Աշոտյանը սեղան կնստի՞ Մեհրիբան Ալիեւայի հետ

Աշոտյանը սեղան կնստի՞ Մեհրիբան Ալիեւայի հետ
Երեկ զանգահարեցինք  Արմեն Աշոտյանին` ճշտելու, թե ինչպես է վերաբերվում Մեհրիբան Ալիեւայի` նախագահի թեկնածու առաջադրվելու փաստին, որովհետեւ ժամանակին «բուռն» էր արձագանքել տիկնոջ` «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ դառնալու հանգամանքին եւ հռետորական հարց էր ուղղել` «ՀՀԿ փոխնախագահներից ո՞ր մեկիս բախտ կվիճակվի նույն սեղանի շուրջ նստել Մեհրիբանի հետ»: Պարզվեց՝ Աշոտյանը Հորդանանում է` կրթական ծրագրերով: Հարցրինք` հո շատ չի՞ տխրում, որ իրեն չհաջողվեց Մեհրիբանի հետ նույն սեղանի շուրջ նստել: «Շտապել պետք չէ, Ալիեւան դեռ չի առաջադրվել, եւ «Ենի Ազերբայջանը»` իշխող կուսակցությունն այդ առնչությամբ դեռ որեւէ բան չի ասել. թեկնածությունն առաջադրել է բուտաֆորային ինչ-որ կուսակցություն` ընդամենը հասարակական ռեակցիան ստուգելու համար: Իսկ ընդհանրապես, ճիշտ կլինի` Ալիեւներն ազնիվ լինեն իրենց ժողովրդի հետ, եւ այս կարգի մանիպուլյացիաների փոխարեն փոխեն իրենց երկրի սահմանադրությունը եւ անցնեն միապետական կարգի, որովհետեւ, եթե հորից որդուն իշխանության անցման «ժողովրդավարական» կարգը մի կերպ կարելի է «հասկանալ», ապա ամուսնուց կնոջն անցմանը ժառանգական մեխանիզմն ուղղակի նոնսենս է»: