Ազատամարտիկներին օգնել է պետք, ոչ թե կարգավիճակ

Ազատամարտիկներին օգնել է պետք, ոչ թե կարգավիճակ
Հարցազրույց «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:



-Ազգային ժողովը «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենք ընդունեց: Դուք Արցախյան պատերազմի վետերաններից եք, ողջ պատերազմի բովով անցած հրամանատար, Ձեր կարծիքով, այսօր ինչքա՞ն ազատամարտիկ կա գրանցված տարբեր կազմակերպություններում, իրականում կռված տղաները որքա՞ն են:



- Ես հիմա չգիտեմ, թե ինչքան են գրանցված, բայց սպարապետի ժամանակ, որքան հիշում եմ, 5 հազար 700 թե 5 հազար 800 հոգի էին: Էն ժամանակ հատուկ հանձնաժողով կար՝ բոլոր հրամանատարների կողմից ձեւավորված, իրանք եթե ճանաչել, իմացել են, որ մարտական գործողություններին մասնակցել է, իսկապես ազատամարտիկ է, նոր գրանցել են:



- Կա՞ն իսկապես կռված տղաներ, որոնք ոչ մի տեղ գրանցված չեն, դուրս են մնացել բոլոր ցուցակներից ու կազմակերպություններից:



- Իհարկե կան, հստակ թիվը չեմ կարող ասել, բայց որ կան, փաստ է: Դեռ չեմ հասցրել լավ ուսումնասիրել այդ նախագիծը, բայց, որքան հասկացա, միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվելու կառավարության կողմից, որն էլ, կարծես թե, պիտի գրանցի, որոշի: Պիտի դիմում ներկայացնեն, որ գոնե երեք ամիս մասնակցել են մարտական գործողություններին, դրանց մեջ կարող են մտնել նաեւ այն մարդիկ, ովքեր, ասենք, ուղղաթիռով վառելիք են հասցրել մարտադաշտ:



- Իսկ Ձեր ղեկավարած «Սասուն» ջոկատը, որը ԵԿՄ-ի մեջ չի մտնում, ինչպե՞ս եք վերաբերվում այդ վերագրանցման հարցին:



- Շատ նորմալ եմ վերաբերվում: Երբ այդ հանձնաժողովը ձեւավորվի, այն ժամանակ էլ կնայենք, թե ոնց կվերաբերվենք: Որքան հասկացա, էդ նախագիծը, որ ներկայացված է, սոցիալական ոչ մի հարց էլ չի լուծելու, էնտեղ տալիս է, որ համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության սահմանած զինծառայողների օրենքին:



- Իսկ այսօր, Ձեր կարծիքով, ի՞նչ օգնություն ու աջակցություն է անհրաժեշտ ազատամարտիկներին:



- Դեռ 2002թ. մենք՝ ես, Մյասնիկ Մալխասյանը, էլի մարդիկ կային, որ նախագիծ ներկայացրինք Ազգային ժողով, որի համաձայն՝ պիտի բյուջեով 300 միլիոն դրամ գումար հատկացվեր, որպեսզի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար բնակարան ձեռք բերվեր, ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավվեր: Մի երկու օր քննարկեցին, ասեցի՝ եթե չեք ընդունում բյուջեով, ես դեմ եմ քվեարկելու, դեմ քվեարկեցի, ինձ էլ հեռացրին. էդ մասին ասել եմ: Հիմա էն վիճակն է, որ մի տարի հետո էլ կարող է մտածեն ու մի ուրիշ օրենք հանեն, մինչեւ էդ տղերքը պրծնեն-գնան:



- Ի՞նչ վիճակում են այսօր տղաները, հատկապես հրատապ ինչի՞ կարիք ունեն:



- Պատերազմի մասնակից տղաների 80-90 տոկոսը հիվանդ է: Էդ էսօր չեն հիվանդացել, մեկի ներվերն է, մյուսի՝ թոքերը: Գոնե անվճար բուժում նշանակեն, դեռ չեմ ասում սոցիալական վիճակը բարելավեն, առաջնահերթ անվճար բուժման հարցը լուծեին: Էդ նախագիծը ոչ մի հարց էլ չի լուծելու, տղաները վերջին շրջանում մի քիչ ըմբոստացան, փորձեցին ձեւական մի բան անեն, որ բերանները փակեն: Սա հարցի լուծում չի:



- Իսկ հնարավո՞ր է, որ այդ վերագրանցումն արվում է, որպեսի տղաները ստիպված լինեն մտնել ԵԿՄ եւ այդպես համախմբվեն այդ կառույցում, որը, ինչպես գիտենք, իշխանամետ է, այսինքն՝  բոլոր ազատամարտիկները լինեն իշխանության հսկողության ներքո:



- Չեմ կարող հիմա հստակ որեւէ բան ասել, ընթացքը ցույց կտա, նախ պիտի խորությամբ ուսումնասիրեմ օրինագիծը, որպեսզի կարողանամ եզրակացություն անել: Բացի այդ, էնտեղ մի մտահոգող բան կա, ասում է. եթե փաստաթղթերը ներկայացրել ես եւ ուզում ես լրացումներ անել, կարգավորել, տրվում է 10-օրյա ժամկետ, եթե չհասցրիր, դուրս ես մնում, այսինքն՝  դառնում ես ոչ կռվող:



- Կան կուսակցական ջոկատներ, որոնք ԵԿՄ-ի մեջ չեն մտնում, դրանք ի՞նչ պետք է անեն, կցանկանա՞ն վերագրանցվել:



- Օրենքը պիտի ընդհանուր ազատամարտիկների վրա տարածվի, եւ ոչ մեկն էլ ուրիշ կազմակերպության մեջ չպետք է մտնի, էդ դեպքում, ինչ է, դաշնակցականներն էլ իրա՞նց համար օրենք հանեն: Պիտի պետությունն իր վրա վերցնի, իր հոգածության տակ առնի, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծվեն՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից ու որեւէ կազմակերպության մեջ լինելուց: Անհասկանալի բաներ էլ կան գրված էդ օրինագծի մեջ, «ազատամարտիկ» բառն էլ նշված չի: Չի կարելի մի կազմակերպության մեջ մտցնել բոլորին, մարդիկ կան, որ չեն ուզում ոչ մի կազմակերպության մեջ էլ մտնել, բայց կռվել են: Պետությունը պիտի էդ հարցերը կարգավորի: