Ներքին ահաբեկումը քի՞չ է, հիմա էլ՝ արտաքի՞ն

Ներքին ահաբեկումը քի՞չ է, հիմա էլ՝ արտաքի՞ն
Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները համընթաց են քայլում: Անգամ ամենահավոր զինատեսակի տրամադրումը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին, շատ հայաստանցիների կողմից ընդունվում է անտարբերությամբ՝«Սմերչի» մեջ ենք էլի՜, «Սմե՞րչը» պիտի մեզ ոչնչացնի, հենա մանրից կոտորվում ենք էլի: 



 



Ներքին խնդիրները բարձրացվել ու դրվել  են բնակչությանը սպառնացող վտանգի նույն հարթության կամ աստիճանի վրա: Հայաստանի ներքին խնդիրները պակաս սմերչային չեն,  արտագաղթը, որպես պետական թալանի ու անտարբերության հետեւանք, հենց ամենամեծ «Սմերչն» է:  Այնպես որ հանրությանը «Սմերչից» դողահարվելու մեջ պահելու փոխարեն ՀՀ համապատասխան պետական ռազմական կառույցները ժողովրդին պետք է իրազեկեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ զինատեսակը: Թե չէ մամուլից այնպիսի տպավորություն ես ստանում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ինչ որ ատոմային ռումբին հավասար բան է տրամադրվել, եւ նա ամեն պահ աշխարհագրական քարտեզի վրա կարող է վերացնել Հայաստանը: Այլեւայլ մեկնաբանություններին չարձագանքելը, հանրությանը թողնելով ահաբեկման մեջ մի բան է հուշում՝ համակարգը ներքին ահագնացող խնդիրներից հանրությանը սահուն կերպով փորձում է տեղափոխել արտաքին խնդիրների վրա: «Սմերչը» նույնն է մեր տարաշրջանի համար, ինչ ատոմային ռումբը: Երկու դիվիզիոն «Սմերչը» ատոմային ռումբի է հավասար. մի՞թե այն համապատասխանում է իրականությանը: Մի՞թե չի կարելի հայտարարել , որ  մենք ունենք համապատասխան հեռահարությամբ հրթիռա-հրետանային միջոցներ, որոնցով կարող ենք ճնշել ու ոչնչացնել հակառակորդի «Սմերչ» կայանքները:



 



Երբ երկու- երեք բալանոց երկրաշարժ է լինում, անընդհատ հաղորդումներ են տրվում, որպեսզի ժողովուրդը խուճապի մեջ չընկնի, չէ՞ր կարելի մի սերիալի փոխարեն այդ մասին հաղորդում տրվեր ու ասվեր, որ եթե թույնի դեմ հակաթույն ունենք, վտանգը չեզոքանում է: Այդպես ոչ Ռուսաստանը կդառնար Հայաստանի աչքի գրողը, ոչ էլ ժողովուրդը խուճապահար կլիներ: Պատերազմական վիճակում գտնվող երկրի բնակչությունը պետք է իրազեկված լինի համապատասխան տարրական գիտելիքներով: Արցախյան գոյամարտը, հասկացանք, անսպասելի էր ու պատերազմի գոտում գտնվող մարդիկ անգամ տեղյակ չէին, թե ինչպես կարելի է պաշտպանվել: Դա էր պատճառը, որ խաղաղ բնակչության մեջ այդքան կորուստներ ունեցանք: Հիշում եմ, երբ



 



Արցախյան պատերազմը  նոր էր սկսվել ու «Գրադից» հրետակոծվում էր իմ հայրենի Գորիս քաղաքը, ծիծաղում էի՝ մեր բարձր ու բաց պատշգամբից նայելով: Կողքիս կանգնել էին փոքրահասակ երեխաներս ու հմայվել էին լուսային էֆեկտներով՝ սալյու՜տ, սալյու՜տ էին գոռում: Մեր ցնծությունը վայրկյաններ տեւեց, որովհետեւ աչքներիս առաջ ավերվեց մեր շրջակա տարածքը: Հայրական տունս քարուքանդ եղավ: Պետական շենքի ներքնահարկում, ուր ապրում էր մի երիտասարդ ընտանիք եւ տան հայրը, ով մեր նման չէր հասկանում, որ գնդակոծությունը սալյուտ չէ, լուսային համազարկ չէ, կանգնել էր պատուհանի դիմաց ու նայում էր: Գնդակոծությունից պատուհանները փշրվել ու ապակու բեկորները լցվել էին աչքերի մեջ, ողջ դեմքը խոշտանգվել էր: Առ այսօր այդ երիտասարդը, չնայած Գերմանիայում եւ այլ երկրներում բուժվել է, կույր նստած է այդ նույն պատուհանի առաջ, եւ լույսն անգամ չի զգում: Ինչու՞ են համապատասխան ռազմական կառույցները ժողովրդին պահում անիրազեկության մեջ: Այլեւայլ ահաբեկող աղբյուրների լռեցման ու ճնշման ուղղությամբ ինչու՞ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում: Կարո՞ղ եմ մտածել, որ դա մեր պետության ներքին շահերից է բխում, որպեսզի ժողովրդին պահվի անորոշ ահաբեկման մեջ: Ներքին ահաբեկումը քի՞չ է հիմա էլ արտաքի՞ն…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ