«Աշտարակ-Կաթ»-ը պնդում է, որ իր պաղպաղակն անվտանգ է

«Աշտարակ-Կաթ»-ը պնդում է, որ իր պաղպաղակն անվտանգ է
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով պաշտոնապես հերքում է «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի հրապարակած այն հայտարարությունը, թե «ընկերության պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին»: Իրականությանը չի համապատասխանում  նաև հրապարակված այն տեղեկությունը, որ «Աշտարակ-Կաթ» ընկերության  պաղպաղակում օգտագործվում է մեծ քանակությամբ բուսայուղ (սփրեդ)»: Նախ՝ սփրեդը բուսայուղ չէ, այլ կենդանական ու բուսական ծագում ունեցող  բաղադրիչներով համակցված մթերք, որն ընկերության պաղպաղակներում չի օգտագործվում: Ընկերությունը պաղպաղակների արտադրության մեջ բացառապես  օգտագործում է  Եվրոպայում մեծ հեղինակություն ունեցող իտալական «Master Martini»  ընկերության  արտադրած կոկոսի բարձրորակ յուղը,   որն օգտագործվում է նաև եվրոպական մի շարք զարգացած երկրներում և կիրառվում է նաև  պաղպաղակի արտադրության մեջ:  Կան բազմաթիվ գիտական հրապարակումներ կոկոսի յուղի օգտակար լինելու մասին. այն առողջարար է և համարվում է  պաղպաղակի բաղադրատոմսի տարրերից մեկը: «Աշտարակ-Կաթ» ընկերության պաղպաղակների փաթեթավորման վրա ի թիվս մյուս բաղադրիչների հստակ մակնշում կա նաև կոկոսի յուղի առկայության մասին: «Աշտարակ-Կաթ» ընկերության կողմից արտադրված պաղպաղակի ողջ տեսականին համապատասխանում է սննդի անվտանգության և տեխնիկական կանոնակարգի բոլոր չափորոշիչներին և պարունակում է առողջության համար  օգտակար բազմաթիվ տարրեր: