Մենք բոլորս ուժեղ ենք միասին

Մենք բոլորս ուժեղ ենք միասին

Երեկ տրանսպորտի սակագնի վերաբերյալ Տարոն Մարգարյանի որոշման վերանայումը մեծ ցնծություն էր առաջացրել ինչպես փողոցներում, այնպես էլ «Ֆեյսբուքում»: «Ֆեյսբուքի» օգտատերերն իրենց ամենատարբեր գրառումներն են թողել այդ կապակցությամբ: Սիրան Գրիգորյանը գրել է. «Կեցցեք, մարդիկ` լավ, ուժեղ, բարի, մեծահոգի, լուսերես երիտասարդներ, տարեցներ, երեխաներ, վարորդներ (երթուղայինների, Free car-երի եւ այլն), դերասաններ, երգիչներ, բանվորներ, թոշակառուներ, լրագրողներ... Մենք բոլորս ուժեղ ենք միասին...»: Լեւոն Բարսեղյանն էլ գրել է. «Փաստորեն, էս անգամ Սերժիկը չհասցրեց վեննա մտնել ու ասել այն, ինչ ասաց պուրակում, մալադեց, Տարոն, մի անգամից՝ չէ, բայց երկու անգամից հասկանում է որտեղ են ձմեռում կոկորդիլոսները...»: Օգտատերերն անդրադարձել են նաեւ այս օրերին 150 դրամ վճարողներին: «Թող վատ զգան նրանք, ովքեր, տուրք տալով իրենց հարեւանի կարծիքին, 150 դրամ վճարեցին ու զրկվեցին այս փառահեղ հաղթանակի դափնիներից»,-գրել է մեկ այլ օգտատեր: Մհեր Մանուկյանն էլ հորդորել է «Անվճար մեքենա»-ի մասնակիցներին շարունակել սկսած բարի, հաճելի ու օգտակար աշխատանքը, «քանի որ եթե ընդամենը 1000 ավտոմեքենա օրական 4-6 հոգու տեղափոխի մի կետից մյուսը՝ անվճար, ապա մենք հայ հասարակությանը ոչ միայն 100.000.000 դրամի նվեր կտանք, առանց որեւէ ներդրման, այլ նաեւ հասարակության մեջ կներարկենք սոցիալական պատասխանատվության, փոխօգնության եւ, ինչու չէ՝ նաեւ միասնության զգացումները... ինչպես նաեւ կշփվենք, կարծիքներ կհայտնենք ու կլիցքավորվենք (ինձ դա լիցքավորում էր միայն դրական լիցքերով)»: