Մարոն և իր մանկապարտեզը

Մարոն և իր մանկապարտեզը

Անսպասելի հրավեր` «Արարատ ցեմենտ» ՓԲԸ մանկապարտեզի տնօրեն Մարո Քեդերյանն է: Ինձ հրավիրում է մանկապարտեզի ավարտական հանդեսին: Շոյվեցի: Իմ Մարոն, մեր Մարոն ինձ չի մոռանում, ասես ինքն էլ ինձ է հաշվետու լինում: Ինչու՞, Մարոն դպրոցական տարիներին դարձել էր կոմերիտմիության Վեդու շրջկոմի (որտեղ աշխատում էի) հոգեզավակը: Մենք փորձում էինք օգնել աղջնակին: Վաղ տարիքում ծնողներին կորցնելուց հետո նրան խնամում, դաստիարակում էր տատը: Մարոյի հիշողությունները կապված են տատի հետ: Ընտանիքը 1947-ին հայրենադարձվել է: Լիբանանի մետաքսի գործարանատիրոջ` ֆաբրիկատորների դուստրը` Զարուհին, կամ ինչպես Մարոն է ասում` մեծ մամը իր հետ Հայաստան է բերում թոռանը:



ԼԿԵՄ շրջկոմի առաջին քարտուղար Հենրիկ Մինասյանը ծնողի, ավագ եղբոր հոգատարությամբ էր վերաբերվում նրան, մենք նույնպես: Հոգեմերձ այդ կյանքը շարունակվեց ամբողջ կյանքում: Բնածին ձիրքերը դրսևորվում էին, գանգրահեր, սևաչյա Մարոն այնքան նազանքով էր պարում, երգում արտասանում: Կիրովականյան հանրապետական պիոներական հավաք, Համամիութենական «Արտեկ» պիոներական ճամբար, փառատոններ, հանդիպումներ… Մարոն նկատվում էր, խրախուսվում: Կյանքի ճանապարհ ընտրելիս չվարանեց, դե իհարկե, մանկապարտեզ, ուրիշ էլ որտեղ կարող էր իրացնել մերձավորի նկատմամբ իր սերը, հոգու գանձերը:



Տասնամյակներ են անցել, դաստիարակ Մարոն պարտեզի ոգին է ու տնօրենը: Առջևում սեպտեմբերն է, ավագ խմբերում հրաժեշտի հանդեսներ են: Մանկապարտեզում ուրախ եռուզեռ է: Ծաղկազարդ, խնամված բակից, փիրուզյա լճակից չես ուզում աչք կտրել: Սրահներում երեխաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն է: Գունագեղ աշխարհը կլանել է ծնողներին: Ամեն մեկը փնտրում է իր երեխայի աշխատանքը:



Հանդիսությունների սրահի ձևավորումը ինքնին խոսում է, որ գործ ունես նրբագեղ, գեղեցիկի ընկալմանը ունակ կոլեկտիվի հետ: Ծաղկած ծառերի, վարագույրների, հավերժություն խորհրդանշող ծաղիկների թրթռացող, ներդաշնակ գույները համահունչ են երեխաների հագուկապին:



Իրար են հաջորդում հայրենաշունչ, հայեցի կատարումները: Երեխաները փայլում են ձեռք բերած գիտելիքներով, մեկը մյուսից ներկայանալի համարներով: Եվ դաստիարակները, և դաշնակահարը, բոլորը, ամեն մեկը իր տեղում է` կենտրոնացած, հուզված: Նրանք իրենց ձեռքբերումները պայմանավորում են պարտեզի տնօրեն- դաստիարակի գործի, երեխաների նկատմամբ ունեցած սիրով, պատասխանատվությամբ և, իհարկե, անհրաժեշտ պայմանների առկայությամբ:



- Ծնողները ոչ մի խնդիր չունեն,- ասում է Մարոն,- հաստատության բոլոր կարիքները հոգում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որի ղեկավարության հոգատարությունը մշտապես զգում ենք:



Մի քանի օրից դպրոցական առաջին զանգի ղողանջները հազար-հազարների հետ դասասենյակ կհրավիրեն նաև Մարոյի մանկապարտեզի 60 սաներին: Սերունդները գալիս-գնում են` իրենց հետ տանելով հարազատ օջախի նկատմամբ սերը:



Նայում ես վառվռուն աչքերով, կենսախինդ այդ մանուկներին, լցվում ես հավատով, հավատով, որ նրանք այսօր ամբարած հայրենասիրության կենսահյութը ամբողջ կյանքի համար են կրում:



Մարոն իրեն համարում է եկեղեցու մոմ, որ այրվում է սուրբ գործի համար, և դրանով երջանիկ է: Մշտահոլով կյանքի ընթացքի, հայ լինելու երաշխավորը նաև հայրենիքում և սփյուռքում նվիրումով ապրող մեր ուսուցիչներն ու դաստիարակներն են:



Տպավորված տեսածով ու լսածով, մնում է վաստակաշտ կոլեկտիվին ու նրա շնորհաշատ տնօրենին մաղթել հաջողություն:



 



Զուբեյդա ԳԵՂԱՄՅԱՆ