Վիճակահանությունն ընդհանուր առմամբ բարեհաճ էր

Վիճակահանությունն ընդհանուր առմամբ բարեհաճ էր
Այսպիսով, պարզ դարձան մոտ օրերս մեկնարկող եվրագավաթներում մեր հայկական ակումբների մրցակիցները: Միանգամից ասենք, որ այս անգամ «կույր» վիճակահանությունն, ընդհանուր առմամբ, բարեհաճ է գտնվել գրեթե բոլոր մեր ակումբների նկատմամբ և նրանց բոլորին էլ բաժին են հասել բավական «անցողիկ» մրցակիցներ:Բանն այն է, որ վերջին տարիներին մեր թիմերի, մեղմ ասած, անփառունակ ելույթները հանգեցրին այն բանին, որ եվրոպական ակումբային վարկանիշային ցուցակում Հայաստանը հայտնվեց նախավերջին տեղում` իրենից ետ թողնելով միայն Սան-Մարինոյին: Հիմնականում դա էր պատճառը, որ այս տարի առաջին անգամ ՉԼ խաղարկությունում մեր մասնակցության պատմության մեջ մեր չեմպիոնը սկսում է մրցելույթները ոչ թե առաջին մրցափուլից, այլ` նախնական, որը նախատեսված է ամենաթույլերի համար: Այսպիսով, «Շիրակի»`Սան-Մարինոյի չեմպիոնի հետ հանդիպելը ոչ այնքան ուրախալի փաստ է, որքան դաժան նախապատմության հետևանք: Գրեթե կասկած չկա, որ գյումրեցի ֆուտբոլիստները կհաղթահարեն սանմարինյան «կիսաարգելքը», մնում է, որ կարողանան դիմակայել հենց հաջորդ` արդեն առաջին փուլին բաժին հասած սերբական չեմպիոնին:



Պետք է, որ իրենց «բախտից չդժգոհեն» նաև Եվրալիգայում հանդես եկող «Փյունիկը», «Գանձասարը» և հատկապես «Միկան», որոնց բաժին են ընկել չեռնոգորական, մակեդոնական և ղազախական ոչնչով աչքի չընկնող թիմեր: Իսկ «Միկա»-ի համար «հատկապես»-ն ասված էր այն առումով, որ առաջնության արծաթե մեդալակիր այս թիմը թերևս մեր մյուս երկու թիմերի համեմատ ավելի լավ մարզավիճակում է գտնվում:



Հուսանք, որ գոնե 2013-2014 թթ. մրցաշրջանում մեր թիմերը կխախտեն տխուր ավանդույթը, և նրանց հաջող մրցելույթների շնորհիվ Հայաստանը վեր կբարձրանա վարկանիշային աղյուսակում:



 



Լևոն Գևորգյան