Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի գլխավորությամբ:



Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Հայաստանում, ԼՂՀ-ում և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ հայրենիքում և արտերկրում պատրաստ են շարունակելու իրենց ծառայությունն ի նպաստ հայության խնդիրների լուծման՝ համագործակցելով նաև այդ հարցում շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Նրանք նշել են, որ Հայ Ավետարանչական ընկերակցությունը ծրագրեր է իրականացնում ամենատարբեր ոլորտներում՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով հատկապես կրթությանը: Ի սկզբանե իր առաքելության մեջ սոցիալական օգնության բաղադրիչն ունեցող արդեն 95-ամյա կազմակերպությունը, նրա ներկայացուցիչների հավաստմամբ, այսօր արդեն բարեսիրական ծրագրերից անցում է կատարում զարգացման ծրագրերին՝ համագործակցելով նման առաքելությամբ այլ կազմակերպությունների հետ ևս:



Նախագահը հաջողություններ է մաղթել Հայ Ավետարանչական ընկերակցությանն իրենց ծրագրերի իրականացման գործում: