Երեք վատ սցենար Վրաստանի անկախության համար

Երեք վատ սցենար Վրաստանի անկախության համար
Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը հայտարարություններ է անում հնարավոր սպառնալիքների վերաբերյալ: Նրա խոսքերով, կովկասյան տարածաշրջանն առանձնանում է պոտենցիալ սպառնալիքներով, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ Վրաստանի ինքնիշխանության և անկախության վրա: Նախկին նախարարը նշում է, որ բոլոր պոտենցիալ սպառնալիքները գալիս են Ռուսաստանից, սակայն դա կապված է ոչ միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:«Մեր երկրի համար գոյություն ունի նաև երեք վատ սցենար, և կարևոր է, որպեսզի Վրաստանը պատրաստ լինի դրանցից յուրաքանչյուրով իրադարձությունների զարգացմանը և ունենա գործողությունների պլան», - գրում է Շաշկինն իր ֆեյսբուքյան էջում:



«Առաջին աշխարհաքաղաքական խնդիրը կապված է Իրանի հետ: Բնականաբար, առկա է Իրանի և Իսրայելի միջև ռազմական դիմակայության սպառնալիքը, իսկ դա նշանակում է, որ Իսրայելի այդ պատերազմին կներգրավվեն Միացյալ Նահանգները, ինչը մեծացնում է ցամաքային գործողությունների հավանականությունը: Այսինքն, եթե սկսի ռազմական հակամարտությունը, այն կարող է լինել ոչ միայն օդային, այլև` ցամաքային, ինչը ենթադրում է Իրան ռազմական զորամիավորումներ մտցնելու հեռանկար: Նման իրավիճակում Ռուսաստանը չի սահմանափակվի միայն քաղաքական հայտարարություններ անելով, չի մնա պասիվ դիտորդի կարգավիճակում և կկրկնի պրիշտինյան սցենարը (խոսքը գնում է Կոսովոյի մասին – թարգմ.): 2012-ին, երբ Իրանի խնդիրը սրվեց, Ռուսաստանում հիշեցին Ստալինի պլանի մասին, որը մշակվել էր Երկրորդ աշխարհամարտի ընթացքում և նախատեսում էր Խորհրդային Միության կողմից Հյուսիսային Իրանի բռնազավթումը Թամանյան դիվիզիայի օգնությամբ: Այդ պլանն իրոք գոյություն ուներ, ռուսներն անգամ դա չէին թաքցնում, և այն պետք է գործողության մեջ դրվեր այն դեպքում, եթե Խորհրդային Միությանը սպառնալիք ծագեր հարավից: 2012-ին Ռուսաստանը զգալի ուժեղացրեց Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված իր ռազմական բազան և զորավարժություններ անցկացրեց, որի նպատակն էր ստուգել Հայաստանի` Իրանի հետ կապող լեռնանցքի անցունակությունը: Դրա հետ մեկտեղ ստուգվեց նաև, թե արդյոք կարող են С-300 հրթիռային համակարգերը հաղթահարել լեռնանցքը: Զորավարժությունների արդյունքներով իրականացվեցին կոնկրետ ենթակառուցվածքային աշխատանքներ և դա անվիճելի ապացույցն է այն բանի, որ ռուսական Գլխավոր շտաբը մշակում է նման սցենարի հնարավորություն:



Ինչով է այս ամենը սպառնում Վրաստանին: Վերը նշված սցենարի զարգացման դեպքում, Գյումրիում տեղակայված զորամասերի ռեսուրսները, բնականաբար, չեն կարող ապահովել ռազմական խնդիրների կատարումը: Հյուսիսային Իրանի զավթման և այնտեղ բուֆերային գոտու ստեղծման համար անհրաժեշտ է այնտեղ ուղարկել, առաջին փուլում, առնվազն 40-60 հազար զինծառայող: Նման ուժ օդով այնտեղ ուղարկելն անհնար է, և այստեղ Ռուսաստանն ունի գործողությունների երկու տարբերակ. կամ վերջնագրի տեսքով մեզանից պահանջել միջանցք և Ռոքի թունելով, Ցխինվալի ու Ախալգորիի միջով Վրաստանի տարածքով ռազմական զորամիավորումները հասցնել Հայաստանի սահմանին, որպեսզի այնուհետև լեռնանցքով դուրս գան Հյուսիսային Իրան, կամ էլ` այնտեղ դուրս գալ Դաղստանի միջով` Ադրբեջանի տարածքով: Նաև առկա է Ռուսաստանի կողմից Կասպիական նավատորմի օգտագործման հնարավորությունը, սակայն այս դեպքում առկա է ռեսուրսների սակավության և սպառնալիքների մեծացման խնդիրը: Ռուսաստանը սկսել է արագացված տեմպերով իրականացնել «Կասպիական մոնստր»> (էկրանային պլանների) նախագիծը, սակայն դրա համար պետք կլինի առնվազն 5-7 տարի: Մեր տարածքով 40-60 հազար զինծառայողների կոնտինգենտ տեղափոխելը միանգամայն անընդունելի է, քանի որ դա նշանակում է մեր երկրի զավթում և անկախության կորուստ: Դա ընդամենը մեկ մեքենա չէ, որ երկու ժամում անցնի Վրաստանի տարածքով ու անհետանա, այս սցենարը կդառնա մեր անկախության ավարտը:



Երկրորդ սցենարը կապված է Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի դիմակայության հնարավոր սրման հետ: Եվ այստեղ մեր գլխավոր խնդիրը կապված է Ռուսաստանի հետ, որը բաց չի թողնի հնարավորությունը` հայտնվելու Ղարաբաղի հողի վրա` խաղաղապահ զորամիավորումներ մտցնելու հովանու ներքո: Ընդհանրապես, Ռուսաստանի նոր աշխարհաքաղաքականության համար բնորոշ է խաղաղասիրական առաքելությունների ակտիվացումը: Օրինակի համար, ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանն արդեն պաշտոնապես առաջարկել է ՄԱԿ-ին` իր զինծառայողներով փոխարինել Մերձավոր Արևելքում գտնվող ավստրիական զորամիավորումներին: Ինչպես և առաջին սցենարի զարգացման դեպքում, այնպես էլ այստեղ մենք խնդիր ունենք մեր երկրի տարածքով միջանցք ապահովելու պահանջի հեռանկարի հետ: Նույն խնդիրներն ու սպառնալիքներն են, միայն թե այս դեպքում կարևորագույն դերակատարում է ունենում Թուրքիան, որը, ռազմական վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի հետ բացահայտ դիմակայության մեջ չի մտնի, սակայն մեզ համար կարևոր գործընկեր կդառնա այն բանում, որ չթողնի Ռուսաստանին` մեզանից նման միջանցք պահանջել:



Եվ վերջում` երրորդ սցենարը, որը կապված է անմիջապես Ռուսաստանի տարածքի և Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի հետ: 2014-ին հնարավոր է հյուսիսկովկասյան գրոհայինների ակտիվացում: Նման դեպքում Ռուսաստանը նորից կմեղադրի Վրաստանին ահաբեկչությանը սատարելու մեջ: Հենց դրա համար է Պուտինը պահանջում Վրաստանում ռուս-վրացական հակաահաբեկչական կենտրոն բացել: Այդ բանն անել ոչ մի կերպ չի կարելի, քանի որ նման կենտրոնի բացումով մենք մեր ձեռքերով Ռուսաստանի համար օրինական պայմաններ կստեղծենք` մեր տարածքում հիմնավորվելու և գործելու համար:



Բոլոր վերը նշված սցենարները շատ վտանգավոր են Վրաստանի համար: Սակայն ճիշտ պլանավորման և մեր արևմտյան գործընկերների և առաջին հերթին` ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ ճիշտ աշխատելու դեպքում մենք կկարողանանք հաղթահարել այդ սպառնալիքները և պաշտպանել մեր անվտանգությունը: Գլխավորն այն է, որ մենք պետք է միշտ հիշենք` ուրիշներից օգնություն ստանալ կարելի է միայն այն դեպքում, երբ հաշվի ես առնում ուրիշների խորհուրդները և կիսում ես նրանց արժեքները», - հայտարարում է նախկին պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը:



Նյութը` apsny.ge-ից