«Բարի լոտո ջան, խնդրում եմ օգնես ինձ, որ սիրտս վիրահատեն»

«Բարի լոտո ջան, խնդրում եմ օգնես ինձ, որ սիրտս վիրահատեն»

Կոնկրետ Գորիսի համար Արցախյան պատերազմը դառը հետևանքներ ունեցավ: Հարցը զոհերն ու ավերածությունները չէին միայն, որովհետև մարդիկ գիտակցում էին, որ հողը արյունով են պաշտպանում: Ավելի դառը հետևանքներ կան, որ առ այսօր խոսվում, քննարկվում է պատերի ներսում ու երբեք չի բարձրաձայնվում:  Սակայն փակ վերքի պես  ժամանակ առ ժամանակ ցավը զգացնել է տալիս: Գորիսը փոքր քաղաք է, ու յուրաքանչյուրը գիտե, թե ով մահացավ, ինչու մահացավ, ով ծնվեց… Պատերազմից հետո մի տեսակ մաղում սկսվեց, հենց մեր այգու դրկից հարևան ամուսինները, ովքեր յուրաքանչյուր գնդակոծության ժամանակ տերևի պես դողում էին, իրար ետևից մահացան, հետո նրանց ջահել տղան: Սրտանոթային հիվանդությունները շատացան ու մահ՝ մահվան ետևից: Հետագայում, պատերազմ տեսած երեխաները, ովքեր զինվորական ծառայության պիտի գնային, պարզվեց, որ զգալի հատվածը պիտանի չէր ծառայության: Սա ես արձանագրում եմ նրա համար, որպեսզի մեր իշխանությունը սահմանամերձ, անընդհատ գնդակոծության տակ գտնվող շրջանների նկատմամբ հատուկ մոտեցում և ուշադրություն ցուցաբերի, որովհետև առ այսօր յուրաքանչյուր  մահ այսպես է բնութագրվում՝ պատերազմի հետևանք է: Վախը, անընդհատ ապաստարաններում թաքնվելը, նյութական ծանր պայմաններն իրենց  ազդեցությունն ունեցան քաղաքի ու սահմանամերձ գյուղերի բնակչության վրա: Պատերազմից հետոն նման էր այն տեսարանին, երբ ուժեղ կարկտահարումից հետո ծառն իրեն փորձում է թափ տալ, բայց ողջ բերքը ցոգոլի տեսքով թափվում է նրա ոտքերի առաջ:  Չգիտեմ ինչու, այդ շրջանից մոռանալ չեմ կարողանում իմ մի այլ հարևանուհու՝ Գրետայի մահը, ով ապրում էր մեր  տան դիմաց: Ջահել ու գեղեցիկ կին էր, ուներ չորս երեխա: Ինչպես այն ժամանակ բոլորս, հազիվ ծայրը ծայրին էր հասցնում: Չէր աշխատում, ամուսինն ավտոբուսի վարորդ էր, ու ինչպես իրենք էին ասում, օրուկեր էին անում: Մի անգամ հրետակոծության ժամանակ արկը ընկավ ուղիղ նրանց տան վրա: Ամբողջն ավերվեց, բայց ընտանիքը, որ առաջին հարկում էր, փրկվեց, ոչինչ չեղավ: Երբ գնդակոծությունից հետո գնացինք նրանց տուն, Մայրը՝ Գրետան, ծտի պես դողում էր ու լեզուն կապ էր ընկել, միայն կարողանում էր ձեռքով ցույց  տալ փշրված ապակեղենն ու աղջիկներին (երեք աղջիկ ուներ)  ու հասկացանք, որ աղջիկների համար օժիտ էր հավաքել: Չանցած մի քանի ամիս, Գրետայի սիրտը սկսեց անընդհատ վատանալ: Պարզվեց, որ վիրահատություն է անհրաժեշտ: Ո՞վ կտար նրանց այդ գումարը: Մնում էր տունը վաճառել, Բայց Գրետան կտրականապես դեմ էր՝ երեխաներիս փողոցում չեմ թողնի: Մնում էր սպասել իրադարձությունների ընթացքին: Երբեմն ամուսնուն էի հանդիպում փողոցում, հարցնում կնոջ որպիսությունը, ուսերը վեր էր քաշում: Մի օր էլ լսեցինք, որ Գրետան մահացել է: Նրա բարձի տակ գտան մի գրություն, որն ուղղված էր Բարի լոտոյին. «Բարի լոտո ջան, խնդրում եմ օգնես ինձ, որ սիրտս  վիրահատեմ»: Ուրիշ ոչինչ: Այդ գրությունը նա պետք է ուղարկել տար Երևան: Դեռևս այդ շրջանից ես Գրետային ու շատ –շատերին համարել եմ պատերազմի զոհ ու շատ եմ ցանկացել բարձրաձայնել, բարձրացնել այս հարցը: Պատերազմն ավելի դաժան է, քան պատկերացնում եք: Զոհերը միայն դաշտում ընկածները չեն, մի ողջ սերունդ պատերազմի հետևանքների զոհ է ու պատասխան է տալիս իր առողջությամբ: Ես խոսեցի իմ հայրենի քաղաքի մասին, ներեցեք ինձ, բայց նման վիճակում է ողջ պատերազմական գոտին: Նման վիճակում է նաև ախոյան երկրի պատերազմական գոտին: Նրանք նույնպես մտածում են այն, ինչ մենք ենք մտածում ու պատերազմի սարսափ տեսած ոչ մի մարդ, պատերազմ չի ուզի: Պատերազմ ու պատերազմի սարսափ չտեսած մարդն է մեծ- մեծ խոսում պատերազմ սկսելու մասին: Մենք մինչև այսօր կրում ենք դրա դառը հետքերը: Ոչ մի կերպ չեմ մոռանում գորիսեցի երիտասարդի հոր խոսքերը, երբ տղան ճանաչվել էր բանակի համար անպիտանի: Հոր աչքերը թաց էին. «Թող տղաս լավ լիներ ու գնար բանակ՝ ծառայելու: Էս ի՜նչ բան է, ամեն ստուգվող երրորդ գորիսեցի երիտասարդ պրոբլեմ ունի»: Ո՞վ է ընծայել այդ պրոբլեմը: Պատերազմը: Թեև ուշացած, բայց շատ տեղին կլինի, որ ամրագրվի պետականորեն ու պատերազմի պասիվ մասնակից համարվի  պատերազմի գոտու խաղաղ բնակչությունը՝ 20-30 տարվա կտրվածքով: Ինչ որ արտոնություն տրվի նրանց, որպեսզի վախի, սարսափի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունները գոնե պետական աջակցություն ստանան: Այլապես նոր պատերազմի վերսկսման դեպքում սահմանամերձ տարածքի խաղաղ բնակչությունը կտեղափոխվի ավելի ապահով վայր, թուլացնելով կռվողի մարտական ոգին: Այս մոտեցմամբ ոչ թե մեռնող մարդը նամակ կգրի Բարի լոտոյին, այլ կդիմի պետությանը:



 



ՀԳ.- Պատերազմի մասնակիցների խնդիրների անտեսման պարագայում, հարցի բարձրացումը նույնն է, ինչ Բարի լոտոյին դիմելը: Բայց ես այնուամենայնիվ մեռնող Գրետայի հույսով  թողնում եմ այս գրությունը, որը գուցե հետագայում ժողովրդի մասին մտածող մի  իշխանություն իրագործի:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ