Մարկ Սաղաթելյանին հողին կհանձնեն ընտանեկան գերեզմանատանը

Մարկ Սաղաթելյանին հողին կհանձնեն  ընտանեկան գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր կեսօրին մահացած հայտնի հայ շոումեն  Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը կկայանա ուրբաթ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Սաղաթելյանի հարազատներից մեկը` Սերգեյ Օսիպյանը:



«Նրան հողին կհանձնեն Երևանում գտնվող ընտանեկան գերեզմանատանը»,- ասաց գործակալության զրուցակիցը:



Նա հայտնեց նաև, որ հանգուցյալի հոգեհանգստի արարողությունը կկայանա հինգշաբթի` երևանյան եկեղեցիներից մեկում:



Օսիպյանը չնշեց այդ եկեղեցին: «Պետք է հասկանալ, որ այնտեղ ցանկալի է միայն ամենամտերիմների և ընկերների ներկայությունը»,- ասաց նա:



Մարկ Սաղաթելյանը մահացավ չորեքշաբթի «Նաիրի» բժշկական կենտրոնում:



Սաղաթելյանը երեկվանից կոմայի մեջ էր։ Նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր։ Երեքշաբթի ժամը 12։50–ին անգիտակից վիճակում նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն։ Համակարգչային տոմոգրաֆիան գլխուղեղի արյունազեղում էր հայտնաբերել, որն առաջացել էր սուր լեյկոզից։



Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ–ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է  1971թ.–ի սեպտեմբերի 1–ին։ 1988թ.–ին ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։



Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում` «Մեր բակը» (1996) և «Մեր բակը–2» (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։



Մարկ Սաղաթելյանը և հայտնի հայ երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը 2012թ.–ի հունիսին տեղի ունեցած խոշոր ՃՏՊ–ի հետևանքով  ծանր վիճակով տեղափոխվել էին հիվանդանոց։  Ըստ բժիշկների հաղորդագրության, Սաղաթելյանը ոսկորների վնասվածքներ ուներ` կապված վզի և կրծքավանդակի ողերի, ինչպես նաև կոնքազդրային ոսկորների կոտրվածքի հետ։



Ըստ որոշ տեղական ԶԼՄ–ների, Սաղաթելյանը, որի վիճակն աստիճանաբար բարելավվում էր, օրերս պատրաստվում էր մեկնել Գերմանիա` բուժումը շարունակելու նպատակով, սակայն առողջական վիճակի վատացման հետևանքով այցը հետաձգվել է։



Հայաստանի առողջապահության գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին ոչ մի կապ չի տեսնում Սաղաթելյանի սուր լեյկոզ ախտորոշման և ՃՏՊ–ի միջև, քանի որ այդ հիվանդությունը առաջացման պատճառները կարող են տարբեր լինել։



newsarmenia.am