մաքսային միություն, եւ Հայաստանի հերն էլ անիծած։ Փոխարենը Փակ շուկան դեռ կարելի է դարձնել բերանի ծամոն, իսկ Սամվել Ալեքսանյանն էլ խնդիր չունի մեր աջակցությամբ այդ «ծամոնը» ծամելու։ Բայց հիմնականն այն է, որ ոչ միայն թաքցնեն Մաքսային միությանը միանալու հանցավոր ծրագրերը, այլեւ լրագրողների համար էժանացնեն Սամվել Ալեքսանյանին, որ մինչեւ ձանձրանանք նրա եւ մյուս «ինտելեկտուալների» ներկայությունից, քաղաքական մյուս հարցերը դառնան անիմաստ։



Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ