Հայակական Կարմիր խաչը սկսել է օգնել կարկուտից տուժած համայնքներին

Հայակական Կարմիր խաչը սկսել է օգնել  կարկուտից տուժած համայնքներին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հուլիսի 1-ից սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի եւ հիգիենիկ պարագաների կարիքները:



Հուլիսի 4-ին, ժամը 12:30-ին մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է Արեւիկ, Մրգաշատ եւ Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը: Հիշեցնենք, որ մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 46 համայնքների:



Հայկական Կարմիր խաչի ընկերությունը որոշում է կայացրել դիմել Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % եւ բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:



ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետեւանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը եւ այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:



Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացել է դրական արձագանք եւ հատկացվել մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ: ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվել են բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը եւ շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար: