«Շշպռեց»-ն անմահ գործ է

«Շշպռեց»-ն անմահ գործ է
Մեր հասարակությունը ես պայմանականորեն բաժանում եմ 2 հատվածի: Մեկը վախեցածների հատվածն է՝ խեղճ, թույլ, ինչպես ժողովուրդն է ասում՝ իր շվաքից վախեցած: Սրանք նույնիսկ իրենց տանը, սեփական կնոջ հետ վախենում են համարձակ լինել, որեւէ մեկին քննադատել, սեփական կարծիք հայտնել:Նրանք ամեն թփի տակ վտանգ են տեսնում: Սրանց գերակշռող մասը չինովնիկներ են, մանր ու միջին բիզնեսմեններ, պաշտոնյաներ: Սրանք երբեք չեն համարձակվի իրենց վերադասին կամ վերեւում կանգնած անձին ասել՝ «աչքիդ վերեւ հոնք կա»: Կամակատար ու հարմարվող: Մյուս հատվածը, որ իր «շղթաներից» բացի ոչինչ չունի կորցնելու, ուստի ազատ է ու համարձակ: Բայց սրանց մեծ մասն էլ ուրիշ հիվանդություն ունի՝ շշպռելու, սրա-նրա դիմակը պատռելու, տեղի-անտեղի քննադատելու: Այս տեսակին հոյակապ նկարագրել է ռուս գրող Շուկշինն իր «Շշպռեց» վիպակում: Սրանց համար կայացման, ինքնահաստատման ձեւն իրենց իսկ կարծիքով «անձեռնմխելի» անձանց քննադատելն է, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ «քֆուր տալը», վիրավորելը: Երբ տեսնում ես, թե ինչ ինքնազմայլանքով ու Քաջ Նազարի կեցվածքով են սրանք քննադատում Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, Միքայել Մինասյանին, Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, կաթողիկոսին եւ ուրիշ «մեծամեծների», հասկանում ես, որ «Շշպռեց»-ն անմահ գործ է: Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ քննադատության առիթ ու ուղղվածություն, օբյեկտիվության գոնե ֆորմալ դրսեւորում, տրամաբանության քիչ թե շատ կիրառում: Կարեւորը «դուխն» է, իր իսկ ստեղծած կուռքերի տապալումը եւ իր անձի արժեւորումը: Հակառակ պարագայում՝ ինքն ո՞վ է, ի՞նչ է ստեղծել կյանքում, ինչի՞ է հասել: Չէ՞ որ եթե նրանից խլես անվախ քննադատողի իմիջը, տակը կմնա ձախողակ ու կյանքի հատակում հայտնված վայ-մտավորականը: