«Թալանչի» նախարարների ինքնապաշտպանության գործընթացը մեկնարկեց

«Թալանչի» նախարարների ինքնապաշտպանության գործընթացը մեկնարկեց
Երեկվանից պաշտոնապես մեկնարկեց իշխանական «թալանչիների» անմեղությունն ապացուցելու, Իշխան  Զաքարյանին հերքելու գործընթացը: Կառավարության մամուլի սրահում առաջինը հանդես եկավ ամենաթիրախային ոլորտի՝ քաղաքաշինության նախարարը:



 



Նախարար Սամվել Թադեւոսյանն  ընդհանուր դրույթներով ներկայացրեց, որ Իշխան Զաքարյանը չի տարբերակել ոլորտներն ու շինարարությունը շփոթել է քաղաքաշինության նախարարության հետ: Ըստ նրա, ՎՊ-ն ստուգել է ոչ թե  նախարարությունը, այլ շինարարությունն առհասարակ, որի համակարգողը, ընդ որում, նախարարությունն է: Իսկ Զաքարյանն արձանագրել էր բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ՝  չկատարված աշխատանքների դիմաց վճարում, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ: Ըստ ՎՊ-ի, շինարարական նախագծերը եւ ձեւի, եւ բովանդակության առումով կազմվում եւ կատարվում են սահմանված նորմերի պահանջների խախտումներով, շինարարության ընթացքում նախատեսված բարձրորակ նյութերի եւ ապրանքների փոխարեն փաստացի օգտագործվում են դրանց ցարծորակ տեսակները եւ այլն: Կարճ ասած, պետական բյուջեի միջոցները մսխվել են, նպատակային չեն ծախսվել: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նախորդ նիստերից մեկում սրան արձագանքել էր հետեւյալ հանձնարարականով. «Պահանջում եմ ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որեւիցե մեղադրանք անպատասխան չմնա։ Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել, կամ պատրաստել նյութեր եւ այդ նյութերը ներկայացնել դատախազություն կամ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են, եւ դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»։



 



Սակայն  երեկվանից ուրվագծվեց, որ գործադիրը որոշել է գնալ առաջին ճանապարհով՝ ապացուցել իր անմեղությունը եւ դատախազության դուռը հասնելու մտադրություն չունի: «Այսինքն՝ հերքո՞ւմ եք Զաքարյանին» հարցին Սամվել Թադեւոսյանը պատասխանեց.  «Ես ոչ թե հերքում եմ, այլ ընդամենը ներկայացնում եմ, որ նախարարությունում ստուգում չի իրականացրել... Ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ Վերահսկիչ պալատի կողմից հաշվետվությունները ներկայացնելիս նաեւ նախարարությունների առաջարկությունները եւ դիտողությունները պետք է ներկայացվեին: Թեկուզ Ազգային ժողովում պետք է կազմակերպվեին քննարկումներ, որ ամբողջ պատկերը պարզ լիներ»: Հարցին, թե Իշխան Զաքարյանը պրոֆեսիոնալ չի՞ գործել, նախարարը խուսափեց հստակ պատասխանել. «Դա պրոֆեսիոնալիզմի հետ կապ չունի, օրենքներում պետք է փոփոխություններ կատարվեն»: Ըստ նախարարի,  խախտումներն առաջին հերթին վերաբերում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից աշխատանքները ոչ պատշաճ կատարելուն: Այսինքն՝ լիցենզավորված նախագծային կազմակերպությունները շատ դեպքերում աշխատանքներն իրականացնում են թերի եւ անորակ: Բացի դա, նշված կազմակերպություններում աշխատում են համապատասխան որակավորում չունեցող մասնագետներ, ովքեր միաժամանակ տարբեր աշխատանք են իրականացնում 5-10 կազմակերպությունում: Նախարարության իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տեխնիկական հսկողությունը հիմնականում իրականացվում է թերի եւ կրում է ձեւական բնույթ: Լիցենզավորված կազմակերպությունում մեկ կամ երկու մասնագետի միջոցով միաժամանակ 50-100 շինարարական օբյեկտներում տեխնիկական հսկողություն է իրականացվում: «Ինքներդ դատեք, թե ինչպես կարող է մեկ մասնագետը միաժամանակ իրականացնել տեխնիկական վերահսկողություն այդքան կազմակերպություններում»,- ընդգծեց Սամվել Թադեւոսյանը:



 



Նա նշեց, որ միայն նախորդ տարի քաղաքաշինության նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում կասեցվել է 550 կազմակերպության լիցենզիա, 53 մլն դրամ է վերականգնվել պետբյուջե: Արդյոք իր նախորդը՝ ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանն այդ թերացումների գործում չունի՞ մեղքի իր բաժինը: Նախարարը չցանկացավ հարցին անդրադառնալ:



 



Ժամեր անց ՎՊ-ն անդրադարձավ Թադեւոսյանի ասուլիսին՝ հանրագիտարանային տեղեկություններ հաղորդելով, թե ինչ է նշանակում «քաղաքաշինություն» բառը եւ նշելով, որ «ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի ընթացիկ հաշվետվություններում արձանագրվել են ոչ միայն շինարարության, այլեւ քաղաքաշինական մյուս տարրերին վերաբերող խախտումներ եւ թերություններ: Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած «հաշվետվությունում խորքային վերլուծություններ եւ եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին» մտքին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը», որը հաստատվել է 23.06.2011 թ. 879-Ն ՀՀ կառավարության որոշմամբ»:



 



Թադեւոսյանի ասուլիսից հետո երեկ պարզաբանմամբ հանդես եկավ նաեւ բնապահպանության նախարարությունը, եւ, թերեւս աղաղակող բացահայտումների բացակայության պատճառով, այն ներկայացրեց  նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ով համաձայն էր ՎՊ բացահայտումների հետ: Նախարարների պարզաբանումներից ակնհայտ է դառնում, որ իշխանության բեմադրած թատրոնը վերջաբանին է մոտենում առանց լուրջ իրավական ելքերի, հրապարակային աղմուկից հետո անցել են խախտումները պարտակելու գործին: Համենայնդեպս, դեռ ոչ մի թալանչի դատախազության տեսադաշտում չի հայտնվել: Թեեւ դատախազությունը ՎՊ-ից լրացուցիչ նյութեր է պահանջել եւ ստացել: