Պաշտպանը հերթական անգամ հերքում է

Պաշտպանը հերթական անգամ հերքում է
ՄԻՊ-ը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի  ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա անդրադարձել է Կարեն Անդրեասյանի ու Խաչիկ Ստամբոլցյանի միջև «Խտրականության մասին» օրինագծի շուրջ առաջացած վիճաբանությանը: Պաշտպանի տարածած հայտարարության մեջ ասված է. «Բավարարելով Հովսեփ Խուրշուդյանի հետաքրքրությունը հայտնում ենք հետևյալը. արդեն մեկ անգամ Պաշտպանի աշխատակազմը պաշտոնապես բացահայտել և հերքել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից տարածած ստերը: Վերջին անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Խաչիկ Ստամբոլցյանը ստեր և հերհյուրանքներ է տարածում Պաշտպանի և իր աշխատակազմի հասցեին՝ աղավաղելով իրականությունը: Իրականությանը համապատասխանում է, թերևս, միայն այն, որ Պաշտպանն իրոք ընդունել է Խաչիկ Ստամբոլցյանին, ինչպես ընդունում է հարյուրավոր տարբեր բնույթի և տարբեր խնդիրներով քաղաքացիներին»:



Հիշեցնենք, որ Հովսեփ Խուրշուդյանը սոցցանցի իր էջում գրել էր. «Շուրջ մեկ շաբաթ առաջ Կենտրոն ԹՎ-ի «Հայկական ուրբաթ» ծրագրի եթերում (նոր աչքովս ընկավ) հայոց մեծն ինկվիզիտոր Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարեց, որ ՄԻՊ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Խտրականության մասին» օրենքի նախագծի հարցով խոսել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ:



Վերջինը իբր ասել է մոտավորապես, թե երախտագետ կլինի իրենից՝ ԽՍ-ից, եթե նրա պայքարի արդյունքում այդ օրենքը չընդունվի: Հիմա անկախ օրենքի բովանդակությունից (իսկ իմ կարծիքով այն ոչ թե պարզապես անշառ է, այլ կարևոր է հենց մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսակետից եւ ընդունման ենթակա), եթե ԽՍ-ը ստում է, ապա ՄԻՊ-ը պետք է պաշտոնապես հերքի ԽՍ-ի ասածը: Իսկ եթե ԽՍ-ը ճիշտ է ասում և, այդ դեպքում, դուրս կգա, որ Կարեն Անդրեասյանը ստիպված է ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանում, և ուրեմն ՄԻՊ-ը պետք է հրաժարական տա և անցնի ուժ և տոկունություն չպահանջող, ավելի հանգիստ գործի»: