«Ա՜յ վարչապետ, բա դու սկի խիղճ չունե՞ս »

«Ա՜յ վարչապետ, բա դու սկի խիղճ չունե՞ս »
Սարսափելի բան է, երբ ծնողն է փակում զավակի աչքերը, էլ ավելի սարսափելի, երբ ծնողը չի ընկալում, թե ինչու խաղաղ պայմաններում ծառայող իր տղան զոհվեց: Այդ միտքը որդի նման մտնում է ծնողի ուղեղն ու տանջահար անում՝ ինչու, ինչու, ինչու:



 



Վերջերս որդեկորույս մայրերից մեկը խոստովանեց, որ ինքը չի կարողանում նստել տանը, ինչ որ մի ուժ նրան դուրս է քաշում՝ գնա ու պատկան մարմիններից իմացիր, թե տղայիդ ով է սպանել, ինչու է սպանել: Առանց լվացվելու, թիքա անելու դուրս է թռնում տնից: Այդքանից հետո ամեն ինչ քաղաքականացնել ու ասել, որ մարդկանց ուղղորդում են կառավարության շենքի առաջ՝ հարց պարզելու, ուղղակի անխղճություն է, անխղճություն վարչապետի կողմից: Այս պարագայում բառերը մոռանում եմ, էլ ի՜նչ մնաց՝ գրական բառերը եւ ուզում եմ բերանիցս դուրս պրծածն ասել՝ ա՜յ վարչապետ, բա դու սկի խիղճ չունե՞ս: Ընտանիքդ Իսպանիա ես տեղափոխել, իսպանացու նման ես մտածում, այ խիղճդ կտրվի: Էդ սեւ հագած ծնողներին ո՞վ պետք է ուղղորդի, ախր ինչու՞ ամեն ինչ մեջ աթոռի վտանգ եք զգում: Խաղաղ պայմաններում զինվոր  կորցրած մորն ինչ հուսահատության մեջ կարող եք գցել, որ ասի. «Էլ ես հույս չունեմ էս երկրից, երեխուս հանելու եմ գերեզմանից, տանեմ, մի դեսպանատան դեմը նստեմ, տեսնեմ՝ ով կընդունի։ Իմ երեխուն պիտի հանեմոր գան ինձ շրջապատե՞ն։  Ինչի՞  չեն  ուզում  մեղավորներին  պատժեն։  Մեզ  հոլի  պես  ֆռռացնում  են։  Հերիք  եղավ»:



 



Սրանք բառեր չեն, տաք շամփուրներ են, որոնք եթե այսօր չի ընկալվում իշխանական զրահների միջից, վաղն այդ զրահները հանելուց հետո  բոլոր պաշտոնյաների համար ընկալելի են դառնալու: Այդ խոսքերն ասող մորն ո՞վ է ուղղորդում, միջին օղակի չինովնիկնե՞րը, վարչապետն իր ասածին հավատու՞մ է.«Միջին օղակի չինովնիկները նրանց պատասխանում են՝մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի: Սա անթույլատրելի մոտեցում է, քանի որ մարդկանց ուղղորդում են կառավարության դիմաց միտինգներ անելու: Կոմպետենտ չեն այդ միջին օղակի աշխատողները»: Միայն թե անձամբ վարչապետի անդորրը չխաթարվի: Միջին օղակներից մեկն էլ համարենք արդարադատության նախարարին, ով ասում է. «Ես հասկանում եմ նրանց՝ զավակ են կորցրել, բայց աշխարհում շատուշատ հայտնի գործեր չեն բացահայտվել։ Ես չեմ ուզում ասել, որ այս գործերը չեն բացահայտվի, բայց չպետք է ծնողների մոտ կասկած մնա, որ ինչ-որ բան այնպես չէ»: Շատ ու շատ հայտնի դեպքեր չեն բացահայտվել: Նախարարը բանակի մասի՞ն է խոսում, թե՞ կազինոյի, որտեղ ամեն ինչ փակ է լինում:



 



Մեր սրտի, աչքի, հոգու, մեր բանակի մասին է խոսում, ինչու՞ պիտի այնտեղ հայտնի կամ անհայտ գործեր լինեն, ինչու՞ պիտի այնտեղ փակ շղթա լինի… Մեր աչքը հանու՞մ են, զինվորը պետության բիբն է, մեր աչքը հանողի նկատմամբ այնպիսի խստություն պետք է ցուցաբերվի, ով ուզում է լինի, որ մկան ծակը յոթը թումանով ման գա: Իսկ ի՞նչ արվում: Եթե ինչ որ բան արվել է, ինչու՞ այս ծնողները չեն հանգստանում, ինչու՞ անմատչելի կառավարության շենք են անընդհատ ուզում գրոհել, ինչու՞ որդեկորույս մայրը թույլ չի տալիս, որ արդարադատության նախարարն իրեն գրկի: Մի՞թե սա չի նշանակում՝ բոլորդ էլ նույն բերանում թքած եք: Կամ գուցե այլ  բան է նշանակում, չե՞նք հասկանում: Պատերազմը չոքել է կոկորդներիս, գոնե հիմա ինչ որ բան արեք, որ կռվողը մեջքը պահելու, ներքին թշնամու մասին չմտածի, այլ անվախ առաջ նայի, որ կռվողը ետեւից չվախենա: Երբ մի բան քնեցնել են ուզում,- որդեկորույս մայրերից շատերի ասածներն եմ կրկնում,- ասում են՝ գործը հանձնված է իրավապահ մարմիններին, ձեններդ կտրեք, սպասեք: Իրենք իրենց խոսքը կասեն, անաչառ քննություն կլինի:  Քանի՞ գառ տանք իրավապահներին, բոլ չի՞, թողեք, որ ջրի երես ելնեն իսկական սպանողները, մի՜ կոծկեք…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ