Շատ բաց նամակ Սարգսյաններին

Շատ բաց նամակ Սարգսյաններին

Մեծարգո Սարգսյաններ, որ ղեկավարում եք էս երկիրը:



Կարող էի սկսել մեղադրանքներով ու հարձակումներով, ինչպես բոլորը, բայց էդպես չեմ վարվի: Ու ոչ թե քծնում եմ, որովհետեւ էս է, ներքեւում բան պիտի խնդրեմ: Չէ: Ուղղակի ամենամեծ պատմագիրները համոզված են, որ պատմական անկումներին ու բարձունքներին նպաստում են ոչ միայն դրանք փաստացի իրականացնող անհատները, այլեւ որոշ, գիտությանն անհայտ օրենքներ, որոնք միավորում են հանգամանքները, մարդկանց ու դարը՝ կերտելու պատմությունը: Հայերեն ասած՝ Դուք, այո, մեղավոր եք, որ հիմա ես ու ընտանիքս ակամա թիապարտության ենք Ռուսաստանում, բայց թե ինչ չափեր ունի Ձեր մեղքը՝ դժվարանում եմ որոշել: Այլ առաջարկ ունեմ: Եկեք այդ մեղքի բաժինը, առանց չափը հստակեցնելու, պակասեցնենք:



Հիմա նորից անցնենք պարզ հայերենի:



Ես ստիպված եմ հացս Ռյազանում վաստակել: Բայց ուզեցի, որ որդիս իր հացը Երեւանում վաստակելու հնարավորություն ունենա: Ու մեր միասնական, ընտանեկան քրտինքը ներդրեցինք  Բուզանդ փողոցում կառուցվող շենքի մի բնակարանի մեջ: Համարյա երեսուն հազար դոլար կոպեկ-կոպեկ հավաքել ենք՝ ռուսների ֆշշոցի ու դժգոհության ներքո, հինգ տարի հինգ ամիս շարունակ ու մի կերպ ուղարկել Հայաստան:  Հիմա լսում ենք, որ իմ ու ամուսնուս երազանքը՝ տղայիս վերադարձը Երեւան, վտանգի տակ է: Շշուկներ կան, որ շենքը կառուցող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պատրաստվում է սնանկ ճանաչել իրեն:



Հարգելի մեծարգո Սարգսյաններ, օգնեք, որ «Գանք տուն»: Թե չէ ինքնուրույն փորձեցինք՝ ուզում են խանգարել: Էդ երեսուն հազար դոլարը ռուսի քթի տակից թռցրինք, «սեւի» պիտակ վաստակեցինք էդ երեսուն հազարի հետ, կրթություն, շենք ու շնորհք մի կողմ դրինք ու առեւտրով քամած երեսուն հազարը... նվիրաբերեցինք «Գլենդել Հիլզի՞ն»:



Ուզում եմ ասել, որ ես Ռուսաստանում եմ ապրում, բայց իմ մասին՝ իբրեւ հայի մասին հոգալը Ձեր ուսերին է: Մի ազգային հատկանիշ ունենք. որ երկրում էլ ապրենք՝ հայ ենք մնում: Ինչ արած: Դուք պատասխանատու եք ոչ թե միայն էն մեկ-երկու միլիոն հայի համար, ովքեր կիլոմետրաժով մոտ են Ձեր աշխարհագրական գտնվելավայրին, այլ՝ ամողջ աշխարհում ապրող հայերի համար:



Պակասեցրեք Ձեր մեղքի բաժինը էս երկրի վիճակի մեջ:



Դուք կվերագտնեք Ձեր հոգիների հանգստության մի մասը, մենք՝ երեսուն հազար դոլար, մյուս վճարատերերը՝ մի քիչ ավել կամ պակաս, որը, թեեւ  պաշտոնական բարձունքից չնչին մի բան կարող է թվալ, համեստ աշխատավորի տեսանկյունով հեքիաթային հարստություն է: Թույլ մի տվեք, որ էդ «Գլենդել Հիլզը» խաղեր խաղա Ձեր հպատակների գլխին: Դո՛ւք կանգնեք նրա՛նց գլխին, ովքեր փորձում են մեր՝ Ձեր հպատակների գլխին խաղեր խաղալ: Ու կտեսնեք, որ էս ժողովուրդը, որը շատ է դժգոհում, գոհ լինել էլ կարողանում է:



 



ՌԴ քաղաքացուհի, բայց, միեւնույն է, հայուհի՝



Օվսաննա ՄԿՐՏՉՅԱՆ