Ժողովուրդը շվարած է մնացել՝ երկիրը թալանվում է, ու՞մ դիմի…

Ժողովուրդը շվարած է մնացել՝ երկիրը թալանվում է, ու՞մ դիմի…
Հայաստանում սովորական է դարձել չարաշահումների, պետական բյուջեի մսխման, բարձրաստիճանների կուտակած միլիոների, օֆշորային, մարդասպանության վերաբերյալ գործերի բարձրաձայնումը: Մեկ էլ տեղից մի լավ տղա, Իշխան Զաքարյանի նման ստուգիչ տղա, վեր է կենում ու ասում՝ Հայաստանի բյուջեի 70 %-ը «կոռուպցիոն ռիսկի գոտում է», ճժեր գտել եմ, բռնեք:



 



Մեկն էլ կողքից բացահայտում է անում՝ բա քո դղյակներն ինչո՞վ ես կառուցել: Հետո մեկը մեկի վրա գցելով, պարզվում է, որ Հայաստանի բոլոր պաշտոնյաները գող ու խաբեբա են: Թող մեկը ռիսկ անի բերան բացի, տեղը ցույց կտան՝ դու լռի, թե չէ ատկատներովդ քթիդ կխփեմ կամ օֆշորախեղդ կանեմ քեզ: Տարոնի ունեցվածքի վրա իրանական խռխռացող գազ տվին, ոտերը թուլանալու տեղ, ռուսական գազ տվեց՝ ես ինչ անեմ, որ մնացածներն իրենց ունեցվածքը թաքցնում են: Հալալ տղա եմ, հալալ փայս ցույց եմ տվել: Մի քիչ աղմկեցին ու լռեցին: Հո դարդները Տարոնը չի:  Ավելի հետաքրքիր բան դուրս եկավ: Վարչապետի ոտքը «սոթ տվեց», օֆշորի մեջ ընկավ ու վրա տվին: Մեկն այդ խեղճ մարդուն ձեռք չմեկնեց, որ դուրս հանի փոսից, էլի իր գործընկեր Աշոտ Սուքիասյանը ձեռք մեկնեց՝ Տիգ ջան թռի, դուրս արի, թե կարող ես, Կճոյանին էլ հետդ հանիր: Կողքից, չգիտես ով, Նաիրիտի քարն էլ գցեց վրան: Այ ձեր խիղճը կտրվի, էդ մեծ քարը այդ նուրբ մարդու վրա ոնց եք գցում, փոխանակ ձեռք ձեռքի տաք ու ձգեք, փոսից հանեք: Մարդկություն չկա, վերացել է:  «Էդ նեղ մաջալին էլ» նախագահի հանգստանալը բռնեց, ասաց՝ Տիգ ջան, ոտքդ մի քիչ կախ գցիր, հեսա գալիս եմ: Որ կախ չգցի, ինչ պիտի անի, օֆշորի փոսում նստել ու սպասում է: Ժողովուրդին էլ թվում է, թե այդ ամենը թատրոն է՝ հետաքրքիր սցենարներով ու հանելուկային բովանդակությամբ: Իրար հետ քննարկում են՝ տեսնես էդ Վարդանին խի՞ բռնեցին, որ բաց են թողնում, Հայրիկյանի սարոշկեն հանել, հետո՞ են կրակել, մարդասիրական նկատառումով, որ սարոշկին բան չլինի: Առավոտ բարիլույսի փոխարեն միմյանց հարցնում են՝ օֆշորից ինչ կա:



 



Մի քանի ֆրենդներ էլ ունեմ, իբր քաղաքականությամբ չեն զբաղվում ու ասում են՝ մեզ հետաքրքիր չեն օֆշորի հաջորդ սերիաները: Բա սա քաղաքականությու՞ն չի, ասում են մենակ ծառ ու տերեւի մասին գրեք, որ կարդանք ու լայք տանք: Հիմա ասեք, սա խաղաղ գոյատեւման ու հարմարվողականության քաղաքականություն չի՞: Մի մասը կռիվ տա, որ ծառը չկտրեն, մի մասն էլ ծառի տակ նստի ու տերեւի մասին ոտանավո՞ր գրի: Թամաշի ժամանակն անցել է ու յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ այդ թալանն իրենից են տարել: Իրեն են թալանել: Ու թալանողից պահանջի՝ տուր թալանի իմ ու իմ երեխայի բաժինը: Պահանջի այն իրավունքով, ինչպես եթե տունդ մտնեն ու ոսկեղենդ եւ ունեցած փողդ տանեն: Գերեզմանատունը որ գերեզմանատուն է, ուզում են ինչ որ անձի կամ մասնավորի հանձնեն, որ տիրություն անի, այդպե՜ս են ասում, բայց որ խորանաս, կտեսնես, որ ինչ որ մեկին փողի կանալ են տալիս: Պատճառաբանում են՝ որպեսզի չպղծվեն գերեզմանները, գողություն, թալան չլինի:



 



Էս պետության գլխին հազար մարդ կա, հազարն էլ պետական սրաքիթ փափախներով, ո՞նց է թալանվում: Պետական կառավարողներից շատ մարդի՞կ եք դնելու գերեզմանատների գլխներին, որ չթալանվեն: Ժողովրդի, պետության համատարած թալան է տեղի ունեցել: Ժողովուրդը չփլաղ նստել ու ծնկներին է խփում: Հիմա ասեք, տեսնենք, էս պետության գլխին մի մասնավոր մարդ չկա՞, որից պահանջվի՝ ազգայնացնել անօրինական կերպով զավթած ազգային ակտիվները: Թե չկա, Ազգային ժողովում այդ հարցն էլ բարձրացնեն ու գերեզմանատների օրինակով առաջարկություն մտցնեն ու մասնավորին հանձնեն այս պետությունը, որ վերահսկեն՝ կենդանի մարդկանց էլ մեռածների նման չթալանելու համար: Ժողովուրդը շվարած է մնացել՝ երկիրը  թալանվում է, ու՞մ դիմի…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ