«Լեզվական»

«Լեզվական»
Արձագանք Գալուստ Սահակյանի պատասխանին



Ինձ բոլորովին չեն հետաքրքրում ո´չ հեղինակը, ո´չ հոդվածը, ո´չ էլ նրա բովանդակությունը, նաեւ պատասխանի իմաստն ու նպատակը:



 



Երկուսն էլ գրավոր խոսք են. Նշանակում է` գրողը ժամանակ է ունեցել մտածելու եւ իր մտքերը թղթին հանձնելու համար: Հոդվածին չեմ անդրադառնա, նպատակիցս դուրս է:



 



Այլ է պատասխանի «պարագան».



 



Ընդամենը 30 լրագրային տողում (սյունակային) 9 կոպիտ սխալ (լեզվական): Կարեւոր չէ`ում մեղքով:



 



  1. «պատասխան ... հոդվածի կապակցությամբ». – հայերեն չէ: Կարելի է միայն կռահել: Ճիշտը չեմ գրի, պարտավոր չեմ:


  2. «գնահատական տալ մտավոր կարողությունների վերաբերյալ». – բոլորովին հայերեն չէ:


  3. «Բայց ինձ մեղադրել հասարակական կարծիքի երկրորդական (անկարծիք) համարողի մեջ», – երիցս հայերեն չէ: Խմբագրեցեք, կտեսնեք:


  4. «Ընդհանուր առմամբ, երբեւիցե չեմ արձագանքում...». – «երբեւիցե»-ն ոչ անցյալի (երբեւէ), ոչ ներկայի, այլ գալիքի երանգ ունի:


  5. «...ես դա ընդունում եմ անձնական վիրավորանք» . – ի՞նչ ասեմ:


  6. «Առավել եւս ծաղրի ենթարկել ՀՀԿ-ին. դա նշանակում է հայհոյանք համարել հոդվածագրին»: - դժվարանում եմ գնահատական տալ. ուրիշ բան, եթե Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը կիրառելի լիներ հայոց լեզվի վրա:


  7. «...պարզապես ցանկանում եմ սթափեցնել եւ կարգի բերել...հեղինակին»: Ճիշտ է. Իրերը, գործերը, սենյակը եւ այլ բաները պետք էկարգի բերել, (բայց...ոչ մարդուն):


  8. «Իմ քաղաքական համոզմունքն ու գործունեության ուղենիշը հասարակությունն է», – դարձյալ դիմենք Էյնշտեյնին. Էդ երբ է հասարակությունը եղել համոզմունք, կամ որտեղ`ուղենիշ


  9. «Ցանկալի է հոդվածագրի հետ անմիջական հարցազրույց» . – էդ ո՞րն է. դեմուդե՞մ, մտերմի՞կ, պա՞րզ...բոլոր դեպքերում պարտությունն անխուսափելի է:




 



Հաշվեցինք` ինը, բայց այնտեղ 9 միտք չկա:



 



Ես էլ Էդիկ Անդրեսյանին չեմ ճանաչում, կարեւոր էլ չէ: Բայց ես «ճանաչում եմ» իմ մայրենի լեզուն եւ այն համարում եմ սրբություն: Թող Գ. Սահակյանը իրեն վատ չզգա, որովհետեւ մենակ չէ: Իսկ ընկերովի «բանը» գիտենք` ինչ է:



 



Հայոց լեզուն բռնաբարվում է (ներողություն բառի համար) գրեթե բոլորի կողմից` պաշտոնական ամբիոններից, էկրանից, մամուլի էջերում, հարցազրույցներում, էլ չեմ ասում, ճեպազրույցներում, ամենուր, նույնիսկ նախօրոք պատրաստված ու մշակված վերլուծականներում, լրագրողների հոդվածներում:



 



Եվ գիտե՞ք ինչու: Որովհետեւ այն հիասքանչ է եւ անպաճույճ (մերկ` ինչպես արդարությունը` ինքը): Միեւնույն ժամանակ անմատչելի ու անհասանելի` շա՜տ-շա՜տերի համար: Նաեւ անտեր է ու անպաշտպան: Մանրամասնեմ.



 



  1. Դարերի ընթացքում ժողովուրդը (իր բանահյուսությամբ), լեզվաբաններ, քերականներ, գորղներ ու բանաստեղծներ` կարճ ասած լեզվական մեծություններ, մշակել, հղկել, կատարելության հասցրել ու հարստացրել են մեր` մոր կաթի նման համեղ ու անուշ մայրենին, բերել մեզ են հասցրել , որ ամեն մի տգետ պաշտոնյայի, ամեն մի խակ դերակատարի (կամ սցենարիստի), ամեն մի տհաս «ճամարտացողի» (իրեն պերճախոս համարող), ամեն մի ամբարտավան չինովնիկի բերանում աղավաղվի՞, ջարդուփշուր արվի՞, վերածվի գռեհիկ փողոցային ժարգոնի՞, հեղեղվի անհեթեթ ու անմիտ օտարաբանություններո՞վ, (հաշվեցեք` հարյուրների են հասնում), դիլետանտային (սիրողական) ու անհարկի (երբեմն ծիծաղելի), իբր «ակադեմիական մակարդակի» թարգմանություններո՞վ: Մի պղծեք այդ անաղարտությունը: Տերյանը, Նար-դոսը, Փափազյանները, Բակունցը, Չարենցը, Սեւակը արթնանային, բանադրանքի կենթարկեին ձեզ: Այդ անմեղ ու հեզ արարածը ոչ մեկիդ «գործին», պաշտոնին, դիրքին, կոչումին, «վաստակին», գրպանին «վնաս չէ» (Ջիվանի): Ի՞նչ եք կառչել խեղճից ու քրքրում եք բառի լիարժեք իմաստով:


  2. Անհասանելի՞ է ձեր կարողություններին, մի օգտվեք, յոլա գնացեք ձեր իմացածով` առօրեական, կենցաղային խոսքով, չնայած այդ էլ է փչացել արդեն: Մի ապականեք եթերն ու մամուլի էջերը: Չե՞ք կարող, չգիտե՞ք, մի խոսեք, ձեզ ոչ ոք չի մեղադրի ու ոչինչ չի պահաջի ձեզնից:


  3. ԳԱԱ լեզվի ինստիտուտը ունենք: Ինչու՞ այս համատարած լեզվախեղումների վրա աչք է փակում: Մի՞թե չի կարելի լեզվական բնույթի հաղորդումներ կազմակերպել. մի ժամանակ կար «մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որը չնայած իր անկատարելիությանը, ահագին գործ էր անում, մարդիկ լսում էին, մտքեր փոխանակում, նաեւ սովորում: Զրույցների նյութ էր այդ հաղորդումը:




 



Լեզվի տեսչություն ունենք: Ի՞նչ է անում, աթոռ զբաղեցնելուց բացի: Կարող է`  ընդդիմացողներ լինեն, թե էդ մարդուց ինչ եմ ուզում. ավերեց կրթական համակարգը, հիմա լեզու՞ն պիտի փրկի: Անհույս բան է:



 



«Լեզվի մասին» օրենք ունենք: Ինչի՞ համար է այդ օրենքը` տուգանքներ սահմանելո՞ւ: Ո՞վ պիտի իրագործի դրա կիրառումը, ո՞վ պիտի հսկի: Հեռուստաեթերից ազատում չկա: Ականջներդ խցանես, չի օգնի` անգրագետ մակագրությունները աչքդ կմխրճվեն:



 



Օտարաբանությունների, նորաբանությունների, թարգմանությունների թեման շատ ընդգրկուն ու բազմաշերտ է` իր բազում ասպեկտներով (քաղաքական, մշակութային, բարոյական, նույնիսկ աշխարհաքաղաքական): Տասնյակ հոդվածները չեն սպառի նյութը: Այս հարցերը բարձրացնելու, լուծելու համար հատուկ «ամբիոն» է պետք, հայեցակարգ ու ստրատեգիապիտի մշակվի, թե չէ կկորցնենք մեր լեզուն, այն լեզուն, որը գրեթե իր հավասարը չունի աշխարհի լեզուների մեջ: Դա ես չեմ ասում, օտարազգի լեզվաբանների ու լեզվագետների կարծիքն է (թող ոչ մի լեզվի համար վիրավորանք չլինի): Իսկ լեզվի կորուստը այդ լեզուն կրող ազգի կորուստ է` ամենաուղիղ իմաստով: Մի նայե՛ք մեր դասագրքերը, նույնիսկ հայոց լեզվի: Ու՞ր ենք հասել: Մի՞թե կարելի է դարերի ընթացքում, սերունդների անդուլ ջանքերի գնով ձեռք բերածը (ստեղծածը) կորցնել մեկ-երկու տասնամյակում:



 



Պետրոս Ոսկանյան (սրտի ցավով)



Հատուկ «Հրապարակի» համար