Կուշտը սովածին մանր է բրդում կամ բաց նամակ պրն Հ. Հախինյանին

Կուշտը սովածին մանր է բրդում կամ բաց նամակ պրն Հ. Հախինյանին

Այս նամակի հեղինակը` «Նաիրիտ» ՓԲԸ-ի հին աշխատող Թամարա Միրազիզյանը, երկու օր առաջ մեկնեց Ռուսաստան: Կինը, որի ընտանիքը սերնդեսերունդ աշխատել է այս նույն գործարանում, աշխատանքից ազատման դիմում գրեց եւ հեռացավ վիրավորված, կոտրված սրտով: Գնալուց առաջ նա եկավ «Հրապարակի» խմբագրություն եւ խնդրեց տպագրել իր նամակը, որում իր եւ իր գործընկերների փոխարեն ծանր մեղադրանքներ է նետում գործարանի ղեկավարության հասցեին, այն, ինչ աշխատողներից ոչ ոք մինչեւ հիմա չէր համարձակվել անել:



 



Քանի որ Դուք ժամանակ չունեցաք կամ չուզեցիք ինձ ընդունել եւ լսել, ստիպված եմ գրել, գուցե ժամանակ գտնեք կարդալու: Ես գիտեմ, որ Դուք անցել եք աշխատանքային երկար եւ դժվարին ուղի, Ձեր աշխատանքով ու խելքով, մեծ ջանքերով հասել եք մինչեւ գլխավոր ինժեների պաշտոնը: Ձեր մասին միշտ էլ եղել եմ բարձր կարծիքի: Սակայն ամեն ինչ փոխվեց Վ. Մելքոնյանի գործարան գալուց հետո: Մեր շքանշանակիր, աշխատասեր, հերոս կոլեկտիվը քայքայվեց, քանդվեց: Շատերը, վախենալով աշխատանքը կորցնելուց, լռում են, բայց բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչու եւ ինչպես Վ. Մելքոնյանը Ձեզ ներքաշեց գործարանը վերջնականապես կործանելու իր սեւ գործի մեջ, որի արդյունքում Դուք մեծ չափով կորցրիք Ձեր հարգանքը կոլեկտիվում: Դուք դավաճանեցիք Ձեր ընկերներին, որոնց հետ երկար տարիների աշխատանքի ընթացքում կերել եք նույն ճաշարանի բորշչը, ապրել եք հանրակացարանում, մասնակցել եք քեֆերի եւ վերացրել արտադրական վթարներ: Մինչդեռ կարող էինք համախմբվել եւ արդյունավետ պայքարել նման գիգանտ գործարանը պահելու համար: Հավատացեք, ամբողջ «Նաիրիտը» մեկ մարդու նման կկանգներ Ձեր թիկունքին: Մինչդեռ Դուք գործիք դարձաք Վ. Մելքոնյանի ձեռքում: Շատերի նման` Ձեզ «գնեց» շատ բարձր աշխատավարձով, թանկարժեք ծննդյան նվերներով, ջիպ-ով: Ես նրան չեմ մեղադրում, նա կատարում էր իր վրա դրված յոթ գլխանի հրեշի գործը մի ողջ ոհմակի հետ: Ես մեղադրում եմ Ձեզ` որպես ողջ գիտակցական կյանքը մեր գործարանում ապրած ինժեների: Իմ աշխատանքի բնույթից ելնելով` ես շփվել եմ կոլեկտիվի համարյա բոլոր աշխատողների հետ, եւ այս մտքերն ու կարծիքը միայն իմը չեն: Նույնիսկ նրանցից շատերը, որոնք ստանում են բարձր աշխատավարձ, բարեհաջող աշխատանքի են տեղավորել իրենց հարազատներին եւ առերես ժպտում են, իրականում չեն հարգում Ձեզ  եւ անվանում են «շախմատի քար»: Գործարանի կանգնելուց հետո Դուք, որպես տնօրեն, քաջություն չունեցաք, չկարողացաք կրճատել Մելքոնյանի հորինած բազմաթիվ ավելորդ, շինծու, շատ բարձր վճարվող հաստիքները, այլեւս Ձեր հայեցողությամբ աշխատանքի ընդունեցիք նոր մարդկանց, բարձրացրիք ոմանց աշխատավարձերը: Մի՞թե չգիտեք, թե քանի մարդ էր, չգտնվելով պարապուրդի մեջ, չգալով աշխատանքի, կանոնավոր կերպով աշխատավարձ ստանում: Համոզվելու համար դժվար չէր ստուգել վերջին 2-3 տարվա տվյալները: Գործարանում ձեւավորվել է արտոնյալ դաս, որոնց ամեն ինչ կարելի է. միաժամանակ աշխատել նաեւ ուրիշ տեղում կամ դրսում ունենալ բիզնես` ձեւակերպելով պարապուրդ եւ հսկայական գումարներ տանել գործարանից` ամսեամիս խորացնելով պարտքերի ճահիճը: Մինչդեռ ամեն օր բարեխղճորեն աշխատանքի եկող բանվորներին մինչեւ 80-90 հազար դրամ աշխատավարձը տալիս եք` քթից բերում եք: Նման փաստերի մասին Դուք չեք կարող տեղյակ չլինել, բայց երեւի չեք էլ կարող դեմն առնել: Չար լեզուներն ասում են, որ ամեն ծննդյան օրվա առթիվ Մ. Թորոսյանին նվիրում եք 1 մլն. դրամ: Նույն Մ. Թորոսյանի անչափահաս որդուն ընդունեցիք աշխատանքի, որը մի քանի օր աշխատելուց հետո գնաց հանգստանալու: Համոզված եմ, որ ծովափում նրա հանգստյան օրերը կգրվեն եւ կվճարվեն: Բա չե՞ք վախենում օրենքն այդքան խախտելուց: Հիշեք մեր համեստ վաստակաշատ կանանց, կին գիտնականներին  եւ ինժեներներին: Նրանցից ո՞վ էր իրեն այդպես դրսեւորում: Ո՞վ է Մ. Թորոսյանը, ի՞նչ ներդրում ունի գործարանում, նրա ո՞ր վաստակի համար եք խոնարհվում եւ ենթարկվում: Գուցե նա Վ. Մելքոնյանի աչքերն ու ականջներն է մեր կոլեկտիվում: Ինչպե՞ս հասկանալ, որ գումարներ կան արտերկրներ բազմաթիվ գործուղումների, ծննդյան օրերի նվերների, հյուրերին պատշաճ մակարդակով ընդունել-ճանապարհելու կամ Ձեր եղբոր աղջկա աշխատավարձը համարյա կրկնակի բարձրացնելու համար, իսկ իմ օրինական պահանջը բավարարելու համար պատճառաբանում էիք գործարանի ֆինանսական ծանր դրությունը: Իրականում Դուք խտրականություն էիք դնում կնոջ եւ տղամարդու աշխատանքի միջեւ: Ես դրանում համոզվեցի վերջնականապես: Ես աշխատել եմ եւ Ս. Թումանյանի,  եւ Բ. Մուրադյանի տնօրինության տարիներին, տեսել եմ,  թե նրանք ինչպես են գնահատում լավ կադրերին, իսկապես սրտացավ էին եւ գործարանի, եւ աշխատողների նկատմամբ: Դուք երեւի մոռացել եք, թե ինչ կարգավիճակում էիք Ա. Սուքիասյանի օրոք: Այո, փողն ու պաշտոնը Ձեր միջից դուրս են մղել մարդկային բարոյականության շատ հատկանիշներ: Ամոթ է: Գուցե եւ չգրեի այս նամակը եւ լռեի շատերի նման, բայց իմ ընտանեկան դինաստիայի շուրջ 150 տարվա ստաժը մեր գործարանում ինձ թույլ է տալիս սրտի մեծ ցավով ասել այս ամենը: Նաեւ այս ամենը գրելու պատճառ եղավ ֆինբաժնից պրն Ալավերդյանի պատասխանը: Երբ ես հարցրի, թե երբ կտանամ իմ վերջնահաշվարկի գումարը, նա պատասխանեց. «Գործարանի ունեցած պարտքը կբաժանենք 6 մասի եւ 6 փուլով էլ այն կմարենք»: Իմ հարցը, թե քանի մասի կբաժանեք միլիոններ ստացողների պարտքը, մնաց անպատասխան: Սրանից եզրակացություն. նման պաշտոնյաներին հաստատ գործարանն աշխատավարձի պարտք չունի: Ինչպես կընդունեք իմ ուղղախոսությունը եւ բարոյական խիզախությունը՝ Ձեր գործն է, իմ խղճի առջեւ ես մաքուր եմ:



 



Բարի ցանկություններով՝ Թամարա ՄԻՐԶԻԶՅԱՆ