Արմավիրցիներն այսօր էլ են ճանապարհ փակում

Արմավիրցիներն այսօր էլ են ճանապարհ փակում
Ճանապարհ փակելով հարց լուծելը ավանդույթ է դառնում: Հիմա էլ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան, Հացիկ գյուղերի ծիրան արտադրողներն են ոտքի ելել` փակելու Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Գյուղացիները պահանջում են գյուղնախարար Սերգո Կարապետյանի հանդիպումն իրենց հետ: Վրդովված են այն բանից, որ չեն կարողանում իրացնել ծիրանի առատ բերքը:



 



 



Նկատենք, որ մայիսի 12-ի կարկտահարությունը «բարեգթորեն» շրջանցել էր Արմավիրի մարզի մի քանի տասնյակ գյուղեր, որոնցում, ծիրանի բերքը, նախորդ տարվա պես առատ է: Որքան էլ տարօրինակ է`դա էլ մի ուրիշ գլխացավանք է գյուղացիական տնտեսությունների համար:



 



Ծիրանը մրգի այն տեսակը չէ, որ ամբարեն`սպասելով գնորդի: Շուտ հասունացող ու շուտ էլ ապրանքային տեսքը կորցնող այս մրգի բերքահավաքը կազմակերպվում է հենց գնորդի աչքի առաջ`գնային եւ այլ պայմանները նախապես համաձայնեցնելուց հետո: Ծիրանի գնորդն էլ սովորավար վրացիներն են կամ ռուսական շուկայի ներկայացուցիչները:



 



Արմավիրի կարկտահարված ծիրանը սակայն, այս տարի իր ապրանքային տեսքով այնքան էլ չի գոհացնում դրսի գնորդի ճաշակը: Վերջիններս էլ`առիթն օգտագործելով`դարձել են գին թելադրող՝ 13 կգ-անոց մեկ արկղ ծիրանի համար 1500-2000 դրամ են վճարում: Սա չլցված գին է, որի համար չարժե նույնիսկ ծառ բարձրանալ ու քաղ անել`ասում են գյուղացիները:



 



Ժամ առ ժամ հասունացող ծիրանը ծառից թափվում է: Թափված ու արդեն վնասված պտուղն էլ ոչ ներքին սպառման շուկայի բան է, ոչ էլ համապատասխանում է մարզի միակ մթերող` «Նոյան» ընկերության պահանջներին: Չնայած որ «Նոյան» վերամշակող ընկերությունը ծիրանի 1 կգ-ը 50 դրամով մթերելու պատրաստակամություն է հայտնել, բայց անորակն ու կարկուտից սեւացածը չի ընդունում:



 



Գյուղացիներն էլ, այսօր առավոտից դուրս են եկել փողոց, թե`թող գյուղնախարարը գա, խոսենք-հասկանանք`ինչ է լինելու մեր բերքի հետ: Հարյուրավոր կիլոգրամների կորուստ ենք տալիս`ասացին:



 



Ճանապարհ փակելու գյուղացիական նախաձեռնությունը, մինչ այս պահը, սակայն, չի հաջողվում: Ոստիկաններն ամեն ինչ անում են, չկրկնելու համար մայիսյան ծայրահեղ ակցիաները:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ