Ծովից ծով քաղաքապետարան

Ծովից ծով քաղաքապետարան

Ֆեյսբուքյան ակտիվիստների պայքարի այսօրվա հիմնական միջոցը սուր հումորն է: Ինտելեկտուալ երիտասարդությունը կարծես զենքը գտել է մերօրյա իշխանությունների դեմ պայքարի, նրանք կարծես այլեւս լուրջ չեն ընդունում ոչ մեկին ու սուր երգիծանքը դարձրել են իրենց հիմնական հաղթական զենքը: «Ֆեյսբուքն» այսօր ողողված է քաղաքապետի զանազան ծաղրանկարներով: Տարոն Մարգարյանը մեկ Պոսեիդոն է, մեկ Վոլոչկովայի հետ՝ ծովափին եւ այլն, եւ այլն: Գրառումներն էլ՝ մեկը մյուսից հետաքրքիր ու ծիծաղելի: Այսպես, օրինակ. «Թշնամու ջրաղացին ջուր ես պզզացնում», «Տարոն Ջրադարձ», «Ծովից ծով քաղաքապետարան» եւ այլն: Այս առիթով Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է. «Ինձ միշտ զարմացրել է մեր իշխանական համակարգի մանրությունը, եթե չասեմ՝ ճղճիմությունը: Ասենք, միտինգի ժամանակ սրճարան ու զուգարան փակելը (այդ թվում «ընդդիմադիր» տերերին պատկանող սրճարանները), տակից ինչ-որ մանր «վրեդնիություններ» անելը: Հիմա նույնը էս քաղաքապետարանի ջրի պատմությունն է: Մարդ ուզում է պատկերացնել նման որոշում կայացնող ու իրականացնող պետական պաշտոնյայի, ենթադրաբար՝ հասուն, 30-ն անց մարդու, այսպես ասած, «ներքին աշխարհը», այն «հանճարեղ» հոգեվիճակը, որում նա այդ որոշումը կայացնում եւ իրականացնում է, այն մանր լակոտիկի «հաճույքը», որը նա ստանում է նման «գործունեությունից», ու, ասենք, իրա մտքով չի անցնում, թե որքան ինքնաստորացնող ու պետական համակարգի պատվին խփող է այդ կարգի «կրեատիվը»: Իրոք, մի պահ պատկերացրեք պետության ղեկավարին, որը լուրջ դեմքով հրահանգում կամ ակնարկում է (չգիտեմ դա կոնկրետ ոնց է տեղի ունենում, բայց գիտեմ, որ «բարձր հովանին» անհրաժեշտ է) զուգարաններ փակելը, կամ քաղաքապետին, որը հրահանգում կամ ակնարկում է նստացույցի մասնակիցների տարածքն անընդհատ ջրելը: Ի՞նչ եք կարծում՝ այդ մարդիկ քանի՞ տարեկան են, քանի՞ տարեկանի հոգեբանություն ունեն»:



Մուշեղ Բաբայանը գրում է. «Ա՛յ մարդ, գոնե թասիբ ունեցեք, անջատեք էդ անտեր ոռոգման համակարգը: Ամբողջ ազգի ծանակին եք արժանացել ու էլի չեք ուզում հասկանալ, որ ջուր շաղ տալով չեք կարողանալու հաղթել մտավոր դիմադրությանը»:



Տաթեւ Կարապետյան. «Հարգելի քաղաքապետարան-ջրապետարանցիներ, ձեր փողերը դիզելիս մի մոռացեք` ջրի բերածը ջուրն էլ կտանի,  ու շատ հնարավոր ա, որ հենց քաղաքապետարանի ոռոգման ջուրը: Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը քաղաքացիների սոլիդարությունն ու հումորի զգացումը խթանելու համար»: