Ազատամարտիկի ընտանիքը կհայտնվի փողոցում

Ազատամարտիկի ընտանիքը կհայտնվի փողոցում
1994 թվականին Մարտակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած Շուրա Ասլիկյանի ընտանիքը կանգնած է փողոցում հայտնվելու վտանգի առջեւ: Այն վագոն-տնակը, որտեղ ապրում է ազատամարտիկի ընտանիքը, գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Մոլդովական 39/5 շենքի դիմացի բակում: Այսօր տնակի տեղում պատրաստվում են խաղահրապարակ կառուցել:



 



«Շատ լավ է, երբ մտածում են երեխաների մասին, նրանք մեր ապագան են, բայց պետք չէ նաեւ անտեսել անհայտ կորած ազատամարտիկի ընտանիքին»,-ասում է Շուրա Ասլիկյանի 29-ամյա որդին՝ Կարեն Ասլիկյանը, հավելելով, որ հայրը մահացած է ճանաչվել 1999 թվականի հոկտեմբերին: Վերջինիս մայրը՝  Էլմիրա Խոջանյանը, երկու անգամ է ամուսնացել: «Առաջին ամուսնուցս ունեմ մեկ որդի, իսկ Շուրայից՝ երկու,- ասում է տիկին Էլմիրան՝ ավելացնելով,-առաջին ամուսինս մահացավ, նրա մահից երկու տարի անց ամուսնացա Շուրայի հետ, բնակարան չուներ, եւ միասին ապրեցինք առաջին ամուսնուս տանը, որի օրինական ժառանգորդն առաջնեկս էր»: Տիկին Էլմիրան տեղեկացրեց, որ երբ երեք երեխաները մեծացան, մեծ տղան բնակարանը վաճառեց եւ երկու եղբայրների համար գնեց այդ տնակը:



 



Ընտանիքը 2001 թվականից գտնվում է զոհված (մահացած) զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման ցուցակում, սակայն մինչ օրս բնակարանի հարցը լուծում չի ստանում: «Սկզբում պատճառ էին բերում, որ բնակարան ենք ունեցել. ներկայացնելով պայմանները, մեզ ընդգրկեցին բնակարանային պայմանների բարելավման ցուցակում, բայց մինչ օրս ձգձգում են»: Բազմիցս դիմել են ՊՆ-ին եւ ԶՄՊ-ին, որպեսզի աջակցեն բնակարան ձեռք բերելու հարցում: «Արդեն 10 տարուց ավելի է՝ գործընթացը ձգձգվում է, իսկ այսօր էլ կանգնել ենք այն խնդրի առջեւ, որ բնակարանը պետք է ազատենք»,-ասում է Կարենը՝ հավելելով, որ իրենք սպասում եւ խնդրում են, որ իրենց խնդրին վերջնական լուծում տրվի: Ըստ տղայի, իրեն մեծ բնակարան հարկավոր չէ, պատրաստ է նույնիսկ քարուքանդ եղած տանը բնակվել: «Կարեւորն այն է, որ մորս եւ կնոջս հետ մի տանիքի տակ ապրենք, թե չէ դոմիկում ապրել չենք կարող»,-ասում է Կարենը՝ հավելելով, որ պատրաստվում են մեկ անգամ եւս դիմում ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով, որ ՊՆ վերահսկողական ծառայությունն ուսումնասիրի իրենց պայմանները եւ վերջնականապես որոշի, թե երբ են բնակարան տրամադրելու:



 



Այն դոմիկը, որտեղ բնակվում են Ասլիկյանները, զուրկ է տարրական կոմունալ-կենցաղային պայմաններից: «Այլեւս չենք կարող ապրել նման պայմաններում,  կռիսանոց է, վախենում ենք գիշերել, պարտադիր պետք է պատուհանները փակենք, որ հանկարծ կռիսները եւ այլ միջատներ ներս չմտնեն եւ մեզ չվնասեն»: Որպես զոհված ազատամարտիկի կին՝ Էլմիրան պետության կողմից 15 հազար դրամ գումար է ստանում, իր հերթին տղան էլ մորն օգնում է կենցաղային հարցերում. «Մենք պետությունից հացի փող չենք ուզում, ոնց էլ լինի՝ յոլա ենք գնում, սոված չենք մնում, այլ մեր հասանելիք տունն ենք ուզում՝ մեր պետությունում, որն իմ ամուսինը եւ նրա նման ղարաբաղյան շարժման մի շարք մասնակիցներ իրենց արյամբ վաստակել են»: 



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ