Հեղեղումներ Սիսիանում և գյուղերում

Հեղեղումներ Սիսիանում և գյուղերում
Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ:Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են մոտ 30 տներ և նկուղներ:



Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են նաև Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:



Ի լրումն հուլիսի 3-ի տեղեկագրի` հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Սիսիան քաղաքի Սյունիք, Կամո, Ն.Ստեփանյան, Սպանդարյան, Երիտասարդական, Գայի, Մ.Գորկի, Մկրտումյան, Սիսական և Շիրակ փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, անասնագոմեր, խանութներ և արտադրամասեր: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Սիսիանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցները և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: