Անկախ գներից՝ նախընտրում են հանգստանալ դրսում

Անկախ գներից՝ նախընտրում են հանգստանալ դրսում

Մեր քաղաքացիներից շատերը, ինչպես հայտնի է, վերջին տարիներին ծովը գերադասում են գեղատեսիլ անտառներում տեղակայված հանգստյան տներից: Հայաստանում հանգստանալը համարվում է  նաեւ թանկ հաճույք: Այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ գներ են առաջարկում հայաստանյան հանգստյան տներն այս տարի: Փորձեցինք ճշտել, թե հանգիստը Հայաստանի գեղատեսիլ վայրերում ինչ արժե:  Դիլիջանի «Տավուշ» հանգստյան տանն ազատ սենյակներ շատ կան: Հյուրանոցային համալիրում սենյակները երկտեղանոց են, իսկ գները տատանվում են` կախված սենյակային հարմարություններից: «20 հազարից մինչեւ 50 հազար դրամ են սենյակները»,- ասաց Դիլիջանի «Տավուշ» հյուրանոցային համալիրի աշխատակցուհի Համեստ Մինասյանը՝  հավելելով, որ, անկախ սենյակի գումարից, սնունդը մեկ անգամ է՝ միայն նախաճաշ, ինչպես նաեւ հանգստացողները կարող են օգտվել թենիսից, ինտերնետային «WiFi» ծառայությունից: Մինասյանը տեղեկացրեց, որ եթե նախընտրում են սնվել օրը երեք անգամ, ապա, բացի նախաճաշից, որն անվճար է, պետք է մեկ անձն օրական հավելյալ վճարի 4 հազար դրամ: Նույն քաղաքում գտնվող «Մագնիտ» հանգստյան տան գները մատչելի են, սովորական սենյակում մեկ օր հանգստանալու համար հարկավոր է վճարել 6 հազար դրամ, լյուքս սենյակի համար՝ 20 հազար: «Գումարի մեջ չի մտնում սնունդը, եթե ցանկանում են, որ հանգստյան տան խոհարարները պատրաստեն իրենց սնունդը, համապատասխանաբար, պետք է մեկ անձի համար վճարեն. նախաճաշ՝ 2 հազար դրամ, ճաշ՝ 3 հազար, ընթրիք՝ 3 հազար դրամ: Իսկ եթե հանգստացողները նախընտրում են իրենց սնունդը պատրաստել, այդ հնարավորությունը եւս ունեն»,- ասաց «Մագնիտ» հանգստյան տան աշխատակիցը՝ հավելելով, որ հանգստյան տունն անվճար հանգստացողներին առաջարկում է զբոսայգի, խաղահրապարակ եւ ինտերնետ, որը հասանելի է բոլոր սենյակներում: «Մագնիտ» հանգստյան տունն այժմ գերծանրաբեռնված  է եւ նոր հանգստացողների կարող է ընդունել միայն օգոստոսի 17-ից հետո: Ջերմուկ առողջարանային քաղաքում գտնվող «Օլիմպիա» հյուրանոցում երկտեղանոց սենյակներն արժեն 50 հազար դրամ, մեկտեղանոցները՝ 40 հազար: Գումարը ներառում է 3-անգամյա սնունդ, ինչպես նաեւ` բուժում: «Օլիմպիա» հյուրանոցային համալիրից տեղեկացրին, որ այս պահին դեռ ազատ համարներ կան: «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի հիմնական շենքը հանգստացողներին առաջարկում է 12 ստանդարտ, 50 դելյուքս եւ 3 լյուքս սենյակ: Հյուրանոցն առաջարկում է նաեւ 7 վիլլա, որոնցից յուրաքանչյուրում կա 4 հյուրասենյակ եւ 1 կիսալյուքս սենյակ: «Մարիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրից մեզ տեղեկացրին, որ ստանդարտ համարներում 1 օր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 60 հազար դրամ, դելյուքս համարների համար՝ 73 հազար, իսկ վիլլա քինգ համարների արժեքը 48 հազար դրամ է: «Վիլլա քինգ քոթեջներում հանգստանալու համար առաջարկում ենք  երեքօրյա տուր, որի վճարը կազմում է 150 հազար դրամ»,-ասաց «Ծաղկաձոր Մարիոթ» հանգստյան տան աշխատակիցը՝  տեղեկացնելով, որ երկու անձի համար նախաճաշն անվճար է, իսկ օրը երեք անգամ սնվելու գումարը կախված է այն բանից, թե ինչ են հանգստացողները նախընտրում ուտել: Անկախ սենյակի համար նախատեսված գումարից` հանգստացողներն անվճար կարող են օգտվել հանգստյան տան առաջարկած բոլոր ժամանցային հնարավորություններից: «Ազատ քոթեջներ ունենք, ինչպես նաեւ սենյակներ, այս տարի այնքան էլ շատ չեն հանգստացողները»,-ասաց աշխատակիցը: «Ռոսիա» հյուրանոցում հուլիս-օգոստոս ամիսներին մեկ անձի համար նախատեսված սենյակն արժե 30 հազար, երկու անձի համար՝  50 հազար դրամ: Գումարի մեջ ներառված է նաեւ երեքանգամյա սնունդը, ազատ սենյակներ չկան: Նկատենք, որ գները լավագույն առողջարաններին ու հանգստավայրերին համազոր են, եւ այդքան գումար ունենալու դեպքում հայերը, բնականաբար, նախընտրում են հանգստանալ դրսում:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ