ՀՀԿ-ում շունչները պահած սպասում են

ՀՀԿ-ում շունչները պահած սպասում են
Հայ հանրությունը համակ ուշադրությամբ հետեւում է, թե ինչ է լինելու Վերահսկիչ պալատի աղմկահարույց բացահայտումներից եւ Սերժ Սարգսյանի հերթական  խորհրդակցությունից հետո, երբ նախագահը «ցեխը կոխեց» Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, որը հանդգնել էր քաղաքական գնահատականներ տալ եւ հայտարարել բյուջեի 700 մլն մսխումների հավանականության մասին:



 



«Եվ, վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաեւ, բայց ոչ այստեղ՝ խորհրդարանում, քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետեւ դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»: Այս հայտարարության շեշտադրումից ակնհայտ է, որ «քաղաքական մեծամասնության պահվածքը», մեղմ ասած, դուր չի եկել Ս. Սարգսյանին: Այդ «պահվածքի» թիրախն ըստ ամենայնի ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու նրա ազդեցության տակ գտնվող ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններն էին «պետական փողերը լափողներին», «թալանչիներին» եւ «բյուջեից փող գողացողներին» չհանդուրժելու մասին: Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին, թերեւս հինգշաբթի, կկայանա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որտեղ կքննարկվի «մեծամասնության պահվածքը»: Թեեւ ՀՀԿ-ականները դեռ անորոշության մեջ են, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դժվարանում է ասել, թե կոնկրետ երբ կկայանա ՀՀԿ ԳՄ նիստը:



 



Իսկ մինչ այդ, ընդամենը շաբաթներ առաջ բլբուլ կտրած ՀՀԿ-ականներն իջել են ընդհատակ, զանգերին չեն պատասխանում, պատասխանելու դեպքում, պատճառաբանում են, թե Հայաստանում չեն կամ չէին, նոր-նոր են վերադարձել եւ անտեղյակ են քաղաքական անցուդարձից: Հայտնի չէ, թե հերթական հարցազրույցն ինչպես կգնահատվի «շեֆի» կողմից եւ ինչ սանկցիաների կարժանանա: Իսկ ՀՀԿ-ականները չեն ուզում «չուժոյ պախմել» հարվածի տակ դնել իրենց: Այդուհանդերձ,  քաղաքական որոշ շրջանակներ հավաստիացնում են, որ որեւէ արտառոց բան տեղի չի ունենա առաջիկայում, ինչպես որ եղավ անցած տարի՝ «ատկատների բացահայտման» կառավարության խորհրդակցությունից հետո: ՀՀԿ-ականներն իրենց տեսակետը հիմնավորում են նրանով, որ Իշխան Զաքարյանը հերթական հաշվետվությունը ներկայացնելիս նախ անցնում է Սերժ Սարգսյանի թրի տակով, մանրակրկիտ ճշտում դետալները՝ նոր հրապարակում:



 



Ուղղակի ՎՊ նախագահն ամեն անգամ չի կարողանում զսպել գայթակղությունը` ԱԺ ամբիոնից հանդես չգալ ընդդիմադիր հայտարարություններով եւ իր ղեկավարած կառույցին փիառ չանել: Սակայն Հովհաննես Սահակյանը որեւէ կուլիսային խոսակցություն մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում, նա պնդում է, որ սովորական աշխատանքային պրոցեսում է կուսակցությունը. «Արտառոց որեւէ բան չկա, որ ՀՀԿ-ականների գլխին, ինչպես Դուք եք ասում, սեւ-մութ ամպեր կուտակվեն: Նորմալ աշխատանքային գործընթաց է, վիճակ, զարմանալու ոչինչ չկա»: Պատգամավորի խոսքով, Ս. Սարգսյանն առաջին  անգամը չէ, որ նման «կոշտ» դիրքորոշում է հայտնում: Բայց այս ամենը նման է հերթական փիառ ակցիային, քանզի գործընթացները շարունակություն չեն ունենում. «Ես համամիտ չեմ Ձեր հետ: Իհարկե, շարունակություն լինում է: Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ բազմաթիվ խնդիրներ ստացել են իրենց լուծումը: Այլ խնդիր է դրանց լուծման մեթոդներն ու ժամանակը»:



 



Պատգամավորը չի ցանկանում գնահատականներ հնչեցնել նախագահի՝ շաբաթ օրվա խորհրդակցության ընթացքում հնչեցրած հայտարարությունների մասին: «Ես չեմ կարծում, որ մենք նախագահի ելույթը կամ հայտնած կարծիքը քննարկենք եւ տանք գնահատական: Ես դա ճիշտ չեմ համարում»,- իսկական ՀՀԿ-ականին արժանի պատասխան է տալիս պատգամավոր Սահակյանը, միաժամանակ նշում, թե համաձայն է, որ Վերահսկիչ պալատն իրավունք չուներ քաղաքական գնահատականներ տալ՝ «կարող էր ընդամենը հորդորել իրավապահ մարմիններին՝ ստուգել բացահայտումները»: Պատգամավորին հիշեցրինք, որ  քաղաքական գնահատականներ հնչեցրին նաեւ իր գործընկերները՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: «Գիտեք, երբ գալիս են, ԱԺ բարձր եւ քաղաքական ամբիոնից կարծիք, տեսակետ են հնչեցնում, ապա դա քննարկման առարկա պետք է դառնա: Այլ խնդիր է, որ փաստաթղթում առկա փաստերը հետագայում կհերքվե՞ն, թե՞ կհաստատվեն: Սրանք բոլորովին այլ խնդիր են»,- նշեց ԱԺ մեծամասնության քարտուղարը: