Օլիգարխից հանրային մարդ շինելը հեշտ գործ չէ

Օլիգարխից հանրային մարդ շինելը հեշտ գործ չէ
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները մամուլի հետ ոչ մի կերպ չեն կարգավորվում: Իր հայհոյախառն արտահայտություններով, սրան-նրան պատժելու եւ հղիացնելու սպառնալիքներով, անզուսպ պահվածքով նա միշտ զավեշտի առարկա է եղել ԶԼՄ-ների համար,  «տժժալու» թեմա:



 



Հավանաբար, զգալով սա եւ մանավանդ «Հարսնաքարի» դեպքերից հետո  ֆուտբոլային օլիգարխն ուղղակի մամուլաֆոբիա է ընկել: Ազատ լրագրողները ՀՖՖ նախագահի համար սեւ կատու են դարձել, եւ նա ամեն ինչ անում է, որ հանկարծ ոչ մի ազատ լրագրող իր առաջ չկտրի: Ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացից տեղյակ եւ մամուլի ազատության մասին տեսական եւ բարոյախրատական հոդվածներ գրող իմիջմեյքեր Արայիկ Մանուկյանն անում է անհնարը՝ օգնում է շեֆին փախչել լրագրողներից եւ միաժամանակ լինել հանրային մարդ: Նա կիսագրագետ օլիգարխի համար ՖԲ-ում էջ է բացում, նրա հանդիպումներն է կազմակերպում ԶԼՄ-ների յուրային եւ կանխատեսելի հատվածի հետ, շեֆին պարբերաբար վճարովի «եթերի» է ուղարկում Հ1՝ ֆուտբոլից խոսելու: Ի դեպ, սա Հ1-ի ամենաանհետաքրքիր, բայց եկամտաբեր հաղորդաշարն է, որը կոչվում է «Լրացուցիչ ժամանակ», եւ որի տակ հաճելի է բազկաթոռում ննջել: Այդ «գռդոն»-հաղորդումը վարողները լուրջ դեմքով եւ կեղծ հետաքրքրասիրությամբ ժամերով լսում են Հայրապետյանին, քթի մեջ արտաբերած նրա անհոդաբաշխ նախադասությունները, եւ նայողին թվում է, թե այս հաղորդումը երբեք չի ավարտվի:



 



Երեկ հնարամիտ իմիջմեյքեր Մանուկյանը ՀՖՖ նախագահին հանրային դեմք սարքելու նոր ձեւ կիրառեց՝ հանդիպում կազմակերպեց ՖԲ օգտատերերի հետ: Հանդիպման ժամանակ, ինչպես եւ պետք էր շեֆին, միայն ֆուտբոլային հարցեր են հնչել: ՀՖՖ նախագահը ներկայացրել է, թե հավաքականի որ ֆուտբոլիստից կամ մարզիչից է գոհ, ումից՝ դժգոհ ու պատժելու է նրան, ով աստղային հիվանդություն ունի: Մի խոսքով, պահել է իրեն իբրեւ իշխանիկ սեփական կալվածքում, օտար աչքից հեռու: Նեմեցի քարտուղարուհիներն ու կոֆե սարքողներն էլ ուշադիր հսկել են դուռը, որ «վիրտուալշչիկների» եւ շեֆի հանդիպմանը ոչ մի սեւ կատու հանկարծ ներս չսողոսկի: Տեսնելով «Հրապարակի» լրագրողիս, որ գալիս է խռովելու օլիգարխի մերձեցումը ֆուտբոլասերների հետ, Արայիկ Մանուկյանը դոշով փակեց դուռը: Ասացինք, որ մենք էլ կանք ՖԲ-ում, բայց նա պատասխանեց, որ հանդիպումը, ավաղ, կազմակերպված է միայն սպորտային բլոգերների համար, եւ զրույցը բացառապես մասնագիտական է լինելու:



 



Փաստորեն, Հայաստանում սպորտային բլոգերներ էլ կան: Հետագայում, իհարկե, պարզեցինք, որ լրագրողներ ներսում այնուամենայնիվ եղել են: Իհարկե, յուրայիններ, որոնք ոչ թե գրում, այլ սրբագրում են օլիգարխի ասածները: Ինչեւէ, ներում ենք եւ աշխատում ենք մեծահոգաբար վերաբերվել իմիջմեյքերներին: Չէ՞ որ մենք կգնայինք, կզվարճանայինք, իսկ նա եւ կոֆե դնողները մեզ ներս թողնելու համար գուցե եւ պատժվեին: Ասենք, մոխրաման նետվեր նրանց ուղղությամբ կամ մի որեւէ հայհոյանք, ինչի համար մեզ չէինք ների: Օլիգարխից հանրային մարդ շինելը հեշտ գործ չէ: