Շարքային քաղաքացիները հավատալ-չհավատալու իրավունք չունեն

Շարքային քաղաքացիները հավատալ-չհավատալու իրավունք չունեն
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո այս գյուղում ծավալվող իրադարձությունները հայտնվեցին ողջ հանրապետության ուշադրության կենտրոնում: Պարզվեց՝ գյուղի բնակչությունը որոշել է պայքարել իր իրավունքների համար եւ թույլ չի տալու, որ գյուղից քավության նոխազներ ընտրվեն ու սպանության մեղադրանքով դատվեն: Նաեւ թույլ չի տալու, որ իրենց համար անցանկալի անձը դառնա գյուղապետի պաշտոնակատար, ապա՝ գյուղապետ: Միայն գյուղացիների կազմակերպած բոյկոտից հետո մարզպետը հետ կանչեց գյուղապետի իր թեկնածուին եւ նշանակեց գյուղացիների համար ընդունելի անձի: Ինչ վերաբերում է գյուղապետի ընտրություններին, ապա դրանք նշանակված են հուլիսի 14-ին, առաջադրվել է 5 թեկնածու, որոնց գրանցման ժամկետն այսօր ավարտվում է: Հինգից միայն երկուսն են կուսակցական՝ ՀՅԴ անդամ, գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը, որը սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի վաղեմի մրցակիցն է եղել 2012 թվականի ՏԻՄ ընտրություններում: Մեր տեղեկություններով, գյուղն ու սպանված գյուղապետի հարազատները որոշել են, որ նրան պետք է փոխարինի գյուղապետի տեղակալը՝ Վովա Սահակյանը: Ընտրություններից օրեր առաջ ՀՀԿ վերնախավը հավատացրել է, որ չի միջամտելու գյուղապետի ընտրություններին եւ թողնելու է, որ գյուղն իր ուզած թեկնածուին ընտրի: Սակայն երեկ տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանն առաջադրվել է: Մեր աղբյուրներն ասում են, որ այս մրցակցությունը զուտ ձեւական է: Կամ էլ փորձում են այդպես ներկայացնել, որ ՀՅԴ-ի հետ խնդիրներ չունենան: Մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւս այդ միտքն առաջ քաշեց. Պռոշյանի գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածուին բնորոշելով, ասաց. «Արթուր Մուրադյանը կուսակցության կողմից չի առաջադրվել: Նա ՀՀԿ-ական է, սակայն կուսակցության թեկնածուն չի: ՀՀԿ-ն Պռոշյանում թեկնածու չունի»: Մարզպետը չբացառեց, որ նա օրերս կհանի իր թեկնածությունը, միաժամանակ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է, եւ ինքն իրականում գործ չունի նախընտրական գործերի հետ: Երեկ զրուցեցինք նաեւ Պռոշյանի գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանի հետ, որն իրեն մրցակցությունից դուրս է համարում. «Չեմ ուզում ոչ մեկին ոչ հակադրվել, ոչ էլ մեկին թերագնահատել, բայց ես ինձ հաղթող թեկնածու եմ համարում»,- ասաց նա: Նրա կարծիքով, չարաչար սխալվում են բոլորը, որ կարծում են, թե Պռոշյանում գյուղապետի ընտրությունը կնպաստի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը: «Բացահայտումն իրավապահ մարմինների եւ համապատասխան ծառայությունների խնդիրն է: Ընտրվելիք գյուղապետն այդ գործառույթը չունի: Դրանք հեքիաթներ են: Շահարկումներ են արվում, որ եթե մեր թեկնածուն անցնի, ապա մենք անելու ենք ամեն ինչ գործը բացահայտելու համար: Այդպես չի»: Հարցին՝ «Դուք հավատո՞ւմ եք, որ սպանության համար կալանավորված Արայիկ Պետրոսյանն է մարդասպանը», ՀՅԴ-ական թեկնածուն պատասխանեց. «Մենք՝ շարքային քաղաքացիներս, ոչ հավատալու, ոչ էլ չհավատալու իրավունք չունենք: Ես չեմ հավատում, բայց նաեւ չի բացառվում ոչ մի բան: Մենք իրավունք չունենք դատական ֆունկցիա կատարելու, որոշելու, որ ինչ-որ մեկը մեղավոր է կամ արդար է: Ժամանակը ցույց կտա: Բայց այս պահի դրությամբ, այդ տղայի մասով, իհարկե, պռոշյանցիների մեծամասնության կարծիքն այն է, որ ինքը չէր կարող մարդասպանը լինել»: