Ասուլիսների շքահանդես

Ասուլիսների շքահանդես
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի իջեցրած հրահանգը, ինչպես եւ սպասվում էր, անմիջապես ի կատար ածման դրվեց: Մեկը՝ զգուշավոր, մյուսը՝ վախվորած, երրորդը՝ հին ոխը սրտում եւ վերեւից «դուխ» ստացած, սկսեցին հերքել Վերահսկիչի հայտնաբերած փաստերը, չարաշահումների մասին հայտարարությունները:



 



Այսօր հերքումների շքերթն ավելի բուռն է լինելու՝ միանգամից հինգ նախարար են ասուլիս տալու: Նրանք, մի կողմից, չեն ուզում շատ փչացնել հարաբերությունները ՎՊ նախագահի հետ: Մյուս կողմից՝ նախագահի հրահանգը չկատարել չեն կարող: Չի բացառվում, որ նրանցից շատերը հետո թաքուն զանգում են Իշխան Զաքարյանին ու ասում՝ «ախպեր ջան, չնեղանաս, ստիպված եմ արել»: Չէ՞ որ դեռ ապրելու են, աշխատելու են, եւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի բարկությունն անցնի, ու ՎՊ ստուգումները շարունակվեն: Ինչների՞ն է պետք նման հզոր ու վտանգավոր թշնամի ձեռք բերելը: Մյուս կողմից, չենք կարող չնկատել, որ Վերահսկիչն էլ, ժողովրդի լեզվով ասած, հալով չի մնում. յուրաքանչյուր ասուլիսից հետո հաղորդագրություն է տարածում եւ փորձում ապացուցել իր փաստերի, ստուգումների հիմնավորվածությունը:



 



Այս հակամարտությունում ժողովրդի համակրանքը, բնականաբար, ՎՊ-ի կողմն է: Չի բացառվում, որ այս պրոցեսի արդյունքում Իշխան Զաքարյանը դառնա ամենապոպուլյար անձանցից մեկը մեզանում, եւ եթե անգամ աշնանը նրա պաշտոնավարման ժամկետը չերկարացնեն, նա այս ալիքի վրա մտնի քաղաքական դաշտ եւ կարողանա ինքնուրույն խաղ վարել ու հետագայում համալրել ընդդիմության շարքերը: Սակայն մեզանում Սահակաշվիլիների սինդրոմը պարարտ հող չունի, եւ մերոնք, որպես կանոն, իրենց պատուհասած իրադարձություններից հետո կոտրվում են ու տեղավորվում իրենց հատկացված գաղջ խորշում: Կապրենք՝ կտեսնենք: