«Բարեւ Երեւանը» կանաչապատ տարածքի խնդրով դիմել է Տարոն Մարգարյանին

«Բարեւ Երեւանը» կանաչապատ տարածքի խնդրով դիմել է Տարոն Մարգարյանին
Երեւան քաղաքի Սունդուկյան 90 եւ 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին՝ Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր «բարեկարգման» նախագիծը եւ դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով:



 



Խմբակցությունից տեղեկացանք, որ նշված հասցեի բնակիչները Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալից ծանուցումներ են ստացել, որոնցով պահանջվում է տասնօրյա ժամկետում ապամոնտաժել սաղարթախիտ պուրակի՝ շենքի բնակիչների ուժերով կառուցված ցանկապատը, այլապես այն կապամոնտաժվի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ծառայության կողմից՝ ծախսերը դատական կարգով դնելով բնակիչների վրա:



 



Բնակիչների մոտ տարակուսանք եւ մտահոգություններ է հարուցել այն, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նշված հասցեում խաղահրապարակ բացելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել այնտեղ, եւ հընթացս այցելելով շենքի մյուս կողմում գտնվող կանաչ տարածքը՝ գոհունակություն է հայտնել այն խնամելու եւ կանաչապատելու համար:



 



Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արթուր Գասպարյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Դավիթ Սանասարյանը օրեր առաջ այցելել են հիշյալ հասցե, հանդիպել նշյալ շենքերի բնակիչների հետ եւ խոստացել հետամուտ լինել խնդրի լուծմանը: