ԱՄՆ դեսպանը այցելել է Վանի Ախթամար կղզի

ԱՄՆ դեսպանը այցելել է Վանի Ախթամար կղզի
Թուրքական «Միլլիյեթ» թերթի հաղորդմամբ` Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնը այցելել է Վան` երկրաշարժից հետո այնտեղ կառուցված տներին ծանոթանալու: Այնուհետև դեսպանը կնոջ հետ այցելել է Վանա լճի Ախթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցի: Այցելությունից հետո դեսպան Ռիկարդոնն ասել է, որ ինքը 33 տարի առաջ նույնպես այցելել է կղզի. վերանորոգումից հետո վանքը և կղզին ավելի են գեղեցկացել: Նա մասնավորապես ասել է. «Հաճելի է այստեղ մեծաթիվ զբոսաշրջիկներ տեսնել: Ես Բոստոնից եմ և այստեղ նույնիսկ բոստոնցի տուրիստների հանդիպեցի»: 



Դեսպանը խոսել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացի մասին` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը նույնպես ընթացքի մեջ է: Նա նշել է նաև, որ  զբոսաշրջությունը դեպի այս տարածքներ անցյալ տարվա համեմատ քառակի ավելացել է: 



Դեսպանը նշելով, որ իր այցելությունը նպատակ ունի  խթանելու զբոսաշրջության և ներդրումների զարգացմանը, ասել է. «Վանը պատմության, բնության և կրոնի առումով տուրիզմի համար կարևորություն ներկայացնող վայր է: Միևնույն ժամանակ, որպես պատմական վայր, շատ կարևոր է հայերի ու ամերիկացիների համար: Այստեղ գալու ցանկություն ունեցողները կարող են առանց երկմտելու գալ: Այն լի է հանգստությամբ ու խաղաղությամբ»:



Ermenihaber.am