Օֆշորային սերիալ՝ դատախազների մասնակցությամբ

Օֆշորային սերիալ՝ դատախազների մասնակցությամբ
Օֆշորային դրաման, որից հայ հանդիսատեսն ապշահար է, հիմնականում զարգանում է Կճոյան-վարչապետ-ադամանդագործ Սուքիասյան սուրբ եռյակի մասնակցությամբ: Բայց երբեմն նոր հերոսներ են հայտնվում, ինչպես, օրինակ, Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդեսը, ով հայտարարում է, որ իր երկրում առանց անձի իմացության եւ թույլտվության հնարավոր չէ նրան օֆշորային ընկերության բաժնետեր դարձնել, եւ սրանով նոր սրություն է հաղորդում օֆշորային դրամային: Բոլորը հասկանում են, որ եռյակի անդամներից մեկը կամ մի քանիսը սուտ են խոսում:



 



 



Օֆշորային կազմակերպության գրանցման արարողակարգը ենթադրում է, որ նախաձեռնող անձը ներկայացնի իր եւ փայատերերի փաստաթղթերը՝ համաձայնությունները, լիազորությունը հաստատող փաստաթղթերը եւ այլն: Տարին մեկ այդ անձինք պետք է օֆշորային տուրք վճարեն, իսկ փայատերերի անունով առնվազն տարին մեկ ծանուցող նամակ-հիշեցումներ են ուղարկվում, որոնք տեղեկացնում են հերթական վճարման մասին: Եթե կա հաշիվների ֆինանսական շարժ, իսկ, մեր տեղեկություններով, այդպիսի շարժ եղել է,  ապա փայատերերն այս ֆինանսական շարժի վերաբերյալ եւս տեղեկացվում են ավտոմատ ուղարկվող նամակների միջոցով: Սա ֆինանսական կազմակերպություններում ընդունված պրակտիկա է, եւ զարմանալի է, որ ոչ Նավասարդ Կճոյանը, ոչ էլ Տիգրան Սարգսյանը ոչ մի անգամ նման ծանուցագրեր չեն ստացել: Գուցե Կիպրոսում հատուկ հայ բաժնետերերի համար ա՞յլ արարողակարգ է նախատեսված: Առանց Կիպրոսի դատախազի հայտարարության էլ պարզ էր, որ նման բան հնարավոր չէր, եւ որ ադամանդագործ Սուքիասյանի ու վարչապետի հայտարարություններն ընդամենը հայկական սերիալի պրիմիտիվ հնարքներ են:



 



Երեկ մի նոր պերսոնաժ հայտնվեց օֆշորային դրամայում՝ ՀՀ գլխավոր դատախազը, որին գործողության մեջ էր մտցրել ինքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ուղարկելով նրան մայիսի 29-ին hetq.am-ում հրապարակված հոդվածը եւ խնդրելով քննել հրապարակված տեղեկությունները: Դատախազի  խորհրդական-խոսնակ Սոնա Տռուզյանի՝ ԶԼՄ-ների համար արված հայտարարությունից պարզ դարձավ, որ Ա. Հովսեփյանը Կիպրոսի դատախազին առձեռն հանձնել է ինչ-որ ծավալուն միջնորդություն, որում մեր իրավապահներն ինչ-ինչ հարցադրումներ են անում Կիպրոսի իրենց գործընկերներին եւ նախաքննության հարցում օգնություն խնդրում:



 



Այս ջանասիրությունը համոզիչ չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես էր «քցված» գործարար Փայլակ Հայրապետյանը, որի ունեցվածքը  (մոտ 33 մլն դոլարի) նրա երբեմնի գործընկեր Աշոտ Սուքիասյանը գրավ էր դրել «Ամերիա բանկում»՝ 10 մլն դոլարի դիմաց, արդեն մեկ տարուց ավելի թմբկահարում իր դեմ կատարված հանցագործությունների մասին, թե քանի անգամ է դիմել ՀՀ դատախազություն, իրավապահներին, ՀՀ նախագահին, քանի անգամ է թեման բարձրացվել ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ «Հրապարակում», անընդհատ պահանջելով, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում հայտարարվի: Բայց իրավապահ մարմիններն անհայտ պատճառներով այն ուշացնում էին: Հետախուզում հայտարարեցին ընդամենը վերջերս, երբ տրաքեց օֆշորային սկանդալը, եւ սրբազան եռյակի գործերն այլեւս անհնար եղավ  կոծկել: