Ծառուկյանին սպորտի նախարարության շենքի մյուս կեսն էլ է պետք

Ծառուկյանին սպորտի նախարարության շենքի մյուս կեսն էլ է պետք
ԲՀԿ-ական մամուլը եւ ԲՀԿ-ական պատգամավորները երրորդ շաբաթն է՝ կորցրել են քուն ու դադար, նրանք ցանկանում են բացահայտել, թե ինչ իրավական հիմքով է աշխատանքից ազատվել կամ այլ աշխատանքի տեղափոխվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը:



 



ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, ով ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովը, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը եւ ուրիշներ արդեն 20 օր շարունակ հարցնում են. ո՞ւր է կառավարության այն նիստի տեսագրությունը, որտեղ վարչապետը հայտարարեց, որ Էլոյանն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: ԲՀԿ-ականներն ուզում են ապացուցել, որ խախտվել է քաղծառայող Վահե Էլոյանի իրավունքը, եւ նրան աշխատանքից ազատել կամ այլ աշխատանքի են տեղափոխել առանց իր կամքը հաշվի առնելու, առանց սեփական դիմումի:



 



Իսկապես, Վահե Էլոյանն աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դիմում չի ներկայացրել, եւ նրան այլ աշխատանքի, մասնավորապես նախարարի օգնականի պաշտոնին տեղափոխելը տեղի է ունեցել առանց նրա գիտության, ինչն օրենքի խախտում է: Բայց սա խնդրի միայն մի կողմն է՝ արտաքին կողմը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Կառավարության հայտնի նիստից առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը խոսել է Էլոյանի հետ՝ նրան առաջարկելով այլ աշխատանք նախարարությունում: Էլոյանը համաձայնել է եւ նիստից առաջ Վարդանյանին տեղեկացրել, որ ինքը գտնվում է կառավարությունում ու սպորտի եւ երիտասարդության հարցերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին դիմում է գրում: Յուրի Վարդանյանն էլ, վստահելով Էլոյանի բանավոր հավաստիացմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ Էլոյանը ցանկանում է սեփական դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնել: Կառավարության նույն նիստի ժամանակ, երբ քննարկվել է Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը, Յուրի Վարդանյանը հայտնել է, որ Էլոյանը շարունակելու է աշխատել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում:



 



Նիստից հետո պարզվել է, որ Էլոյանը ոչ միայն դիմում չի գրել, այլեւ դիմել է ԲՀԿ-ական մամուլին եւ պատգամավորներին՝ իր խախտված իրավունքները պաշտպանելու համար: Թե ինչու է Էլոյանը խաբել նախարար Վարդանյանին, դժվար չէ կռահել. նրան ուղղակի ասել են, որ պետք է այդպես վարվել: Գուցե հատուկ հաշվարկելով դրա հետեւանքները: 2007թ.-ից, երբ ԲՀԿ-ն մտավ իշխանական կոալիցիա, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հանձնվեց ԲՀԿ-ին: Ավելին, չնայած Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն Հայաստանին ընդհանրապես պետք չէ, փաստն այն է, որ այդ նախարարությունն ստեղծվել է հենց Ծառուկյանի համար՝ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի եւ մշակույթի նախարարության երիտասարդության հարցերի վարչության միաձուլման արդյունքում: 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո սպորտի նախարարությունը մնաց ԲՀԿ-ի վերջին հենարանն իշխանությունում, որը, սակայն, ԲՀԿ-ն կորցրեց նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու արդյունքում: ԲՀԿ-ում մտածում էին, որ կարելի է կորցնել նախարարի պաշտոնը, բայց եթե այնտեղ մնան իրենց կադրերը, միեւնույն է՝ նախարարությունը կշարունակի ծառայել իրենց: Վահե Էլոյանի պաշտոնազրկումը նշանակում էր, որ ԲՀԿ-ն վերջնականապես կորցնում է սպորտի նախարարությունը, եւ այն, ինչին մենք ականատես ենք, այդ ցավի դրսեւորումն է:



 



Առանց Գագիկ Ծառուկյանի անձնական ցուցումի ոչ Վահան Բաբայանը եւ ոչ էլ առավել եւս Էլինար Վարդանյանը ԱԺ ամբիոնից հայտարարություններ չէին անի ի պաշտպանություն Վահե Էլոյանի: Հայաստանում ամեն օր տասնյակ եւ հարյուրավոր մարդկանց աշխատանքային իրավունքներ են խախտվում, բայց մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն անտարբեր է դրանց նկատմամբ, քանի որ չկա վերեւի հրահանգը: Իսկ սպորտի նախարարությունը ԲՀԿ առաջնորդին դեռ պետք է: Ավելի ճիշտ՝ ոչ թե նախարարությունը, այլ դրա տարածքը: Չէ՞ որ այն գտնվում է Երեւանի ամենաթանկ հատվածում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում: Ժամանակին Գագիկ Ծառուկյանին տրվեց այդ շենքի վրա բնակելի շենք կառուցելու իրավունքը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հատվածը կառուցելու պայմանով: Եվ հիմա այդ էլիտար շենքն ամենաթանկերից մեկն է Երեւանում, իսկ առաջին հարկում էլիտար խանութներ են գործում: Շենքի կիսանկուղային հարկում լողավազան էր գործում, որի տեղում կառուցել է մարզահագուստի խանութ՝ հազարավոր երեխաների զրկելով այս մարզաձեւով զբաղվելու հնարավորությունից: Առաջարկը՝ վերացնել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, կարող է մի բան նշանակել՝ շենքի այդ հատվածը եւս իրենով անել: