Կրեմլը քննարկել է կովկասյան քաղաքականությունը

Կրեմլը քննարկել է կովկասյան քաղաքականությունը
Կայացել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության առաջադրանքները: Այս մասին հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Նիստը կայացել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախագահությամբ: Նիստի ընթացքում հանգամանորեն դիտարկվել են հարավկովկասյան ուղղությամբ առաջադրանքների իրականացման գործում ռուսաստանցի դիվանագետների գործունեության տարբեր ասպեկտներ, որոնք որոշվել են նախագահ Վլադիմիր Պուտինի 2012 թվականի մայիսի 7-ի «ՌԴ արտաքին քաղաքական կուրսի իրականացման վերաբերյալ միջոցների» մասին հրամանագրով և փետրվարի 12-ին հաստատված՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգով:



«Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որի հետ պատմականորեն կապված են Ռուսաստանի կենսական շահերը: Որպես կովկասյան պետություն, մեր կարևորագույն առաջնահերթությունն է խաղաղության և կայունության ապահովումը, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը, տարածաշրջանի տնտեսական ներուժի համատեղ օգտագործումը՝ ի շահ այստեղ ապրող ժողովուրդների», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: