Խարդախություն հայկական եղանակով

Խարդախություն հայկական եղանակով
Մի խումբ դատապարտյալների կողմից մարզպետներից ու գյուղապետերից խաբեությամբ գումար շորթելու դեպքին մենք արդեն անդրադարձել ենք: Գրել էինք, որ դատապարտյալները, Համլետ Ղազարյանի գլխավորությամբ, զանգահարել էին մարզպետների, գյուղապետերի եւ, ներկայանալով նրանց վերադասի անունից, խոշոր չափի գումարներ շորթել:



 



Խարդախությունը տեւել էր մոտ մեկ ամիս, եւ այդ ընթացքում խումբը բավական մեծ գումարներ էր յուրացրել: Մենք գրել էինք, որ այս գործը կոծկելու հարցում հատկապես շահագրգիռ են մարզպետները, ովքեր չեն ցանկանում հայտնվել դատարանում եւ խայտառակ լինել: Այնքան էլ պատվաբեր բան չէ, երբ հեռախոսային շուլլերները քեզ խաբում են եւ գումար կորզում: Դրա համար էլ նրանք ամեն ինչ արել են, որ իրենց անունները նախաքննության ընթացքում սահուն կերպով դուրս մնան գործից, եւ մեղադրանքում ոչ մի խոսք չկա որեւէ մարզպետի մասին: Սակայն այս գործով մեղադրյալներն անուններ են տալիս, եւ չի բացառվում, որ դատարանում եւս հնչեցնեն: Մեղադրական եզրակացության մեջ մանրամասն նկարագրված է, թե ինչպես, ինչ հեռախոսահամարից են դատապարտյալները զանգահարել գյուղապետերին, ինչ տաքսի ծառայության մեքենաներ են ուղարկել նրանց մոտ եւ ինչպես ու ինչ չափի գումար են պահանջել-ստացել: Գյուղապետերի մեծ ցանկից միայն Հարթավանի ու Սարամեջի գյուղապետերն են գլխի ընկել, որ իրենց հետ խոսողը փոխմարզպետները չեն, եւ հրաժարվել են փող տալ: Իսկ Արմավիրի Աղավնատուն համայնքի գյուղապետը փողը տվել է, ապա կռահել, որ իրեն խաբել են, նստել է տաքսի եւ հասել ետեւներից ու հետ վերցրել գումարը: Ուշագրավ դրվագ է Լոռվա Հոբարձի գյուղի գյուղապետի դրվագը, որից 97 հազար դրամ են խնդրել, նա 100 հազար է տվել:



 



Այս ձեռնբաց գյուղապետի որդին վարչական դատարանի դատավորներից է: Նախորդ նյութում անդրադարձել էինք Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանին, ով, սակայն, հոդվածում, ապա հրապարակումից հետո շարունակում է պնդել, որ ինքը երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել այդ խմբի հետ, եւ իրեն ոչ ոք չէր կարող խաբել (Գիզիրյանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության 6-րդ վարչության պետի պաշտոնը): Բայց, որքան էլ տարօրինակ է, խարդախության կազմակերպիչը, որի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել, ինքն է թվարկում, թե որ մարզպետներն են ընկել իր ծուղակը: Ահա նրա խոսքից հատված. «Լոռու մարզի մարզպետն ա, Արարատի, Արմավիրի փոխմարզպետը, Շիրակի… սաղ, սաղ էլ տվել են»: «Իրանք կաշառք են տվել մեզ: Մենք իրանց մարզպետ, գեներալ, փոխվարչապետ ենք ներկայացել ու էդ գումարներն ուզել: Իրանք վախից են տվել էդ գումարները: Եթե իրանք տվյալ ժամին էդ գումարները չտային, իրանց կարային շատ հանգիստ համակարգից հեռացնեին կամ էլ չթողեին, որ գյուղապետ աշխատեին: Իրանք էդ վախն ունեցել են, դրա համար են տվել էդ փողերը: Այսինքն՝ իրանց շահի համար են տվել էդ գումարները»,-բացատրեց դատապարտյալը: Այս գործով առաջին դատական նիստը նշանակված էր հուլիսի 1-ին, որը, սակայն, չի կայացել` մեղադրողի եւ պաշտպանի չներկայանալու պատճառով:



 



Մենք գրել էինք, որ ցանկություն կա դատավարությունն արագացված ընթացակարգով անցկացնել, որպեսզի շատ բան ջրի երես դուրս չգա: Գործի նախաքննության ընթացքում Համլետ Ղազարյանին պաշտպանած հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրյալն է այդպես ցանկացել: Ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը եւ նախաքննության ավարտին միջնորդություն է գրել, որ ցանկանում է արագացված դատաքննություն իրականացվի, քանի որ նման ընթացակարգի պարագայում պատժաչափը կրճատվում է: Պաշտպանն էլ չի առարկել: Մինչդեռ մեղադրյալը ճիշտ հակառակն է ասում: «Ինձ համոզում, ստիպում են, որ ես արագացված դատ ուզեմ: Իրանք ասում են՝ արագացված ուզի, քեզ քիչ կտան, բայց չի լինելու տենց բան: Ես սաղ մարզպետներին պահանջելու եմ, որ գան դատարան ու բացատրություններ տան, ու բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվում էս կաշառակերների հետ: Հիմա մարզպետները, գյուղապետերը գումար չեն պահանջում: Իրանք ամոթ են անում, որ դատարան գան: Իրանք գրել են, որ պարտք ու պահանջ չունեն: Բայց իրանք սաղ էլ պիտի դատարան գան ու բացատրեն, թե էդ գումարներն ինչի էին տալիս մեզ»,- ասաց դատապարտյալը: Նա իրեն ժամանակակից «Դետոչկին» է զգում եւ ասում է, որ ժողովրդից թալանվածն է փորձել վերադարձնել:



 



Նա այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ուր տեղափոխվել է «Հրազդան» ՔԿՀ-ից: Համլետ Ղազարյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է գողության եւ մի քանի այլ հանցագործությունների համար: Բայց փաստ է, որ այս գործում տարբեր մարդկանց կողմից փորձ է արվում նրան լռեցնել եւ «ջրել» գործը: Սակայն մենք լրագրողական հետաքննություն ենք սկսում այս ուշագրավ գործի մանրամասները պարզելու համար: Առաջիկայում ձեզ կներկայացնենք այս գործի մյուս մանրամասները եւս: