Նարեկ Սարգսյանը փորձում է վերականգնել ստալինյան տարբերակը

Նարեկ Սարգսյանը փորձում է վերականգնել ստալինյան տարբերակը
Ալ. Թամանյանի 1924 թվի Երեւանի հատակագծում բազմաթիվ կոնցեպցիաներ կան՝ հիմնված հայրենասիրական, պրակտիկ քաղաքաշինական, ճարտարապետական հենքերի վրա: Եվ դա է պատճառը, որ 1924-ի Թամանյանի գլխավոր հատակագիծը մեծ ազդեցություն է ունեցել Երեւան քաղաքի մյուս գլխավոր հատակագծերի վրա:



 



Բայց այժմ կուզեի խոսել Հյուսիսային պողոտայի մասին. ինչ բան է Հյուսիսային պողոտան Թամանյանի մոտ, եւ ինչպես է այն աղավաղվել Նարեկ Սարգսյանի ընկալման եւ օգտագործման ժամանակ: Ենթադրենք, օտարերկրյա մասնագետը գալիս է Երեւան, ի՞նչ է արձանագրում. Հյուսիսային պողոտա, քանդված կամ քանդման ենթակա թանգարանի շենք, կառավարության շենքի վրա թմբուկատիպ գմբեթ կամ դրա նախագիծ: Այլ կերպ ասած, Հյուսիսային պողոտան շրջելիս առկա են բազմաթիվ ճարտարապետական եւ քաղաքաշինական սխալներ, ինչը խոսում է Հայաստանում ցածր ճարտարապետական եւ քաղաքաշինական կրթության ու մակարդակի մասին:  Թանգարանի քանդված կամ քանդման ենթակա մեծ շենքը նշանակում է հայ ժողովրդի եւ պատկան մարմինների անտարբերությունը մշակույթի նկատմամբ եւ թմբուկատիպ գմբեթ՝ միապետության էլեմենտի կառուցում կառավարության շենքի վրա: Փորձում ես հասկանալ Հյուսիսային պողոտայի գաղափարի արդիական լինելու պատճառները 80 տարի անց, բայց, բացի սիմվոլիկ լինելուց, ոչ մի պատճառ չես գտնում: Վերցնում ես Երեւան քաղաքի 1924, 1932, 1934-1936 թթ. գլխավոր հատակագծերը եւ արձանագրում Հյուսիսային պողոտայի այժմյան դիրքը եւ չափերը:



 



Այժմյան Հյուսիսային պողոտան շեղված է եւ չի հանդիսանում Տիգրան Մեծ պողոտայի շարունակությունը, ինչպես դա 1924 թվի գլխավոր հատակագծում էր, այն ներկայացնում է 1930-ականների հատակագիծը. 25 մ լայնությունը վերցված է 1930-ականների գլխավոր հատակագծից` առավելագույն նեղ տարբերակը, այլ ոչ թե 1924-ի հատակագծից, երբ այն 40 մ էր: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Հայաստանը վերականգնում ստալինյան ժամանակաշրջանի գլխավոր հատակագիծը, ոչ թե դրանից առաջվանը, որը հիմնական գլխավոր հատակագիծն էր: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ 25 մետրը տնտեսական նկատառումներից դրդված է արվել: Բայց եթե չեք կարողանում վերականգնել Թամանյանի առաջին հիմքային հատակագիծը եւ գաղափարը, ի՞նչ կարիք կար վերականգնելու 1930-ականների հատակագիծը եւ նորմերը՝ խեղաթյուրելով բարձրահարկեր կառուցել, եթե կարելի էր եղած թաղամասերը պարագծային կառուցապատում անել եւ ունենալ ավելի շատ կառուցապատված մակերես՝ չաղավաղելով նորմերը:          



 



Որոշ քաղաքների քաղաքաշինական կոնցեպցիաները ներկայացնում են տվյալ ժողովրդի ողջ պատմությունը, որը դառնում է հիմք այդ քաղաքի հատակագծի համար: Այդպիսին է Թամանյանի Երեւանը: 1924թ. հատակագծում հյուսիսից հարավ մի մեծ պողոտա է անցնում, որը քաղաքը բաժանում է արեւմտյան եւ արեւելյան մասերի, կարծես արեւելյան եւ արեւմտյան Հայաստանների: Հին աշխարհում հյուսիս-հարավ այդպիսի պողոտա տանելը նշանակում էր աշխարհը կիսել երկու մասի: Քաղաքի արեւմտյան եւ արեւելյան մասերը միանում են 3 կետում, որոնք գտնվում են այդ հյուսիս-հարավ պողոտայի մեջտեղում: Օպերայի շենքը, պարտեզի մի մասը, կառավարության շենքը այս էլեմենտները պետք է միավորեին եւ վերածնեին մասնատված Հայաստանը եւ հայ ժողովրդին: Քաղաքի երկու մասի կիսված լինելը եւ որոշ այլ էլեմենտներ նկատել էր Սովետական Հայաստանի կառավարությունը, եւ դա քննարկումների թեմա էր դարձել Թամանյանի ժամանակ: Արժե՞ր այժմ քաղաքը կիսել, երբ Հայաստանի պետականությունը կայացել է, եւ խոսքը գնում է հայերի վերամիավորման մասին:



 



Ստալինյան շրջանում 1932 թվի հատակագծում Թամանյանը ստիպված է լինում շեղել իր հյուսիս-հարավ պողոտայի հյուսիսային հատվածը, որ այժմյան Հյուսիսային պողոտան է, սակայն Օպերայի շենքը նա ճիշտ Տիգրան Մեծ պողոտայի առանցքով է դնում, իսկ կառավարության շենքը 1932-ից սկսած հատակագծերում վիզուալ շեղում է, բայց այն կառուցվում է՝ համաձայն 1924 թ. գլխավոր հատակագծի, այսինքն՝ նույն առանցքի վրա:  1930-ականներին հետզհետե նեղացնելով հյուսիսային մասը մինչեւ 25 մ, Թամանյանն այն անվանում է Հյուսիսային պողոտա, իսկ հարավային մասը՝ այժմյան Տիգրան Մեծ պողոտան, որը նայում է դեպի Արարատ, թողնում է 40 մ՝ անվանելով Հարավային պողոտա: Հյուսիսային պողոտան, որը վերեւի մասում դառնում է հյուսիսային ճառագայթ, նաեւ հանդիսանում է սլաք՝ մատնանշող Հյուսիսը: Լենինը հրապարակից եւս նայում էր այդ Հյուսիսին: Այդ հյուսիսային մասը հայաստանցիների հիասթափության արդյունքում չիրականացվեց եւ թանգարանի շենքի ամրացմամբ զմռսվում է՝ թողնելով միայն պողոտայի դեպի Արարատ ուղղությունը, որը տեղ-տեղ աննշան շեղումների է ենթարկվում ուղղիչ գծից սովետական ռեժիմի պատճառով: Արդյոք արժե՞ր Հյուսիսային պողոտան բացել 1930-ականների հատակագծով, այդքան մարդկանց տեղահանել, եթե 1930-ի սկզբին Թամանյանին Հյուսիս-հարավ պողոտայի կառուցումն արգելվեց «Մանկական աշխարհ» հանրախանութի կառուցումով, որը եւ փակեց ու ընդմիշտ շեղեց այդ պողոտայի հյուսիսային հատվածը:



 



Այժմ Հյուսիսային պողոտան վերացնում է թանգարանի շենքը եւ մատնանշում գմբեթի կառուցումը: Գուցե արժեր այն ժամանակ, երբ Հյուսիսային պողոտան էր կառուցվում, տնտեսական շահերը մի կողմ դնել եւ իրականացնել հետիոտն պողոտան 40 մ լայնությամբ` պահպանելով հուշարձան շենքերը, թողնելով ձախ անկյունում «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքը՝ մասամբ մխրճված այդ պողոտայի մեջ, որը կմատնանշեր 1930-ական թվերը եւ այն արգելքները, որոնք խոչընդոտում էին Թամանյանին իրականացնել իր 1924-ի գլխավոր հատակագիծը: Այդպես կլիներ, եթե Հայաստանի ճարտարապետները եւ քաղաքաշինարարները՝ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ, հասկանային, թե ինչ է նշանակում Հյուսիս-հարավ պողոտան Թամանյանի մոտ, որը շատ ավելի խորիմաստ էր, քան երկու գիծը հատակագծի վրա: Եվ գուցե այդ պողոտան դառնար անկախ Հայաստանի խորհրդանիշը՝ իր ուղղությամբ դեպի հարավ, հիշեցնելով պառակտման ու միավորման մասին, հայ ժողովրդի պատմության եւ նրա իղձերի մասին:  Իսկ այժմ դա ոչինչ չի նշանակում. քանդելով թանգարանի շենքը՝ կբացվի միայն Նարեկ Սարգսյանի ստեղծած «բազարի» տեսարանը, որի մեջ Հյուսիսային պողոտան գերիշխող դիրք է զբաղեցնում: Եվ մարդը կտեսնի մի կողմում այդ ամենը, մյուս կողմում՝ թամանյանական Երեւանը, եւ դա էլ ավելի կուժեղացնի պառակտումը: Տնտեսական տեսակետից, հավելյալ ծախսերից բացի, այն ոչ մի բան չի պարունակում: Իսկ գմբեթը դնելով՝ Նարեկ Սարգսյանը մեկ անգամ եւս կհիշեցնի 1930-ականները, որոնք, չգիտես ինչու, մտնում են 21-րդ դարասկզբի Երեւանի մեջ:



 



Այսպիսով, վերլուծելով այժմյան քաղաքաշինական իրականությունը, արձանագրենք. ունենք նեղ Հյուսիսային պողոտա, լայն Տիգրան Մեծ պողոտա, որոնք չեն հատվում: Եվ մեր թանգարանի շենքի մարմնավորմամբ թող դրանք երբեք չհատվեն, քանի որ Հյուսիսային պողոտան Տիգրան Մեծի հետ ընդհանուր գործեր չունի անելու Հանրապետության հրապարակում: Այդ փաստը եւս երեւում է Թամանյանի հատակագծերի մեջ: Դրա մասին է նաեւ վկայում այն, որ Թամանյանն է ուղղել Լենինին՝ նայելու հրապարակից դեպի հյուսիս, թողնելով հայերին հարավի ուղղությանը:



 



Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ



քաղաքաշինության դոկտոր