Կարա-Դարվիշ

Կարա-Դարվիշ
20-րդ դարասկզբին բռնկված ֆուտուրիստական ուղղությունը, որ հասավ նաեւ հայ գրականությանը, թերեւս երկար կյանք չունեցավ, բայց եղավ նշանակալից ու անդրադարձներ, քննարկումներ ընծայեց: Վերջապես, ափյուռքահայ գրող Գրիգոր Պլտյանի «Հայկական ֆուտուրիզմ» հատորը հրաշալիորեն ներկայացրեց հայ գրականության պատմության օղակից դուրս թողնված այս շարժման ողջ կեցությունը, որի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր Կարա-Դարվիշը:



 



 



Կարան` հյութեղ շապիկներով խիզախ «թափառականը», որ գրականությունը սենյակից փողոց հանեց, վաճառում էր իր բացիկները, զարմացնում, զայրացնում ու զմայլում մարդկանց: «-Ես ոչ մի տարր չեմ կազմում, սիրելի Սարգաթյան, ես նույն խանութպանն եմ, որ իր կյանքի նպատակը եւ կշիռը չափում է իր դախլի հավաքված եկամուտով-դրամով: Նա սապոն է ծախում, իսկ ես ապրում եմ վրձնիս հաջողությամբ»: Նրա վեպի հերոսներից մեկի այս խոսքերը, թվում է, պարզում են հայ գրականության «հավերժական» նեյնիմությանն ու «ծխական ինտելիգենցիային» մերժող Կարա-արվեստագետի կերպը, որ առայսօր  չի խտանում մեր գրականության մեջ, որի բազմաթիվ գործիչներ շարունակում են դավանել տիրացուականությունը: Կարան ապրում էր, եւ դա էր գրականությունը: Կարան Ժեստի, պերֆորմանսի երգիչ էր, գրականությունը տոնի վերածող աճպարար: Նրա «Ինչ է ֆուտուրիզմը» գրքույկում այսպիսի տողեր կան. «Եվ զարմանալի է` մենք էլ ունենք գրականություն եւ գեղարվեստ իբր թե, բայց նա միշտ հնավանդների եւ փոշակալածների կողմից պահպանվել է արտաքին «վնասակար» ազդեցություններից:



 



Խոշոր դեր է կատարել այդ դեպքում մեր տգետ եւ տիրացուական մամուլը, որ միշտ ընդդիմադիր ուժ է եղել նոր հոսանքների դեմ եւ ամեն մի ծիլ, բողբոջ, նորագույն գրական հոսանքի կամ ազդեցության սաղմում իսկ խեղդել է՝ իր կրծքին սեղմած պահելով եւ զարգացնելով միջնադարյան բորբոսնած փոշեկազմերը»: «Եվ այդ է պատճառը, որ մեր կյանքը մի նեխած, հոտած ճահիճ է դառել, որի երեսը մի կանաչած շերտ է կանգնած, եւ որը հեռվից եկողին-անծանոթին կանաչազարդ մարգագետին է երեւում, եւ բավական է ոտները կոխի խաբուսիկ արոտամարգի վրա, որ խրվի, սուզվի եւ խեղդվի միամիտ անծանոթը»: Կարա-Դարվիշի վեպերը «Երվանդ Գոշ», «Կյանքի ջութակը», «Օրերից առաջ», մամուլում հրապարակված նրա պատմվածքները, դասախոսությունները, բացիկները չեն վերահրատարակվել եւ, թվում է, մոտ ապագայում դժվար թե վերահրատարակվեն: Որովհետեւ հայ գրականության փախուստը նորարարական ապոգեյից դեռ շարունակվում է: Մեծ հաշվով Կարան` ստեղծելուց առաջ եւ դրանից հետո, գրականության հիշողության մեջ մնալու փտախտով չէր տառապում, ինչպես հայ գրականության մի բեռ գործիչներ: Որովհետեւ, ի տարբերություն նրանց, Կարան ողջ էր կենդանության օրոք, եւ դա էր նրա պատմությունը:



 



Ստորեւ ներկայացնում ենք մի հատված 1928 թ. հրատարակված «Օրերից առաջ» վեպից, որ Կարան բնորոշել է որպես (վեպ նախահեղափոխական ինտելիգենցիայի մասին): Լուսանկարներ, նյութեր տրամադրելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր աջակից եւ գործընկեր Գրականության եւ արվեստի պատմության թանգարանին: Մենք պարբերաբար կշարունակենք ձեզ ներկայացնել հատվածներ Կարա-Դարվիշի ստեղծագործություններից:



 



- Իսկապես, եթե ճիշտն ուզում եք իմանալ, ամբողջ կյանքը հիմնված է ավազակության վրա: Տարբերությունը միայն նրա մեջ է, որ մարդկանց մեծագույն մասը, ավելի խոհեմները եւ ավելի վախկոտներն ընտրում են ավազակության օրինականացրած ճանապարհը, իսկ փոքրամասնությունը, ավելի համարձակները, ավելի ընդունակները, տաղանդավորները նետվում են բացարձակ ավազակության ասպարեզը: Ես, օրինակ,- վերջացրեց Սաթյանն իր խոսքը,- ավելի տրամադիր եմ ընտրելու երկրորդ ճանապարհը, որովհետեւ անկեղծությունն ավելի բարձր եմ գնահատում, քան ազնիվ փարիսեցիությունը եւ վախկոտությունը:



 



- Ուրեմն, դուք օրենք, խաղաղ հասարակարգ չեք ընդունում,- դարձավ մինչ այդ լռություն պահպանող Արփիարյանը:



 



- Շիլլերն ասել է, որ օրենքը դեռ ոչ մի մեծ մարդ չի ստեղծել: Իսկ ես կասեմ - օրենքը բոլոր մարդկանց խեղաթյուրել է: Մարդիկ անհամեմատ ավելի լավ, բարի, տաղանդավոր, ընդունակ եւ գործունյա կլինեին, եթե արտաքին ոչ մի ճնշում չլիներ՝ լինի դա օրենք, պետություն, զինվորական ուժ, թե առհասարակ որեւէ հեղինակություն:



 



- Ուրեմն դուք, պ. Սաթյան, նույնիսկ մտքի, հանճարի հեղինակություն չեք ընդունում,- դարձավ կրկին Արփիարյանը:



 



- Ամեն մի հեղինակություն մտքի եւ հոգու քարացում է առաջ բերում: Կարծեմ Կալիգուլան է ասել - եթե մարդկությունն ունենար մի գլուխ, ես միանգամից կկտրեի, կթռցնեի այդ գլուխը: Իսկ ես ընդհակառակը կանեի - գլուխը կթողնեի եւ կփշրեի այդ գլուխը հիմարացնող աշխարհի բոլոր արձանները, թագավորներից սկսած մինչեւ վերջին շիրիմը:



 



- Ուրեմն ձեր կարծիքով մարդը, որ մեռնում է, մեռնում է նրա հետ եւ նրա միտքը-ստեղծագործությունը:



 



- Տարաբախտորեն՝ ոչ, այլ ապրում է մեր ուղեղներում, որոնց - այդ մտքի, ստեղծագործության, այդ իսկական ավազակները մի-մի թանգարան-մուզեյ են դարձնում:



 



- Եվ միթե դուք կարծում եք, պ. Սաթյան, որ Գյոթեները, Շեքսպիրներն ամեն օր, ամեն ժամ ծնվում են, որ դուք այդպես հեշտությամբ ուզենայիք նրանցից ազատվել:



 



- Այո, ծնվում են ամեն օր, ամեն ժամ, բայց այդ ձեր քարացած մումիաները պահակի նման կանգնած են մարդկանց ուղեղներում եւ հնարավորություն չեն տալիս այնտեղ մի նոր հանճարի մուտքը: Եթե ինձ հարցնեք, ես կայրեի աշխարհի բոլոր հանճարների ստեղծագործությունները`Շեքսպիրից սկսած մինչեւ Տոլստոյ: Նրանք եղել են մարդկության մտքի պահակները: Մարդու ազատ բանականությունը միշտ եղել է ճնշված մեծ ուսուցիչների, մեծ հեղինակությունների ազդեցության տակ, այդ եղել է պատճառը, որ մարդը մնացել է անօգնական, խեղճ, անճար, կույր մի կատու: Այստեղ նա վախեցել է օրենքի առաջ, այնտեղ՝ հասարակական կարծիքի առաջ, մի ուրիշ տեղ՝ բարոյականության հասկացողություններից կամ կրոնից, մի այլ տեղ էլ՝ Շեքսպիրից կամ Տոլստոյից: Վերջապես, այդ ամենի բռնակալությունն է, որ միշտ ստրկության մեջ է պահել մարդկության մեծամասնությունը:



 



- Ո՞ւր է ելքը, ուրեմն, ձեր կարծիքով,- վրա բերեց Արփիարյանը:



 



- Բացարձակ ազատության մեջ,- հաստատուն եւ վճռական շեշտով պատասխանեց Սաթյանը:



 



- Մի պայմանական հասկացողություն: Մեկի համար ազատությունը մյուսի համար ստրկություն է եւ ընդհակառակը: Համենայնդեպս, ձեր քարոզած ազատությունը ես չէի ցանկանա, միանգամայն կործանարար համարելով այդ եւ մարդկության համար, եւ առհասարակ ամեն մի կուլտուրայի համար,- վերջացրեց իր խոսքը Արփիարյանը:



 



- Մարդն ազատագրվել կարող է միայն այն ժամանակ, երբ նա կբուսնի եւ կաճի, ինչպես մենավոր ծառը լայնածավալ, բաց դաշտում,- դարձյալ վրա բերեց Սաթյանը»: