«Պետք չի, որ պետությունը կազմակերպի եւ հետո մեր քթերից բերի»

«Պետք չի, որ պետությունը կազմակերպի եւ հետո մեր քթերից բերի»

Երիտասարդների միջազգային օրը Հայաստանի երիտասարդությունը նշեց նախ հավաքվելով Սիրահարների այգում: Որտեղից էլ «Անկախության սերունդն այսօր որպես հաղթանակած երիտասարդություն» եւ «Միասնությունը դեպի հաղթանակ տանող միակ ճանապարհն է, որը կերտել են երիտասարդները» պաստառներով, թմբուկներով ու փուչիկներով, եռագույնն առաջ պարզած եւ օրհներգը երգելով՝ երիտասարդների տոնական երթը Բաղրամյան պողոտայով հասավ Ազատության հրապարակ, այնտեղից էլ Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով մոտեցավ քաղաքապետարանի շենքին՝ շնորհավորելու նստացույց անող երիտասարդների տոնը: 



«Ազատ, անկախ, հաղթանակած երիտասարդությունը հավաքվել է քաղաքային իշխանությունների կողմից պարտադրված միջոցառումներից դուրս նշելու Երիտասարդության միջազգային օրը: Հիմա մենք քայլում ենք քաղաքապետարան՝ աջակցելու նստացույց անող մեր երիտասարդ ընկերներին: Հենց քաղաքապետարանի կողմից կիրառված սխալ որոշումների արդյունքում է, որ այսօր ունենք միասնական ու համախմբված, նաեւ իր իրավունքների համար պայքարող երիտասարդություն: Երեկոյան ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում կազմակերպել ենք բացօթյա համերգ, որին կարող են միանալ բոլոր երիտասարդները»,- ասում է Սոնյա Մսրյանը: Երիտասարդները բարձրախոսով ճանապարհին հայտարարում էին, որ շատ բան ունեն երկրում փոխելու եւ միասնական պայքարով հասնելու են ամեն ինչի: «Մենք պետք է փոխենք բոլոր անկանոն ու անօրինական երեւույթները, որ կատարվում են մեր երկրում: Օրինակ, ուսման վարձերի թանկացումը: Առավոտյան մենք հավաքվելու ենք նախարարությունների շենքի առաջ եւ պահանջելու ենք, որ պարոն Աշոտյանը գա եւ պարզաբանի, եւ հասնելու ենք այն բանին, որ վճարներն իջեցվեն նախկին չափին, քանի որ մեզնից շատերն անապահով են եւ չեն կարող վճարել: Մենք պայքարելու ենք երկրում ընդունվող ցանկացած անօրինական որոշման դեմ, ինչը չի բխում հասարակության շահերից, մենք ենք կայացնելու մեր երկիրը: Բացի այդ, այս երթով ուզում ենք ապացուցել, որ մենք էլ կարող ենք մեր տոնը կազմակերպել, մեզ պետք չի, որ պետությունը կազմակերպի եւ հետո մեր քթերից բերի»,- վստահեցնում է Արծրուն Գեւորգյանը:



Իսկ թե ինչու են երիտասարդները խուսափում պետության կազմակերպած միջոցառումներին մասնակցելուց, ուսանողուհի Աիդա Հարությունյանն այսպես պարզաբանեց. «Որովհտեւ մենք դուրս ենք քաղաքականությունից եւ ցանկանում ենք ազատ երիտասարդներով մեր ազատ տոնը նշել, քանի որ այսօր մեր կառավարությունն անտեսում է երիտասարդների իրավունքները եւ քայլում է մեր ինքնասիրության վրայով: Մեր պահանջները, մեր իրավունքներն անտեսված են, մենք ցանկանում ենք, որ երիտասարդությունն իր տեղն ունենա այսօրվա ազատ, անկախ Հայաստանում: Մենք առավոտից իրիկուն՝ սոված-ծարավ, պայքարում էինք մեր իրավունքների համար, հիմա էլ միասին ենք, որպեսզի լիարժեք ուրախանանք»:



Հենց այդ ուրախ տրամադրությամբ էլ երիտասարդները քայլեցին Մաշտոցի պուրակ եւ երեկոն շարունակեցին տոնական համերգով: Քաղաքապետարանի առաջ ՀՀԿ հայտնի պառավը ճիգ ու ջանք չխնայեց ոստիկանների վառած կանաչ լույսի տակ հարամել երիտասարդների տոնը, բայց այս անգամ չհաջողվեց, քանի որ երիտասարդները թմբուկների հարվածների տակ խլացրին պառավին:



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ