Աստծո բալանսը երբեք չի խառնվում

Աստծո բալանսը երբեք չի խառնվում
Արարատի մարզի Սուրենավան գյուղում ծիրանի հոգսն ու քաղաքական կրքերն իրար էին խառնվել: Հունիսի 23-ին գյուղացիները նոր գյուղապետ ընտրեցին՝ նախկին ազատամարտիկ Կարո Կարապետյանին, ով հայտնի է որպես Դուշման Կարո: Անկուսակցական Կարապետյանը մեկ անգամ արդեն ղեկավարել է համայնքը՝ մինչեւ 2012 թվականի օգոստոսը: Սակայն 2012 թվականին, ՏԻՄ ընտրություններից առաջ, իշխանությունները նրա դեմ անհիմն քրեական հետապնդում սկսեցին՝ պաշտոնեական անփութության, նաեւ այլ մեղադրանքներով եւ նույնիսկ կալանավորեցին նրան: Սուրենավանցիք Կարո Կարապետյանի կալանավորումն ընկալեցին որպես քաղաքական հետապնդում ազատամարտիկի դեմ եւ ի նշան բողոքի փակեցին Արարատ-Երեւան մայրուղին՝ պահանջելով ազատել գյուղապետին: Քրեական մեղադրանքը հետագայում կարճվեց հանցակազմի բացակայությամբ, սակայն այս իրադարձությունները խանգարեցին Կարո Կարապետյանին դնել իր թեկնածությունը: Գյուղապետ ընտրվեց ԲՀԿ-ական Վարդգես Ղազարյանը: Սակայն, մեկ տարի չանցած, մահացավ ավտովթարից, եւ Կարո Կարապետյանը կրկին առաջադրվեց: Այս անգամ նրա մրցակիցը զոհված գյուղապետի եղբայրն էր՝ Վազգեն Ղազարյանը, որը 623 ձայն ստացավ: Մեծամասնությունը՝  723 սուրենավանցիներ, քվեարկեցին Դուշման Կարոյի օգտին: «Աստծո բալանսը երբեք չի խառնվում: Աստված որ մի դուռ փակում է, մյուսը բացում է»,- մեկնաբանեց իր հաղթանակը Կարո Կարապետյանը: Գյուղի համար խոստացավ նախ փողոցային լուսավորություն ապահովել. «1376 մարդ է մասնակցել ընտրություններին: Բոլորի ցավն էլ տանեմ՝ համ ընտրողի, համ չընտրողի: Սաղն էլ ինձ համար հավասար են: Հաստատ գյուղի համար լիքը լավ բաներ եմ անելու: Մինչեւ տարեվերջ չեմ թողնելու մի փողոց մնա առանց լույս: Ինչքան շրջապատս ներում է, բոլորին օգտագործելու եմ իմ գյուղի զարգացման համար»: «Ինչո՞վ եք բացատրում Կարոյի հաղթանակը, շատ լավ գյուղապե՞տ է եղել»,- հարցրինք գյուղացիներից մեկին: «Ես չեմ կարող նրան գովալ որպես հրաշալի գյուղապետ, բայց որ ժողովուրդը սիրում է նրան որպես կռված տղա եւ, համեմատության մեջ դնելով, նախընտրել է Կարոյին»: «Այս գյուղում ընտրություններում շատ ակտիվ ՀՀԿ-ականներ կան՝ Ավշարի Արայիկը՝ Արայիկ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը: Ո՞նց է, որ այս անգամ նրանք չաշխատեցին Կարոյի դեմ, թե՞ Կարոյին էին պաշտպանում»,- հարցրինք ազատամարտիկ Արթուր Նիկողոսյանին, ով Կարո Կարապետյանի համախոհներից է: «Աշխատել-մաշխատել էս գյուղում չկա: Մեր գյուղն արտասովոր գյուղ է: Միշտ ընդդիմադիր է եղել: Վերջին ընտրություններին էլ Րաֆֆին հաղթեց, եւ բոլորը հասկացան, որ պետք է հաշվի նստեն այն մասսայի հետ, որը որ կարող է եղանակ ստեղծել: Ահա ինչու իշխող կուսակցությունը ոչ թե սկսեց սատարել, այլ գոնե չխանգարել մեզ, թողեցին, որ ընտրություններն ընթանան իրենց հունով՝ առանց կեղծիքի»:



 



Սյուզան  ՍԻՄՈՆՅԱՆ