Անդրիաս Ղուկասյան. «Շրջապատենք քաղաքապետարանի շենքը»

Անդրիաս Ղուկասյան. «Շրջապատենք քաղաքապետարանի շենքը»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարժման հարգելի մասնակիցներ,



Իմ կարծիքով, որպեսզի շարժումը ունենա տրամաբանական զարգացում, անհրաժեշտ է տեր կանգնել ուրբաթ օրը քաղաքապետարանին ներկայացված պահանջներին, քանի որ քաղաքապետի պատասխանը այդ պահանջներին անհրաժեշտ հստակություն կմտցնի շարժման հետագա գործողությունները որոշելու հարցում։ Տրամաբանական կլիներ, որ շարժումը երկուշաբթի առավոտյան ներկայացնի քաղաքապետին պահանջ՝ մինչև ընթացիկ օրվա ավարտը հայտնել իր դիրքորոշումը ներկայացված պահանջների նկատմամբ։



Միաժամանակ պետք է զգուշացնել քաղաքապետին, որ այդ պահանջը չկատարելու դեպքում, հաջորդ օրը առավոտյան, մինչև քաղաքապետարանի աշխատանքային օրվա սկիզբը շարժման մասնակիցները կշրջապատեն քաղաքապետարանի շենքը, կկազմեն շղթա և կխոչընդոտեն քաղաքապետարանի աշխատակիցների մուտքը քաղաքապետարան։



Որպեսզի նման ակցիա իրականացվի, պետք է առնվազն 200 քաղաքացու մասնակցություն։ Այդ գործողությունները օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար, ակցիայի նախաձեռնող խումբը երկուշաբթի երեկոյան պետք է հայտարարի հաջորդ օրը քաղաքապետարանի մոտ «շտապ հավաքի» մասին։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մեքենաներ, կարող ենք երեքշաբթի առավոտյան ժամը 7-8-ը գալ և զբաղեցնել քաղաքապետարանի դիմացի ավտոգանգառը։



Ժամը 8-ից կարելի է ստեղծել շղթա, որը կփակի քաղաքապետարանի մուտքերը։



Ոստիկանությունը բնակաբանար հանդես կգա տարածքը ազատելու պահանջով։ Այդ ժամանակ քաղաքացիները կարող են իրենց հետ բերված բամբակը դնեն ականջների մեջ և շարունակեն ակցիան։ Իհարկե, ականջներում դրված բամբակը չի ազատում վարչական պատասխանատվությունից ոստիկանի հրամանին չենթարկվելու համար, սակայն դա ֆլեշմոբի էլեմենտ է, որը ընդգծում է այն փաստը, որ քաղաքացիները խուլ են ոստիկանության հրամանների նկատմամբ։



Ակցիան հաջող կլինի, եթե տևի մի քանի ժամ (օրինակ մինչև ժամը 12-ը)։ Նմանօրինակ ակցիա կարելի է կրկնել նաև հաջորդ օրերին՝ մասնակիցների ավելի մեծ քանակով, մինչև որ չստանանք պահանջների պատասխանը։



Խնդրում եմ, այսօր երեկոյան Մաշտոցի պուրակում ժողով անցկացնողներին դնել այս առաջարկը ընդհանուր քննարկման։ Որպեսզի բացառվի որևէ կասկած, որ ես այս առաջարկով ուզում եմ շարժման մեջ լիդերի դեր ստանձնեմ, ինքս այդ քննարկմանը չեմ մասնակցի և առաջարկը ընդունելու դեպքում, հավասար կարգավիճակով կմիանամ բոլորին»: