Ջոն Հեֆերնը հիասթափվա՞ծ է

Ջոն Հեֆերնը հիասթափվա՞ծ է
Անցած շաբաթվա վերջին «Դիջիթեք բիզնես ֆորումի» բացման արարողության ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը կարծես ճիշտ նշանակետին է խփել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. Այդ օրը նա բառացիորեն հայտարարել էր. «Մենք պարզապես ուզում ենք, որ կառավարությունը ՏՏ սեկտորին չմիջամտի, մենք ցանկանում ենք մեր բիզնեսն իրականացնել...»։



Ոչ մի պաշտոնյա բնականաբար չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն տարբեր կայքերում հրապարակվել են թունոտ անանուն պատասխան նամակներ «մի խումբ քաղաքացիներ» ստորագրություններով, որոնց ոճից ուղղակի փչում է երիտհհկականների facebook-յան բուրմունքը. «Չե՞ք կարծում, որ Ձեր երկիրը մահ ու ավերածություն է տարածում աշխարհով մեկ՝ Լիբիայում, Իրաքում, Սիրիայում»,- հանկարծ հիշել են «մի խումբ քաղաքացիները»։ Այսինքն, սա կարելի է համարել իշխանության հրապարակային, բայց ոչ պաշտոնական արձագանք։ Բայց ամենակարեւորն այն է, որ ՏՏ ոլորտից կառավարությանը հեռու պահելու կոչով հանդես է եկել նույն այն Հեֆերնը, ով ոչ վաղ անցյալում առիթը բաց չէր թողնում կառավարությանը գովելու, նրա «բարեփոխական ձիրքը» ի ցույց դնելու համար, այն դեպքում, երբ չափազանց լավատեղյակ էր, որ Հայաստանում գործարար միջավայրի որեւէ բարելավում տեղի չի ունեցել...



Այլ կերպ ասած, մինչեւ հունիսի 21-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը վերապահում չի արտահայտել կառավարության գործունեության շուրջ ու չի արժանացել «մի խումբ քաղաքացիների» վրդովմունքին։ Բայց հանկարծ դեսպանը դիվանագիտական տեսանկյունից բավական կոշտ հայտարարություն է անում եւ նման կոշտ պատասխանի արժանանում։ Դժվար է միանշանակ պնդել, որ իր հայտարարությամբ Ջոն Հեֆերնը ակնարկում է ընդհանրապես ՀՀ կառավարությունից եւ մասնավորապես ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից իր հիասթափության մասին։ Բայց որ դիվանագիտական լեքսիկոնի տեսանկյունից «կուզենայինք, որ կառավարությունը չխառնվի այս ամենին» արտահայտությունը պրոֆեսիոնալ ու փորձառու դիվանագետի շուրթերից պատահականորեն չի հնչում, թերեւս կասկածից վեր է...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):