Սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը

Սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունն Ազգային ժողովում նախորդ տարիներից տարբերվեց մի կարեւոր հանգամանքով: Այս տարի նրա բացահայտումների շուրջ տեղի ունեցած փոխադարձ սուր փոխհրաձգություններից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են շրջանառել Զաքարյանի պաշտոնանկության հավանականության մասին լուրեր, քանի որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը: Չի բացառվում, որ այս լուրերի հիմքում այն մեղադրանքներն են, թե նա չարաշահել է իր լիազորությունները եւ ստանձնել դատավոր-դատախազի դեր: Ըստ իշխանական մեր աղբյուրների, ՎՊ նախագահը տարաձայնություններ ունի նաեւ իր ենթակաների հետ, որոնք ստուգումների գործընթացում լուրջ խոչընդոտներ են առաջացնում եւ ինֆորմացիայի արտահոսք ապահովում: Ի դեպ, այստեղ պատահական մարդիկ չեն աշխատում՝ շատ են հայտնի մարդիկ կամ նրանց զավակները: Այնպես որ, ՎՊ նախագահի թշնամիները շատ են, եւ նրա՝ պաշտոնը պահպանելու միակ հույսը նախագահ Սարգսյանի վերաբերմունքն է, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, դրական է: Ամիսներ առաջ նա նեղ շրջանակում ասել է, որ Զաքարյանը շարունակելու է աշխատել: