Շուրջ 568 դեպքով ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ Երևանում

Շուրջ 568 դեպքով ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ Երևանում
 Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից արձանագրվել է ինքնակամ շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերի  նվազում:



Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  խախտումները  2010 թվականի նկատմամբ նվազել են մոտ 3, իսկ 2011 թվականի նկատմամբ՝ 1,9 անգամ։ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմվել է 70 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնպես նվազման միտում ունի (նախորդ տարի դրանց թիվը կազմել է 81): Ցուցանիշի նվազման վրա, ինչպես տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, էական ազդեցություն են թողել նաև իրականացվող վարչարարության գործընթացները՝ հայտնաբերված իրավախախտումների հետագա ընթացքի նկատմամբ համապատասխան հսկողություն իրականացնելու առումով, որի արդյունքում առաջին անգամ տուգանք նշանակելուց հետո  շարունակվող ապօրինությունների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման կրկնակի արձանագրություններ և նշանակվել 2,5 մլն դրամի չափով տուգանքներ։ Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին կազմվել են թվով 22 այդպիսի արձանագրություններ, 2012 թվականին՝ թվով 34, իսկ 2013 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում արձանագրվել է այդպիսի 2 դեպք։



Օրենսդրության  պահանջներից ելնելով, քննարկվում են նաև իրականացված ապօրինությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցերը, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում ինքնակամ շինությունների քանդման և հայտնաբերված հողազավթման դեպքերի վերացման ուղղությամբ: 2010-2013 թվականների ընթացքում քանդման աշխատանքներ են իրականացվել շուրջ 568 դեպքով։