Ի՞նչ սպասել Պուտինի` Բաքու կատարելիք այցից

Ի՞նչ սպասել Պուտինի` Բաքու կատարելիք այցից

Այսօր, 7 տարվա ընդմիջումից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Բաքու: Ըստ ռուսական աղբյուրների՝ այս անգամ Պուտինը Բաքու կհասնի ոչ թե ինքնաթիռով, այլ մարտական նավով` կտրելով Կասպից ծովը: Տեղական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Պուտինի ոչ սովորական երթուղու մասին մեկնաբանություններում ընդգծում են, թե Կասպյան նավատորմի շքերթը նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել երկկողմ բարեկամական կապերը, ինչպես նաեւ եւս մեկ անգամ ի ցույց դնել Ռուսաստանի հզորությունն ու կարողությունը Մոսկվայի համար առանցքային նշանակություն ունեցող կովկասյան տարածաշրջանում: Այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին, որ Ռուսաստանը հեռահար նպատակներ ունի Ադրբեջանի էներգետիկ շուկա մտնելու վերաբերյալ, եւ որ ռուսական խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՀՏրվպՒՑՖ»-ը, լրջորեն հետաքրքրված է Ադրբեջանում վերջերս հայտնաբերված Ապշերոն գազային հանքավայրի շահագործմամբ, ինչպես նաեւ գազի հարուստ պաշարներ ունեցող «Շահ-դենիզ 2»-ում բաժնեմաս ձեռք բերելու հարցով:



Ադրբեջանցի վերլուծաբանները եւս պատահական չեն համարում այն հանգամանքը, որ Պուտինը Բաքու է ժամանում հենց հիմա՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այս համատեքստում են տեղավորում նաեւ Ռուսաստանի  բիզնես հավակնությունները, մինչդեռ Ռուսաստանը ներկայացնող հայաստանցի քաղաքագետները այցը պայմանավորում են մեր երկրի արտաքին կողմնորոշման խնդրով եւ երեկ ողջ օրն ահազանգում էին, թե Ռուսաստանը վերջնականապես ընտրեց Ադրբեջանին:



 



ԼՈՒՐՋ ՎՏԱ՞ՆԳ, ԹԵ՞ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ



Անդամակցում Եվրամիությա՞նը, թե՞ Եվրասիական Միությանը: Հայաստանյան իշխանությունների ընտրած ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքը, ինչ խոսք, չի բավարարում աշխարհաքաղաքական կենտրոններին, արդյունքում այս ընթացքում ականատեսը դարձանք Ռուսաստանի կիրառած ճնշման կոշտ միջոցներին՝ գազի գնի թանկացում, զենքի վաճառք թշնամի երկրին եւ տհաճ ակնարկներ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայերի հնարավորությունների սահմանափակման մասին: Բայց արդյո՞ք Բաքու կատարած այցով Ռուսաստանը վերջնականապես փակում է դաշնակից Հայաստանի դեմ իր դռները: «Անշուշտ, կա վտանգ, որ Ռուսաստանը կփոխի իր մարտավարությունը Հայաստանի եւ Բաքվի նկատմամբ,- ասում է Քաղաքագետների միության նախագահ, ռուսաստանյան կողմնորոշման ջատագով Հմայակ Հովհաննիսյանը եւ շարունակում:- Չնայած որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց միաժամանակ պատրաստվում է համաձայնագիր կնքել Եվրոպայի հետ, բացի Հայաստանից, ՀԱՊԿ ոչ մի անդամ նման քայլ չի նախապատրաստվում անել: Մյուս կողմից՝ Ադրբեջանը, որը ՀԱՊԿ անդամ չէ, բայց միաժամանակ Արեւելյան գործընկերության անդամ է, չի պատրաստվում Բելառուսի հետ միասին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանի այդ քայլը «լուրջ վտանգ» է պարունակում մեզ համար, քանզի այդպիսով «նպատակ ունի լուրջ առավելություններ քաղել իր համար Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում»:



«Ես միշտ ասել եմ, որ ԼՂ հիմնահարցի բանալին գտնվում է Կրեմլում, իմ կարծիքով, Ադրբեջանի չմասնակցելն Ասոցացման համաձայնագրին կօգտագործվի որպես խաղաքարտ՝  Երեւանի հաշվին առավելություններ կորզելով Մոսկվայի հետ փոխհարաբերություններում: Եթե Ադրբեջանն ընդգրկվեր ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացում եւ, բնականաբար, համապարփակ խորացված ազատ առեւտրի գոտում, այդ դեպքում Ղարաբաղի հարցը կլուծվեր: Բայց այն, որ Ադրբեջանը չի ստորագրում, Ղարաբաղի մասնակցությունը դառնում է  անհնարին: Առայսօր որեւէ հստակ պատասխան չկա, թե ինչպես է նախատեսվում լուծել Ղարաբաղի հարցն այս գործակցության մասնակցության ժամանակ»:



Քաղաքագետն այս համատեքստում չի բացառում, որ Ադրբեջանը հանդես կգա առաջարկությամբ՝ «աջակցություն տարածքային ամբողջականություն  ապահովելու հարցում, ասել է թե Ղարաբաղի հարցի լուծումը հօգուտ Ադրբեջանի՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումը երաշխավորելու, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցությունից հրաժարվելու  դիմաց»,- ասում է Հովհաննիսյանն ու հավելում, որ Ալիեւն ըստ էության նման քայլ արդեն արել է՝ Ասոցացման համաձայնագրին չմասնակցությամբ:



ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, Ռուսաստանն ընդամենը ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում, եւ այս այցն էլ տեղավորվում է այդ քաղաքականության շրջանակներում. «Հասկանալի է, որ Ադրբեջանն իր նավթային ռեսուրսներով մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի համար, եւ Բաքու մեկնող պատվիրակության կազմից արդեն հասկանալի է դառնում, թե ինչ ոլորտների վերաբերյալ են լինելու բանակցությունները՝  էներգետիկա, տրանսպորտ, պաշտպանություն»: Հասկանալի է, որ Ռուսաստանը տարածաշրջանում իր դիրքերն ապահովելու է՝ ի հակակշիռ Արեւմուտքի ներկայության. «Բաքու այցը կարող է դիտարկվել իբրեւ նախազգուշացում Հայաստանին առ այն, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը չափից ավելի ինտեգրվի արեւմտյան քաղաքական եւ տնտեսական տարածք: Վերջին շրջանում Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումն էլ հենց  մեսիջ է Հայաստանին, որ թեկուզ պաշտպանության տեսանկյունից ձեռնտու չէ մոռանալ Ռուսաստանին»: Քաղաքագետը նաեւ նկատում է, որ մեր երկրի եվրաինտեգրման մակարդակն այնպիսին չէ, որ Ռուսաստանի շահերին հակասի. «Ուղղակի կա որոշակի մտավախություն, որ Հայաստանը կհեռանա Ռուսաստանի քաղաքական տնտեսական տարածքից. այս համատեքստում Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ նախազգուշական քայլերով է հանդես գալիս»:  



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ